ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ։ ԿՈՐԵԱ (ՄԱՍ 2)

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ։ ԿՈՐԵԱ (ՄԱՍ 2)

2005

Երբ նրանք փորձում են սահմանել սերը, ստացվում է երկար-բարակ պատմություն, թե ինչպես է հնարավոր «խորտակվել» անծանոթ մշակույթի ծովում, վերցնել նրանից այն, ինչ գեղեցիկ է, արժեքավոր ու հոգեհարազատ։

Լայն իմաստով Արևմուտքի` գիտության ու նորագույն տեխնոլոգիաների զարգացման կենտրոնում գտնվող երկրներն իրենց ազդեցությունը արդեն վաղուց են տարածում ոչ միայն և ոչ այնքան տեխնիկայի, որքան մշակույթի միջոցով։

Վերջին մի քանի տարիներին մեծ թափով Հայաստան «ներխուժեցին» չինական, կորեական ու ճապոնական մշակույթները, և նրանց հետ` լեզուն։ Կորեական մշակույթի ու կորեերենի տարածումը Հայաստանում ընթացավ գրեթե նույն սցենարով, ինչ մյուս մշակույթների դեպքում. վճռորոշ դերը խաղաց մշակույթի` տվյալ շրջանում մեծ տարածում գտած ոլորտը։ Եվ եթե Ճապոնիայի դեպքում դրանք անիմեներն էին, ապա այստեղ «մեղավոր» են K-pop-ն ու կորեական դորամաները։ Ներկայումս Հայաստանում կորեերեն դասավանդող Հասմիկ Ճագարյանը, սակայն, նշում է, որ նրանք, ովքեր լեզուն սովորել սկսում են  ծանոթ լինելով միայն երաժշտությանն ու ֆիլմերին` չեն հաղթահարում դժվարությունները և հանձնվում են։

Երկիրն առանձնահատուկ է նաև իր սովորություններով։ Չնայած զարգացման մակարդակին, այստեղ երբեք չի նվազում հարգանքը մեծերի նկատմամբ։ Կորեացիների մոտ դրական կարծիք ձևավորելու համար բավական է թերևս տրանսպորտում զիջել տեղը մեծերին, կամ օգնել նրանց՝ անցնել փողոցը։  Այստեղ մեծերի, նույնիսկ չափազանց մտերիմ մեծահասակների հետ թույլատրվում է խոսել միայն ֆորմալ։ Տարեցների ասածները Կորեայում ընդունվում են որպես բացարձակ ճշմարտություն, անգամ եթե պարզ է, որ նա սխալ է։ Կորեական` մեծերի հանդեպ հարգանքի  դրսեւորումն առկա է նաև լեզվում։ Այստեղ զրուցակցին դիմելու յոթ ձև կա, որոնցից յուրաքանչյուրը մի մակարդակ է արտահայտում։ Հասմիկը պատմում է, որ Կորեայում սովորելու տարիներին իր մեջ ևս ամրացել է այս բնավորությունը։ Այժմ նա դա փոխանցում է իր ուսանողներին։

Իրերը տարիքով մեծերին երկու ձեռքով փոխանցելու սովորություն է ձեռք բերել նաև ապագա լրագրող Գոհարը։ Նա էլ կորեական մշակույթով ու կորեերենով տարվել է երաժշտությամբ ու դորամաների շնորհիվ։ Գոհարի համար կորեական երաժշտությունը սակայն, ոչ միայն սիրելի է, այլ նաև խիստ անհրաժեշտ։ Ըստ նրա` կյանքի շատ բարդ իրավիճակներից դուրս գալ օգնում է հենց նույն ֆանատիզմը, որը  հասարակության կողմից այդքան քննադատությունների է ենթարկվում։ «Մարդիկ ասում են, որ մենք ագրեսիվ ենք, բայց դա այդպես է միայն, երբ իրենք վիրավորում են մեր այդլըներին (այսպես K-POP-ի երկրպագուներն անվանում են երաժիշտներին-խմբ.)»,-ասում է Գոհարը և հավելում՝ կորեական երաժշտության հանդեպ սերն օգնել է նպատակներ դնել իր առաջ ու հասնել դրանց։ Այժմ էլ նա ու իր վեց ընկերները կատարում են իրենց սիրելի խմբի երգերը, սովորում  պարերն ու պատրաստվում միջազգային փառատոնի, որը լավագույններին հնարավորություն կտա տեսնել այդքան սիրելի երկիրն ու աստղերին։

Լեզվամտածողությամբ, կառուցվածքով ու տրամաբանությամբ այլ լեզուների հետ ոչ մի ընդհանրություն չունեցող լեզուն սովորելու համար անհրաժեշտ է ամբողջովին գիտակցել` ինչ է սպասվում առջևում։  Հասմիկի կարծիքով սակայն, ակտիվ պարապմունքների դեպքում մեկ տարին բավական կլինի լեզվին տիրապետելու համար։ Գոհարն էլ պատմում է, թե ինչպես է ինքնուրույն սկսել սովորել լեզուն, հետո սերն այնքան է մեծացել, որ միաժամանակ կորեերեն է սովորում և՛ ԵՊՀ-ում, և՛ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Պետհամալսարանում նրա հետ սովորում են էլի 100-ից ավելի ուսանողներ։ Քիչ չէ նաև մասնավոր պարապմունքների հաճախող երիտասարդների թիվը։

Անի Ն․ Ավետիսյան

Անի Ղազարյան 

2-րդ կուրս

Կիսվել