25-ամյա Տաթևի միակ երազանքն ու նպատակը Գերմանիա մեկնելն էր։ Նա ընդամենը 2 ամսում որոշեց սովորել գերմաներեն, ինչն առաջին քայլն էր դեպի երազանքը:
«Բոլորը վստահ էին, որ ես քննությունը չեմ կարողանա հանձնել, անգամ դասախոսս՝ ում մոտ պարապում էի։ Միայն ես էի հավատում ինձ»,-հիշում է Տաթեւը։
Եկավ քննության օրը։ Նա պետք է հանձներ բանավոր և գրավոր քննություններ, իսկ վերջում սպասվում էր հարցազրույց տեղի հոգեբանի հետ:
«Այդ պահին ինձ համար շատ դժվար էր. չունեի մեկը, ով ինձ դրական ու քաջալերող խոսքեր կասեր։ Ես ինձ միայնակ էի զգում ու, կարծես, մեն-մենակ մարտի դուրս եկած լինեի»։
Չնայած բոլոր վախերին, նա հանձնեց քննությունը և հայտնվեց ամենաբարձր բալ հավաքողների շարքում:
«Գնացի տուն, ուրախացած լուրը հայտնեցի ծնողներիս, իսկ նրանք, ի պատասխան ասեցին, որ ոչ մի տեղ չեմ գնալու։ Կարծես, ամբողջ աշխարհը շուռ եկավ գլխիս»։
Որոշ ժամանակ անց Տաթեւն աշխատանքի տեղավորվեց՝ նույնիսկ մեկ օր չդադարելով երազել ուսումն արտերկրում շարունակելու մասին:
«Մեկ տարի անց, երբ պետք է ընդունվեի Գերմանիայի նույն համալսարանի մագիստրատուրա, կապ հաստատեցի իրենց օֆիսի հետ, և պարզվեց, որ իմ քննության տվյալները շատ են հավանել: Կարող էի առանց քննության մասնակցել ծրագրի առաջին փուլին, որը սկսվում էր պրակտիկայով»։
Եկավ այդքան սպասված օրը․ Տաթևը նստեց ինքնաթիռ և շարժվեց իր երազանքի հետքերով:
«Ոչ ոք չէր եկել ինձ դիմավորելու, մեծ դժվարությամբ հասա տեղ։ Սեմինարը լավ անցավ և ինձ ուղարկեցին իմ պրակտիկայի վայրը:
Ես կարողացա ապացուցել, որ անհնարին ոչինչ չկա: Ամեն օր արթնացել եմ առավոտյան ժամը 5-ին։ Օրական քնում էի 5 ժամ, պետք է եւ՛ դասերս հասցնեի, եւ՛ պրակտիկաս, եւ՛ ժամանակ գտնեի ճանապարհորդելու համար»։
Հաղթահարել դժվարությունները և շարունակել գնալ երազանքների հետևից․ Տաթևի օրինակն ապացուցում է, որ անհնարին ոչինչ չկա, եթե ունես երազանք եւ ցանկանում ես այն իրականացնել:
Սրբուհի Հակոբյան
3-րդ կուրս