Սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղում առաջին անգամ կայացավ «Հացի տուն» փառատոնը:
Փառատոնի ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ողջույնի խոսքում ասաց. «Շնորհավորում եմ «Հացի տուն» փառատոնի անցկացման կապակցությամբ, որն այսուհետ կանցկացվի ամեն տարի և Մովսես կհրավիրի մեր բազմաթիվ հայրենակիցների: Անկախությունն արժևորվել է Արցախյան ազատամարտով: Անկախությունը վաստակել ենք մեր եղբայրների շնորհիվ, ովքեր կանգնած են եղել մեր սահմանին և պաշտպանել այն: Սա վաստակած անկախություն է հայ ժողովրդի համար, մովսեսցու համար՝ հատկապես: Սերնդեսերունդ պետք է փոխանցենք այդ ուղերձը, որովհետև առանց հերոսության պատմության մեջ որևէ մեծ իրադարձություն չի լինում: Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր ապրում են Մովսեսում»:
Փառատոնին ներկա էին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Տավուշ թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և այլք:
Հյուրերը և տեղի բնակիչները ծանոթացան հացի արարման պատմությանը, ներկա գտնվեցին ավանդական հացի պատրաստման ողջ գործընթացին:
Մովսես գյուղի հոգևոր առաջնորդ Տեր Աբել քահանա Քարտաշյանը հացի արարման պատմությունը ներկայացնելիս շեշտեց. «Բերդը, հայկական իրականության մեջ միակ տարածաշրջանն է, որտեղ պահպանվել է նախնադարյան հացի տեսակը՝ Կրկենին, որը պատրաստել են կրակի մեջ»:
Իսկ փառատոնի կրտսեր մասնակիցներից Նունե Ավագյանին, հատկապես դուր եկավ Տավուշյան Սալի քաղցրավենիքը, որը նա համտեսում էր առաջին անգամ:
Փառատոնի ողջ ընթացքում ներկայացված էին տաղավարներ՝ Բերդի հաց արտադրող ընկերությունների արտադրանքներով: Ներկաները համտեսեցին հացից պատրաստվող Կոնչոլ ճաշատեսակը, որը նույնպես լայն տարածում ունի Տավուշ աշխարհում:
Երեկոյան տեղի ունեցավ տոնական համերգ «Գաթա», «Կաթիլ» բենդերի, ինչպես նաև «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ:
Լիա Ավագյան
2-րդ կուրս