ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ԼՈՒՍԱԲԱՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ

1313

Այստեղ՝ Նախիջևանի սահմանին,  պատերազմի ու բանակի մասին գրքերից ու ֆիլմերից այն կողմ չանցնող պատկերացումներ ունեցող հույն Մինոասի հայացքը սահում է դիտակետի վրայով ու սառում զինվորականի դեմքին, երբ նա ասում է, որ մեկ ժամ առաջ դիրքը կրակահերթերի տակ էր: Քիչ հետո էլ, երբ դիրքերից բավական հեռու էինք, պատմում է, որ չկարողացավ հասկանալ նրանց, ովքեր այնտեղ «կատակի էին տալիս» պատերազմը։ «Ես էլ բանակում չեմ ծառայել, Գերմանիայում դրա կարիքը չկա, բայց դա էական չէ»,-ասում է ու շարունակում՝ սարսափելի է։

Մինոասին ու 20 այլ երիտասարդների սահմանին, սակայն, անհրարժեշտ էր այլ բան՝ նկարել որքան հնարավոր է յուրահատուկ կադրեր, լսել  շատ պատմություններ և հանկարծ կրակահերթի տակ չընկնել։ Վերջինը նաև դիրքի պատասխանատուների հիմնական  խնդիրն է։

Հայաստանը որպես հակամարտության գոտի հաճախ է հայտնվում օտարերկրյա լրագրողների ուշադրության կենտրոնում։ Այս դեպքն էլ բացառություն չէ, իսկ այցելուները Գերմանիայից և Արևելյան գործընկերության երեք երկրներից են (Վրաստան, Ուկրաինա, Բելառուս): Այցի նպատակը լրագրության, պատերազմի ու  պատերազմական լրագրության մասին նյութեր, լուսանկարներ ու տեսանյութեր պատրաստելն է, հետո նաև՝ մշակույթների փոխանակումը։

Իսկ լրագրողներրի ուշադրության կենտրոնում ամեն ինչ է՝ 88-ի շարժումից մինչև Քառօրյա պատերազմ ու դրանից հետո՝ պատերազմն ապրած ու ապրող մարդկանց պատմությունները, նրանց կողքին՝ այն լուսաբանած լրագրողները։

«Մեդիա երկխոսություն հանուն ժողովրդավարության և խաղաղության» խորագրով ծրագիրը տարածաշրջանում է արդեն  երկրորդ անգամ․ իրականացվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ և նշված երկներում գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Ծրագրի հայաստանյան մասի համակարգող Մկրտիչ Տոնոյանը նշում է, որ իրենք նպատակ ունեն հնարավորինս շատ բան ներկայացնել մասնակիցներին, ծանոթացնել մեդիաոլորտին, բայց չմոռանալ նաև մշակույթի ու պատմության մասին։ Ըստ Տոնոյանի՝ ծրագրի այս տարվա թեմայի մասին իրական պատկերացում կազմելու համար մարտի դաշտում աշխատած լրագրողների հետ հարցազրույցներ անելուց բացի կարիք կա ծանոթանալու նաև ռազմական իրադրությանը։ Մասնակիցները դիրքերում են հենց դրա համար: 

Սահմանի այս հատվածն, ըստ զինվորականների, համեմատաբար ապահով է, թեպետ դիրքերի տեղակայման առումով հակառակորդն առավելություն ունի։ Բայց ապահովության գրավականներից է գաղտնիությունը, ուստի դիրքի պատասխանատուն նորից ստուգում է մեր արած լուսանկարները՝ գաղտնիք պարունակող տեղեկատվության հրապարակումը բացառելու համար։

 Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը, ով մասնակցել է նաև  Արցախյան ազատամարտին, պատմում է, որ երբ լրագրողներ էին հայտնվում դաշտում՝ իրենք փորձում էին տեղի ունեցողը հնարավորինս դրական  ներկայացնել, թեկուզ իրականում հակառակն էր։ «Ոչ մի պայմանավորվածություն չկար, նման հրաման էլ չկար, բայց բոլորս լուռ համաձայնությամբ էդպես էինք վարվում»։ Ստեփանյանն ասում է՝ լրագրողներն այդ օրերին հստակ անելիք ունեին՝ ճակատից տանել ինֆորմացիա, որը ոչ միայն կպատկերեր իրավիճակը, այլև թև կտար թիկունքին։

Զինվորական ամենագնացի ետևից քաղաքային «Սպրինտերը» դժվարությամբ դուրս եկավ ճանապարհի երթևեկելի գոտի՝ Երևան տանելով լիքը տեսախցիկներ ու պատմություններ։

Ծրագրի ղեկավար Վոլֆգանգ  Ռասմանի համոզմամբ՝ թե՛ Հայաստանում և թե՛ մասնակից երկներում նախագիծը հաջողված է, այլապես երկու տարվա ընթացքում երկրորդ պտույտը չէին կատարի նույն տարածքում։

Իսկ հաջորդ «կայարանը» Կիևն է լինելու։

Անի Ավետիսյան
3-րդ կուրս

Կիսվել