ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐ՝ ՍՈՂԱՆՔ

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ԽՆԴԻՐ՝ ՍՈՂԱՆՔ

1144

Վայող ձորի Ելփին գյուղի սողանքային գոտում ապրող բնակիչները չգիտեն, թե ում դիմեն, որ վերջապես ունենան նոր և ապահով բնակարաններ: Գյուղի մի քանի ընտանիքներ շարունակում են ապրել ահը սրտներում` ամեն վայրկյան սպասելով փլուզումների։

ՀՀ-ում կան տարբեր չափերի ավելի քան 3000 սողանքային օջախներ, որոնք ընդգրկում են շուրջ 65 000 հա տարածք:

Գյուղի բնակիչներից Արմենը ասում է, որ երեսուն տարի է ինչ բնակվում է վթարային տանը, դեռ Խորհրդային տարիներից․ «Ամեն տարի անցքերը, ճեղքերը վերանորոգում եմ, որ գոնե մեր աչքը չտեսնի։ Երեք երեխա եմ մեծացրել, արդեն հասուն երեխաներ են, բայց չեն ամուսնանում, որովհետև տան պայմանները սարսափելի են»։

Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետևանք է։ Բանն այն է, որ հաճախ առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների ճեղքում ենք սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն։ Եվ այդ շենքերի թվին է պատկանում նաև Արմենի տունը։

Իսկ հարցին, թե արդյո՞ք տեղական ինքնակառավարման մարմինները հետաքրքրվել են այս խնդրով, Արմենը ասաց, որ Խորհրդային տարիներին հետաքրքրվել են և տրամադրել են հողատարածք (800մ)։ «Հողատարածքը տրամադրել են, որպեսզի նոր շենք կառուցեմ։ Իհարկե, կառուցել եմ, բայց կիսատ է մնացել։ Տանիքը չեմ կարողանում դնել, քանի որ գումար չունեմ, ի վիճակի չեմ»։

Բնակիչը ցույց է տալիս խոնավ պատերը, որոնց ճեղքերն օրեցօր ավելի են լայնանում:

Արմենը նշեց նաև, որ ժամանակին դիմել են պատկան մարմիններին, սակայն ոչ ոք չի արձագանքել։ «Անգամ թաղամասում տուն կա, որ փլվել է, բայց շարունակում են ապրել այդ տանը։ Գյուղապետարան դիմել եմ մի քանի տարի առաջ, և իրենց միջոցով «Ֆուլեր» տնաշինական կենտրոնը միջամտել է և ասել, որ տանիքը սարքելուց հետո ամեն ինչ կանենք։ Սակայն «Ֆուլեր» տնաշինական կենտրոնը ժամանակ է տվել մինչև հունվարի 15-ը, բայց ես ֆինանս չունեմ, որ մինչև տրված ժամանակը վերջացնեմ։ Տանիքը ծածկելու համար մոտավորապես մեկ միլիոն դրամ է պետք, իսկ ես 58 տարեկան եմ, աշխատանք չունեմ»։

Հարցին, թե պետությունը գումար տրամադրելու դեպքում կկարողանա՞ք մինչև հունվարի 15-ը տան ծածկը ավարտել, Արմենը վստահեցրեց, որ կհասցնի վերջացնել․ «Մինչև հունվարի 15-ը կարող եմ տանիքը ծածկել ու մտնել այդ կազմակերպության մեջ։ Իրենք շինանյութը կտան, և մենք կսկսենք անել տան ներքին հարդարումը։ Ունեմ երկու տղա, ովքեր ինձ կօգնեն գործը հասցնել ավարտին, միայն գումարն է խնդիրը»։

Հիշեցնենք՝ գյուղում կան շատ ընտանիքներ, ովքեր կանգնած են նույն խնդրի առջև, և բոլորը պետությունից ակնկալիքներ ունեն։

Մերի Միքայելյան

2-րդ կուրս

Կիսվել