ԿԱՐՄԻՐ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ

ԿԱՐՄԻՐ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՂԱՔԸ

1921

Մի փոքրիկ  քաղաք, որ վսեմաշուք կերպով նստել է Սյունյաց լեռների մեջ ու վայելում է իր անզուգական բնությունը: Դա Գորիսն է, որ հաստատուն  կեցվածքով  բացում է իր դռներն ու հրավիրում բոլորին իր գիրկը:

Գորիս քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, մայրաքաղաք Երևանից մոտ 240կմ հեռավորության վրա: Նախկինում քաղաքն անվանվել է Գերյուսի, Գորես, Հին Կյորես,Կյուրիս, Ձագեձոր, Զանգիզուր,Կյորես,Կյուրյուս և այլն:

Գորիս-Կյորես նշանակում է ժայռոտ տեղ:

Գորիսը առանձնանում է իր յուրահատկություններով և առանձնահատկություններով: Քաղաքի փողոցների «տարօրինակ» դասավորվածությունը գերում է բոլորին, իրար հատվող բազմաթիվ խաչմերուկները  քաղաքին շախմատի տեսք են տալիս:

Գորիսի կենտրոնով հոսում է Վարարակն գետը, իսկ արևելյան մասում գտնվում է խորհրդանիշ համարվող Լաստի Խութ  բլուրը :

Քաղաքի արևելյան մասում է գտնվում Հին Գորիսը կամ Գորիս գյուղը՝  իր քարանձավային բնակավայրերի մի ամբողջ  շարքով: Դեռ դարեր առաջ այս քարանձավներում մարդիկ բնակություն են հաստատել ու այսօր էլ մարդիկ կան, որոնց ձգում են այդ ժայռերը: Նրանցից է Վարդանյանների ընտանիքը, ովքեր, համատեղելով հինն ու ժամանակակիցը,  բնակվում են քարանձավում:

Գորիսն աշխարհին հայտնի է իր հրաշալիքներով: Գորիսում է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որի երկարությունը 5752մ է, ինչն էլ հնարավորություն  է ընձեռնում Որոտանի կիրճի վրայով  12 րոպե գտնվել  320մ բարձրության վրա և վայելել  գորիսյան  բնությունը:

Գորիսի հետաքրքիր վայրերից է նաև Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որն իրար է միացնում Հին և Նոր  Խնձորեսկները։ Այնտեղից երևում են  Խնձորեսկի 4 եկեղեցիները: Կամուրջի երկարությունը 160մ է, որի վրայով միաժամանակ կարող է անցնել 700 մարդ:

Գորիսի «Քարե անտառը» կամ Պղնձաքերծը նույնպես տեսարժան վայրերից է, որը չափազանց մեծ հետաքրքրություն է առաջացնում արկածասեր և մեծ  երևակայություն  ունեցող մարդկանց մոտ :

Գորիսն իր բնությունից բացի ճանաչվել է նաև իր նշանավոր զավակներով: Գորիսում են ծնվել  արձակագիր Ակսել Բակունցը, գրող Սերո Խանզադյանը, մեծն երգահան Գուսան Աշոտը, աշխարհահռչակ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը, Հայ Առաքելական եկեղեցու մեծահռչակ վարդապետ Գրիգոր Տաթևացին և այլք:

Գորիսը բարեկամության քաղաք է: Տարբերվող բնավորություն ունի գորիսեցին: Նրա մեջ զուգորդվում են կոպտությունն ու բարությունը, ձեռք ձեռքի են տալիս համառությունն ու աշխատասիրությունը: Գորիսեցու արյան մեջ սերնդեսերունդ  փոխանցվում է նրա հյուրասեր բնավորությունը, մշտապես բաց են Սյունյաց դարպասները, Գորիսի ու գորիսեցու հյուրընկալ սրտերը:

-Այստեղ ամեն ինչ այլ է․ ավանդույթները քիչ թե շատ պահպանվում են ,-ասում է Արամ պապը: Նա շուտով կգլորի կյանքի 70-րդ տարին։ «Կյուրուսան  լավ տեղ չկա, օդը, ճուրը օրիշա»,-ասում է նա։

Գոհար Հովսեփյան
2-րդ կուրս

Կիսվել