Արդեն 2-րդ տարի է, ինչ ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Թումանյանի այգում կազմակերպված ցուցահանդես-մրցույթում երիտասարդ նկարիչներն իրենց տաղանդն ու ասելիքն են ներկայացնում արվեստասերներին, իհարկե, չմոռանալով նաև, որ կազմակերպվածը մրցույթ է: Միջոցառման կազմակերպիչ, «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, նախագահ Տիգրան Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցույթը հրաշալի հնարավորություն է երիտասարդ նկարիչների համար՝ ի ցույց դնելու իրենց տաղանդը: Իսկ սեպտեմբերի 21-ը, ըստ Ավագյանի, սիմվոլիկ և հատուկ ընտրված օր է ցուցահանդեսն իրականացնելու համար:

Սկսնակ նկարչուհի Էլենը, ով մասնագիտությամբ լեզվաբան է, նշեց, որ ինքնուրույն է սովորել նկարել, և նկարչությունն իր կյանքի անբաժան մասն է դարձել: Էլենը համարձակորեն խոսեց իր երազանքից և տվեց մրցույթին մասնակցելու իր հիմնավորումը. «Իմ երազանքն է դառնալ աշխարհահռչակ նկարչուհի․ կարծում եմ սա մեծ հնարավորություն է, որ շատերը տեսնեն իմ աշխատանքը, ինձ թվում է՝ այս մրցույթը լավ կանդրադառնա ապագա գործունեությանս վրա» :
Լիլիթ Վարդանյանը, ով ևս լեզվաբան է, նշեց, որ մանկուց է սիրել նկարչությունը. «Ես սիրում եմ աշխատել գույների հետ՝ յուղաներկով: Սիրում եմ արտահայտել այն, ինչ զգում եմ՝ փորձելով հնարավորինս արտահայտել ինքս ինձ»:

Այս տարվա մրցույթի կարևորագույն առանձնահատկությունն այն էր, որ ցուցահանդեսին մասնակցում էին նաև «Ունիսոն» հասարակական կազմակերպության շահառուները, որոնք տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձինք են։ «Մրցույթը հրաշալի հնարավություն է ներքին վախերը հաղթահարելու և կաղապարներից դուրս գալու համար. չէ՞ որ յուրաքանչյուր արվեստագետ պարտավոր է լինել համարձակ և ասելիքով լի»,- ասում է մասնակիցներից մեկը։
Մրցույթում հաղթող է ճանաչվել Լիլիթ Վարդանյանը, ում հնարավորություն է տրվելու հաջորդ տարի կազմակերպության հետ միասին ուսումնական այցով մեկնել որևէ երկիր։
Մերի Ալոյան
2-րդ կուրս