Սեպտեմբերի 25-ին Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում տեղի ունեցավ Մանե Մարտիրոսյանի «Կյանքն ինչպես կա» և Մարիետա Գևորգյանի «Խոստովանություն» գրքերի շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում հեղինակները ներկայացրին իրենց ծանոթության, գրքերի ստեղծման պատմությունները, հնչեցին դրանցում զետեղված մի քանի բանաստեղծություններ: Հանդիպման մասնակիցները միջոցառման ավարտին հնարավորություն ունեցան հարցեր հղել հեղինակներին:
«Կյանքն ինչպես կա» ժողովածուի հեղինակ Մանե Մարտիրոսյանը հուլիսին ընթերցողների դատին հանձնեց իր առաջին՝ «Պուտավոր զգեստով աղջիկը» գիրքը, որը մի երիտասարդ աղջկա, նրա երազանքների և երբեմն դրանց բացակայության մասին է: Իսկ արդեն երկրորդ՝ «Կյանքն ինչպես կա» գրքում հեղինակը ներառել է իր բանաստեղծությունները: Ժողովածուն բաժանված է չորս մասի, որոնք, հեղինակի խոսքով, խորհրդանշում են նրա կյանքի չորս փուլերը:
«Խոստովանություն»-ը 17-ամյա դպրոցական Մարիետա Գևորգյանի անդրանիկ գիրքն է: Այն տպագրվել է իր, Մանեի և մի շարք անձանց համատեղ ջանքերով: Գրքում ընգրկված են արձակ և չափածո ստեղծագործություններ, սակայն չափածոն գերակշռում է:
Մարիետա Գևորգյանն ասաց. «Ամեն ինչ սկսվեց ոչ թե երազանքից, այլ երազանքին հավատալուց: Միշտ պատկերացրել եմ իմ հեղինակային գիրքը, երազել դրա մասին, բայց երբևէ չեմ մտածել, որ այն կարող է իրականություն դառնալ: Սակայն, երբ սկսեցի ավելի հասուն մտածել, հասկացա, որ կարելի է երազանքները դարձնել նպատակներ, իսկ նպատակները՝ իրականություն»:
Նրա խոսքով՝ գիրքը վերնագրել է «Խոստովանություն», քանի որ ընթերցողին խոստովանել է իր բոլոր զգացմունքները, ապրումները: Մտքերը թղթին է հանձնել և դրա միջոցով էլ փոխանցել ընթերցողին:
Հեղինակը նշեց. «Հնարավոր է՝ լինեն մարդիկ, ովքեր զգացել են այն, ինչ ես եմ զգացել: Ու հնարավոր է՝ իրենք իրենց գտնեն իմ գրվածքներում, և դա կարող է օգնել նրանց»:
Հասմիկ Անդրեասյան
2-րդ կուրս