ՄԻ՛ ՎՆԱՍԵՔ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՆՈՒՆ «ԼԱՅՔԻ»

ՄԻ՛ ՎՆԱՍԵՔ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՆՈՒՆ «ԼԱՅՔԻ»

951

Ընտանեկան խնդիրներից մինչեւ նեղ անձնական  հարաբերությունների նկարագրություն․  այս թեմաները լուսաբանելիս  զանգվածային լրատվամիջոցները  հաճախ ներգրավում են անչափահաս երեխաների, ովքեր պատմում են ընտանեկան անհաշտությունների ու սոցիալական խնդիրների մասին: Արդյունքում՝ ոչ մասնագիտական աշխատանքի պատճառով խախտվում են երեխաների իրավունքները: Անձնական տվյալների օգտագործումն ու հանրայնացումը բացասական ազդեցություն են ունենում երեխաների հոգեբանական վիճակի և սոցիալական  ներառման վրա:

 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանի խոսքով, այսպիսի անդրադարձների  նպատակը մեկն է՝ լուսաբանումն ավելի հուզական դարձնել՝ ապահովելով բարձր դիտողականություն: Թեեւ, ըստ նրա, լրատվամիջոցներում համեմատաբար նվազել են նման հրապարակումները:

 «Կան լրատվամիջոցներ, որոնք ունեն իրենց ներքին էթիկայի կանոնները, գիտեն՝ ինչպես պետք է լուսաբանել երեխաներին առնչվող իրադարձությունները։ Երբ ունենում են  դիտումներ ու լայքեր հավաքելու կարիք, ավելի շատ են խախտում երեխաների իրավունքները՝ դրա համար օգտագործելով ցանկացած առիթ»։

Օրինակները բազմաթիվ են հատկապես հեռուստատեսությամբ  սոցիալական հաղորդումների ժամանակ, իսկ կայքերում էլ՝  սենսացիոն վերնագրերի տեսքով: «Ավտովթարի պատճառով պոկվել է երեխայի գլուխը», «Պարտքի դիմաց հարևանը գերի է վերցրել պարտատիրոջ երեխային» (հրապարակման մեջ նշել էին քաղաքը, դպրոցը և նույնիսկ դասարանը. այս տվյալներով  ցանկացած մարդ կարող է գտնել այդ երեխային)։ Վերջին վառ դեպքը 13-ամյա երեխայի հղիության մասին տեսանյութն էր, որտեղ հրապարակված էր անչափահասի անունն ու բնակության հասցեն։ Նույնիսկ, եթե ծնողները թույլ են տալիս լուսաբանել իրենց երեխային, լրագրողը պետք է մտածի երեխայի լավագույն շահի մասին՝ չէ՞ որ  անդրադարձը տեսնելու են նաեւ ընկերները, հարևանները, բարեկամները, ինչը կարող է երեխային ավելի շատ վնասել, քան օգնել։

Նման հրապարակումներից խուսափելու համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «Ինչպես լուսաբանել երեխաներին վերաբերող հարցերը» ձեռնարկը, որտեղ ներկայացնում է երեխայի հետ հարցազրուցի և նրա մասին հրապարակումներ պատրաստելու ընդհանուր սկզբունքներն ու ուղենիշները, որոնք լրագրողը պարտավոր է պահպանել:  «Ձեռնարկում առանձին անդարադարձներ կան երեխայի սեռական շահագործման, կրթություն ստանալու իրավունքի, խտրականության, հարցազրույց վարելու պայմանների, սոցիալական ապահովության, անչափահասի հանցագործության խնդիրների վերաբերյալ: Օրինակ, հաճախ լրատվամիջոցները լուրջ խախտումներ են թույլ տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին լուսաբանելու ժամանակ: Հարգել, ընդունել եւ հասկանալ մարդկանց տարեբերությունները եւ դիմացինին ընդունել այնպես, ինչպես նրանք կան»,-ընդգծում է Էդուարդ Իսրայելյանը եւ ավելացնում՝ երեխայի արժանապատվությունն ու իրավունքներն առավել կարեւոր են, քան րոպեկան «լայքեր հավաքելու» մոլուցքը:
Սրբուհի Հակոբյան
3-րդ կուրս

Կիսվել