ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

1092

Ձեռքի աշխատանքներ, հյութեր, ուտելիքներ․ հոկտեմբերի 12-ինԿարապի լճի տարածքում աշխույժ իրարանցում էր։ Այստեղ անցկացվում էր «Armenian Masters» միջոցառումը, որի ընթացքում ցուցադրվեց Երևանի և մարզերի տեղական արտադրանքը։ Ցուցահանդես-վաճառքն արդեն երկու տարի է, ինչ  իրականացվում է, նպատակ ունի աջակցելու տեղական արտադրողներին։

Այս անգամ փոքր միջոցառում էր, սակայն գաղափարը նույնն էր՝ իրազեկել հանրությանը հայկական արտադրանքի մասին։ «Armenian Masters» միջոցառման կազմակերպիչ Մամիկոն Սարգսյանը մեզ հետ հարցազրույցում ասաց․ «Մենք փորձում ենք աջակցել տեղական արտադրողին, որպեսզի սահմանամերձ գոտիներում և հեռու մարզերում ապրող մարդիկ էլ կարողանան ներկայացնել, վաճառել և գովազդել իրենց արտադրանքը»։ Նա նաև նշեց, որ նախկինում եղել են խոշոր միջոցառումներ, որոնց ընթացքում ցուցադրվել է, թե ինչպես է դուդուկը պատրաստվում, եղել են գորգագործություն և կավագործություն։

 Լուսինե և Անի քույրերը տաղավարներից մեկում արծաթյա զարդեր, փայտից պատրաստված իրեր և բատիկաներ (ձեռքով նկարած կտորը) էին ներկայացնում։ Մեզ հետ զրույցում  Լուսինեն ասաց․ «Կարծում եմ՝ ցուցահանդեսներին մասնակցելը ճանաչողություն է տալիս, քանի որ մարդիկ գալիս են, տեսնում, հետաքրքրվում և հետագայում նաև օգտվում մեր ձեռքի աշխատանքներից»։

 Հետաքրքիր  և տարբերվող էր Մարիամի տաղավարը, որտեղ ցուցադրված էին կոճապղպեղի (իմբիր) չիր, նուգա կոնֆետներ,  Հալեպից բերված կարկադե թեյեր։ Այստեղ  մարդկանց ուշադրության կենտրոնում կարկադե թեյն էր, որի 100 գրամն արժեր 1500 դրամ։

Միջոցառման մասնակիցներից էր նաև Հայաստանում ալոե աճեցրած միակ  ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Սաթենիկ Համբարյանը նշեց, որ պատրաստում են բնական և բուժիչ կոսմետիկ միջոցներ։  Մեզ հետ զրույցում Սաթենիկն  ընդգծեց․ «Բացի կոսմետիկ միջոցներից, մենք նաև վաճառում ենք ալոեի 100%-ոց քամվածքը, որը բազմաթիվ հիվանդությունների դեղ է հանդիսանում»։

 Հայկական նուռը և նռան հյութը ներկայացնող տաղավարում աշխատողները ճզմում էին այն  և հյուրասիրում մարդկանց։  «Մենք կարողացել ենք մեր գնային քաղաքականությունը զսպելով բերել Մարտակերտի նռան այգիների բերքը և վաճառել այնպես, որ բոլորի գրպանին հարմար լինի»,- մեզ հետ զրույցում նշեց տաղավարի ներկայացուցիչ Արթուր Սիմոնյանը։ Նա նաև հավելեց․«Մենք միշտ մասնակցում ենք ցուցահանդես-վաճառքին, որովհետև ցանկանում ենք մեր հյուրերին անպայման հյուրասիրել, ինչպես նաև ներկայացնել մեր Արցախ աշխարհի նուռը»։  

Անի Թամրազյան

2-րդ կուրս

Կիսվել