Սերժանտ Եղիազարյանը թունավոր օձերին տարբերում է նույնիսկ հեռվից: Նա օձ որսացող չէ, պարզապես բոլոր փրկարարների նման վերապատրաստվել է և այս անգամ փրկել Հրազդան ՋԷԿ- ի աշխատակիցներին:
Շատակեր օձերը, սովորաբար, փոքրիկ մկներով չեն բավարարվում ու այս շոգ, չոր, թեժ ամռանն ավելի մեծ ախորժակ են պահում: Այս հունիսին, ԱԻՆ- ը օձեր նկատելու 185 ահազանգ է ստացել,ինչը վաթսունով գերազանցում է անցած տարվա տվյալներին։
– Որքան էլ որ զարմանալի է, զգալի մասը գրանցվել է Երևանում,-նշեց ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ Արսեն Մկրտչյանը:
Երևանում օձեր հանդիպում են հիմնականում Աջափնյակում, Նորագավիթում, Շենգավիթում, իսկ ամենաապահովը խոնավ Տավուշն ու Լոռին են: Արարատում ավելի հաճախ են հանդիպում:
Բակերում, տների պատերին, այգիներում ու դաշտերում հայկական գյուրզան ու շախմատաձև թունավոր օձերն իրենց հարմարավետ գոտիներն ունեն, որտեղ ավելի համարձակ են մարդուն մոտենում:
Տարվա սկզբից 270 ահազանգ է ստացվել, սակայն փրկարարները հայտնաբերել են 134 ին: Մնացած դեպքերում օձերն ավելի աչքաբաց են եղել, վնասազերծողներին չեն սպասել: Օձի խայթոցի 18 դեպք է գրանցվել:
-Բոլորն էլ ողջ, առողջ են,- ասաց Արսեն Մկրտչյանը:
-Օձը, երբեք, նախահարձակ չի լինում,- ասում է բժիշկ թունաբան Միքայել Գաբրիելյանը: Օձ տեսնելու դեպքում, բժիշկը խորհուրդ է տալիս ուղղակի շրջանցել, հակառակ դեպքում՝ դիմել հիվանդանոց: Հիվանդանոցները պատվաստանյութ ունեն, փրկարաները վերապատրաստված են: Սերժանտ Ասատուր Եղիազարյանն ու իր գործընկերները օձ բռնելու համարձակություն ունեն, հեշտությամբ վնասազերծում են, ,մնում է ՝ մարդիկ զգույշ լինեն ու հասցնեն ահազանգել:
Արմենուհի Պետրոսյան
5-րդ կուրս