ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ «ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ» ՀԵՌՈԻՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՀԱՂԹՈՂ

ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ «ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄԵՆԱՄԱՐՏ» ՀԵՌՈԻՍՏԱՆԱԽԱԳԾԻ ՀԱՂԹՈՂ

1364

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Միլենա Մովսեսյանն ամիսներ առաջ մասնակցել է Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում իրականացվող «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծին և հաղթող ճանաչվել:

Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող հեռուստանախագծի նպատակն է օգնել երիտասարդ լրագրողներին յուրացնել անհրաժեշտ լրագրողական գործիքները, ցուցադրել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Հեռուստանախագծի մասնակիցներն իրենց տեսանյութերով անդրադարձել են տարբեր ոլորտներում առկա խնդիրներին, պատրաստել բազմազան թեմաներով հետաքննական ռեպորտաժներ և նյութեր:

Այս նախագիծը լավագույն արդյունք գրանցած մասնակցին հնարավորություն է ընձեռել աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում:

ysu.am-ը զրուցել է հեռուստանախագծի հաղթող Միլենա Մովսեսյանի հետ:

Վերջինս խոսեց «Լրագրողական մենամարտին» մասնակցելու իր ցանկության, մասնագիտական առաջընթացի, լրագրությունն ընտրելու կարևորության և հետագա ծրագրերի մասին:

Միլենան պատմեց, որ նախագծին մասնակցելու ցանկությունն առաջացել է այն ժամանակ, երբ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ էին հրավիրել Հանրային հեռուստաընկերության «Եկեք հասկանանք» հաղորդման հեղինակներ Աելիտա Չիլինգարյանին և Սոնա Աբրահամյանին:

«Հանդիպման ժամանակ նրանք տեղեկացրին, որ սկսնակ լրագրողների համար մեկնարկում է մի ծրագիր, հաղթելու դեպքում այն հնարավորություն է տալու աշխատելու Հանրային հեռուստաընկերությունում: Այդ լուրից ոգևորված՝ ես անմիջապես դիմեցի, բայց քանի որ նախագծի առաջին եթերաշրջանն արդեն մեկնարկել էր, դիմեցի երկրորդ եթերաշրջանի համար»,- պատմեց ԵՊՀ ուսանողուհին:

Մի քանի օրից Միլենան մասնակցել է առաջին նկարահանումներին. «Առաջին փուլի համար դիմած լրագրողներից ընտրվել էին 12 մասնակից: Մենք պիտի ստանայինք թեմա, նախապատրաստվեինք, խորհրդակցեինք մարզիչների՝ Սոնայի և Աելիտայի հետ, պայմանավորվեինք հերոսների հետ, օպերատորի հետ գնայինք նկարահանման, սցենար գրեինք և մոնտաժեինք: Պատրաստի ռեպորտաժը գնահատվում էր ժյուրիի կողմից»:

Հաղթահարելով բոլոր չորս փուլերը՝ Միլենան հասել է կիսաեզրափակիչ. «Ես վստահ էի՝ իմ ունեցած գիտելիքները բավարար են լինելու եզրափակիչ հասնելու համար. հենց այդպես էլ եղավ»:

Նշենք, որ ԵՊՀ ուսանողուհին սեպտեմբերից աշխատելու է Հանրային հեռուստաընկերությունում: «Այս հաղթանակը լավ սկիզբ է իմ կարիերայի համար»,- ասաց նա:

Անդրադառնալով մասնագիտության ընտրությանը՝ Միլենան ընդգծեց, որ այլ տարբերակ չէր կարող լինել. «Ես փոքր հասակից սիրել եմ խառնվել մեծերի խոսակցությանը, ինչ-որ բան պատմել, մարդկանց հարցեր տալ: Ժամանակի ընթացքում էլ սկսեցի գրել, և պարզեցի, որ ինձ հարմար մասնագիտությունը լրագրությունն է և վերջ»: 

«Լրագրությունն ինձ համար առօրյա, մանր թվացող, բայց շատերին հուզող խնդիրները բարձրաձայնելու միջոց է: Այս մասնագիտությունն ամեն մեկի ու ամեն ինչի մասին է, և հենց սա է ինձ գրավում: Լրագրությունն ապրելակերպ է, բնավորություն, ու ես ամեն օր ապրում եմ իմ ընտրած գործով»,- հավելեց լրագրողը: 

Նա ապագայում ծրագրում է հեղինակային հաղորդում և, ինչու ոչ, սեփական լրատվամիջոց ունենալ:

Նշենք, որ «Լրագրողական մենամարտ» հեռուստանախագծի հաղթող ճանաչվելու համար Միլենա Մովսեսյանը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի կողմից պարգևատրվելու է ԵՊՀ բրոնզե մեդալով:

Անգին Խաչատրյան

Կիսվել