ԵՊՀ տարբեր ֆակուլտետների լավագույն 5 ուսանողները Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից արժանացել են «Հակոբ Կարապենց» հիմնադրամի սահմանած ամենամյա կրթաթոշակին:
Պարգևներն ուսանողներին հանձնեց Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանը: Լավագույն ուսանողները արժանացան նաև արձակագիր Հակոբ Կարապենցի «Մտորումներ» և Վարդգես Ահարոնյանի «Հովհաննես Թումանյան. մարդը և բանաստեղծը» գրքերին:
«Մենք ամեն տարի հանձնում ենք այս կրթաթոշակը լավագույն ուսանողներին: Մեզ համար երիցս խորհրդանշական է այս օրը, որովհետև այս տարի լրանում է Երևանի պետական համալսարանի 100-ամյակը»,- նշեց Ռուզաննա Առաքելյանը:
Հաշվի է առնվել ուսանողների բարձր առաջադիմությունը, հասարակական ակտիվությունը և ստեղծագործելու ունակությունը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետից կրթաթոշակին արժանացել է 3-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Մկրտչյանը:
Հակոբ Կարապենցն իր կտակում ցանկություն էր հայտնել, որ տաղանդավոր ուսանողներին խրախուսելու նպատակով կրթաթոշակ տրվի: Կարապենցի անվան կրթաթոշակ ուսանողներին տրվում է 2000 թվականից: