30 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԱԵՍՏՐՈՆ ԿՐԿԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ Է

30 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԱԵՍՏՐՈՆ ԿՐԿԻՆ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ Է

951

Երևանի պետական համալսարանի 100 ամյակի առիթով կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը 30 տարի անց հյուրընկալվել էր համալսարան՝ զրուցելու ուսանողների հետ:

Մաեստրոն զրույցը սկսեց իր մանկության մասին հուշերից: Հիշեց իր առաջին աշխատանքը, որի շնորհիվ գումար է աշխատել.

«Հայրս հաճախ էր հիվանդանում, և մենք պետք է աշխատեինք, որպեսզի կարողանայինք ապրելու համար միջոցներ ձեռք բերել: 13-14 տարեկան էի, երբ սկսեցի աշխատել որպես լուսանկարիչ և դրա շնորհիվ կարողանում էի օգնել ընտանիքիս»:

Մանսուրյանը խոստովանեց, որ միշտ խուսափել է և հիմա էլ խուսափում է խոսել իր կյանքում ունեցած դժվարությունների մասին, միայն նշեց, որ շնորհակալ է Աստծուն, քանի որ հենց այդ դժվարություններն են հարթել իր ստեղծագործական ուղին:

Կոմպոզիտորը հեղինակ է բազմաթիվ ֆիլմերի երաժշտությունների, սակայն, ինչքան էլ զարմանալի է, Տիգրան Մանսուրյանը միայն վերջին 8 տարին է, ինչ սկսել է դիտել ֆիլմեր, ամենասիրելի ֆիլմը «Հռոմեական արձակուրդներն» է:

Մաեստրոյի համար ամենակարևորը ծրագրային կյանքով և գեղեցիկ կյանքով ապրելն է, միայն հաճույքներով ապրելը շատ տխուր բան է.

«Քանի դեռ ոտքի վրա եմ, խոսում եմ և ինձ լսում են, ես շարունակելու եմ իմ ծրագրային կյանքը»:

Հանդիպման վերջում Ուսանողական խորհրդի անդամները Տիգրան Մանսուրյանին հանձնեցին նվերներ:

Գառնի Մութաֆյան

2-րդ կուրս

Կիսվել