ՄԵԿ ՃԱՄՊՐՈՒԿԸ ՄԵԶ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ. ԻՆՉՆ Է ԳՐԱՎԵԼ ՌՈՒՍ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԵԿ ՃԱՄՊՐՈՒԿԸ ՄԵԶ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ. ԻՆՉՆ Է ԳՐԱՎԵԼ ՌՈՒՍ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1480

 Մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։ Ըստ այդմ՝ 2019 թ․առաջին կիսամյակում զբոսաշրջությունը աճել է 12,8 %-ով, մասնավորապես՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59,5 %-ով, Չինաստանից՝ 53,5 %-ով, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 %-ով, ԱՄԷ- ից՝ 29,7 %-ով, Մեծ Բրիտանիայից՝ 22,9 %-ով, Ճապոնիայից՝ 22,2 %-ով, Ռուսաստանից՝ 19 %-ով։ Մենք փորձեցինք պարզել, թե ինչն է զբոսաշրջիկներին գրավում Հայաստանում։ Ռուս զբոսաշրջիկներ Ելենա Անատոլիեվնան և նրա դուստրը՝ Մարիա Սոբոլեվան գրեթե մեկ շաբաթ է, ինչ այստեղ են և անչափ հիացած են Հայաստանով։ Նրանք հասցրել են լինել Գառնիում, Գեղարդում, Սևանում, Դիլիջանում, բայց 58-ամյա Ելենային ամենից շատ տպավորել է Գեղարդը, քանի որ, նրա խոսքով, միայն այս վայրում է զգացել էներգետիկա և ներդաշնակություն, իսկ 27-ամյա Մարիային առավել շատ տպավորել են տաճարներն ու վանքերը՝ իրենց հասարակ ու գեղեցիկ ոճով։ «Խոսել հայկական խոհանոցի մասին առանց հիացմունքի, պարզապես անհնար է»,-պատմում են զբոսաշրջիկները։ Նրանք համտեսել են մի շարք հայկական ուտեստներ՝ գաթա, դեղձով, կիտրոնով և ուրցով թխվածք, իսկական բացահայտում ու նորույթ էր նաև սպասը, որը հիացրել էր ռուս զբոսաշրջիկներին իր արտակարգ համով և բույրով։ Պատմում են, որ եղել են բազում երկրներում՝ Թաիլանդում, Սկանդինավիայում, Ղազախստանում, Ղրղստանում, Միջին Ասիայում, բայց ոչ մի տեղ չեն զգացել նման ջերմություն և մոտեցում, ինչպես՝ Հայաստանում։ Մարիայի եւ Ելենայի կարծիքով՝ Հայաստանը մյուս երկրներից տարբերվում է մարդկանց անկեղծությամբ, հյուրընկալությամբ, օգնելու պատրաստակամությամբ։ «Մյուս երկրներում ևս ամեն ինչ շատ գեղեցիկ է, բայց այստեղ ամեն բան կարծես հոգեհարազատ լինի և չկա այն զգացողությունը, որ եկել ես օտարի երկիր»,- ասում է Մարիան։ Զբոսաշրջիկներին զարմացրել են նաև տաղանդավոր հայ արվեստագետները և նրանց աշխատանքները, առանձնահատուկ ուշադրության են արժանացել հայկական գորգերը, կտավներն ու փայտե փորագրությունները։ «Անհնար է այստեղից մեկնել ձեռնունայն։ Մենք նույնիսկ վախենում ենք, որ մեկ ճամպրուկը մեզ չի բավականացնի»-, անկեղծանում են նրանք։ Ռուսաստան մեկնելիս ռուս զբոսաշրջիկներն պատրաստվում են անպայման գնել հայկական պանիր, սպասք, զարդեր, բայց առավել շատ քանակություն կկազմեն չրերը, սուջուխը և բաստուրման։ Ելենան ու Մարիան վստահեցնում են, որ Հայաստանից կմեկնեն դրական տպավորություններով և բոլորին խորհուրդ կտան անպայման այցելել Հայաստան։

Մերի Մաթեւոսյան

2-րդ կուրս

Կիսվել