Հայաստանի սրտաբանների  ասոցիացիան մեկ շաբաթյա  իրազեկման ծրագրեր կանցկացնի Երևանում և մարզերում։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարի սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը խոսել է հիվանդությունների դեմ բնակչության իրազեկման կարևորության մասին․ «Սիրտ-անոթային հիվանդությունները ամենամեծ մասնաբաժինն ունեն մահացության մեջ։ Մենք  անցկացնելու ենք որոշակի միջոցառումներ, որոնք միտված կլինեն  նվազեցնել մահացությունը բնակչության մոտ»։

Սեպտեմբերի 29-ը նշվում է որպես սրտի  միջազգային  օր։ 2019 թվականի կարգախոսն է՝ «Սիրտը կյանքի համար է»։ Այս օրը նշելու նպատակը հասարակության գիտակցության բարձրացումն է, քանի որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների,  առ այսօր  սրտաբանական հիվանդությունները տարածվածությամբ աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում։

Պարոն Հայրապետյանն ընդգծեց, որ առաջիկայում իրազեկման ծրագրեր կընթանան դպրոցներում և բուհերում. «Նախատեսվում են դպրոցներում և բուհերում կատարել մանկավարժների զարկերակային ճնշման չափումներ, անհրաժեշտության դեպքում հրավիրել բուժհիմնարկներ՝ հետագա ստուգումները շարունակելու և բուժում նշանակելու համար»։

Սրտաբանների ասոցիացիայի նախագահ  Հմայակ Սիսակյանը ասուլիսի ընթացքում խոսեց հիպերտենզիայի (զարկերակային ցածր ճնշում) հնարավոր ռիսկերի մասին. «Հիպերտենզիան ինսուլտների և ինվալիդիզացիայի համար առաջին գործոնն է աշխարհում։ Դրա դեմ պայքարը պետք է լինի ագրեսիվ, քանի որ դրան նպաստող գործոններն են ծխախոտը, սակավաշարժությունը, ճարպակալումը»։

ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը հավելեց, որ հիվանդների մոտ ցածր է առողջապահական մշակույթը. «Այն անձինք, ովքեր տեղյակ են, որ ունեն լուրջ հիվանդություն՝ պետպատվերով անվճար  ստենդավորվելուց հետո չեն հետևում իրենց առողջությանը, չեն ստանում դեղերը, կարծելով, որ անհրաժեշտության դեպքում նորից անվճար կստենդավորվեն»։

Հայաստանում տարեկան 7000-8000  սրտի ստենդավորում է կատարվում, որից 2000-ը պետպատվերի շրջանակներում։ Առաջիկայում իրազեկման ծրագրեր կիրականացվեն Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում։

Անի Թամրազյան
2-րդ կուրս

Կիսվել