Եթե 20-րդ դարում Երևանի փողոցներում միայն Կարա Բալան էր ծաղիկներ վաճառում ու նվիրում, ապա մեր օրերում գրեթե բոլոր պողոտաներում կարելի է հանդիպել ժպտադեմ եւ բարի պապիկների, ովքեր վաղ առավոտից անցորդներին են առաջարկում բազմերանգ ու անուշաբույր ծաղիկներ։
Կարա Բալայի սիրելի փողոցի՝ Աբովյանի մի անկյունում, ամեն օր կարելի է հանդիպել Ռազմիկ Գրիգորյանին, ով շատերին հայտնի է Ռազմիկ պապ անունով։ Նրան միանգամից նկատեցին, սիրեցին եւ այսօր արդեն ոչ ոք անտարբեր չի անցնում Ռազմիկ պապիկի կողքով։ Մեկ փունջ ծաղիկն անցորդներից շատերը նախընտրում են գնել հենց նրանից ։ Արարատի մարզի Մխչյան գյուղից Ռազմիկ պապը գալիս է Աբովյան փողոց՝ սեր և բարություն նվիրելու, հետո նոր ծաղիկներ վաճառելու։
«Գալիս եմ, ծաղիկներս դասավորում եմ, ապա՝ վաճառում։ Օգնում եմ ընտանիքիս ֆինանսապես։ Ճիշտ է, արդեն ծեր եմ, բայց կարողանում եմ գումար վաստակել, նաև մարդկանց սեր եւ ներդաշնակություն փոխանցել։ Իմ աշխատանքից հաճելի զգացում եմ ապրում։ Չեմ հոգնում ճանապարհ կտրել, այստեղ հասնել, որովհետև աշխատանքս հաճույքով եմ կատարում»,-պատմում է Ռազմիկ պապը։
Ըստ պապիկի՝ ծաղիկը բնության հրաշքն է։ Մեկ փունջ ծաղիկը կարող է ավելի մեծ խորհուրդ ունենալ, քան բազմաթիվ բառերը։ Ծաղիկներ նվիրելով՝ մարդիկ իրենց զգացմունքներն են փոխանցում մեկմեկու։ Ռազմիկ պապն իր խոսքի վերջում նկատեց, որ ծաղիկ վաճառելը հաճույք է, հետո արդեն եկամուտի աղբյուր։
Ծաղիկները երջանկություն են
Մանուչար պապն է, Արտաշատից է։ Թոշակի անցնելուց հետո սկսել է զբաղվել այս գործով։ Նրա համար ծաղիկ վաճառելը և՛ եկամուտի աղբյուր է, և՝ սիրելի զբաղմունք։
«Ունեմ սեփական ջերմոց, մշակում, խնամում եմ, իսկ հետո գեղեցիկ ծաղիկներս, որոնք երջանկություն է բերում բոլորին, վաճառում եմ։ Իմ տանը միշտ ծաղիկներ կան, որովհետև մեծ ուրախություն են ներշնչում տան անդամներին»,- ժպիտը դեմքին պատմում է Մանուչար պապին։
Մանուչար պապի համար ծաղիկները երջանկության աղբյուր են, աշխարհի ամենագեղեցիկ գլուխգործոցներից մեկը։ Նա համոզված է՝ ծաղիկներ նվիրում են այն մարդկանց, ովքեր երջանիկ են։
Անժելա Ոսկանյան
4-րդ կուրս