ԱՅՆ, ԻՆՉ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ, ՄՆՈՒՄ Է ԱՅՆՏԵՂ ՀԱՎԵՏ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ YOUTH...

ԱՅՆ, ԻՆՉ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ, ՄՆՈՒՄ Է ԱՅՆՏԵՂ ՀԱՎԵՏ. ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ YOUTH IGF ARMENIA ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

1328

Ինտերնետը`մեր առօրյայի անբաժան մաս․ ի՞նչ է այն իրականում, երիտասարդնե՞րն են կառավարում ինտերնետը, թե՞ հակառակը, ինտերնետը՝ կյանքի բարելավման միջո՞ց, թե՞ ճանապարհ դեպի զոմբիացում, իշխանությունները Fake news-երի դե՞մ, թե՞ աղբյուր, և վերջապես ինչքանո՞վ են պաշտպանված մեր անձնական տվյալները ինտերնետում: Այս և այլ շատ հարցերին պատասխանները տրվեցին հոկտեմբերի 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած Երիտասարդների ինտերնետ կառավարման հայկական առաջին համաժողովում (Youth IGF Armenia): Օրակարգի թեմաներն էին՝ երիտասարդները և ինտերնետ կառավարումը, մեդիա, իրերի ինտերնետ, անձնական տվյալների պաշտպանություն։ Առաջին թեմայի մասին խոսեց «SEEDIG» գործադիր կոմիտեի նախագահ Սորինա Տելանուն, իր խոսքը ավելի հասկանալի դարձնելու համար նա կազմակերպել էր խաղեր, որոնցից մեկը օնլայն էր, իսկ մյուսը՝ խմբային։ Մեդիայի մասին զրույցները լի էին հետաքրքիր բացահայտումներով. չինական մեդիայի սահմանափակումներից  մինչև հայկական մեդիան ողողած fake news-եր։ Խոսելով կեղծ լուրերի մասին՝ «ArmSec» հիմնադրամի տնօրեն Սամվել Մարտիրոսյանն ասաց. «Մենք մարդկանց ենք մեղադրում, որ բոլորին տվել են հնարավորություն գրելու, բայց իրականում մարդիկ չեն մեղավոր։ Fake նորությունների հիմնական աղբյուրները կամ ներկա, կամ նախկին իշխանություններն են, և դա փաստ է»։ Մյուս բանախոսը «Spring PR» ընկերության համահիմնադիր Նվարդ Մելքոնյանն էր։Նա խոսեց լրագրողների հետ շփվելու «պատվիրաններից», Քորթնի Քարդաշյանի այցելած ռեստորանների մասին լուրերից, որը ստվերում էր թողել այլ կարևոր նորություններ։Նվարդ Մելքոնյանը հնչեցրեց հռետորական հարց. «Ո՞նց պիտի կարողանամ ես մտնեմ այդ մեդիա օրակարգի մեջ, որ իմ մասին գրեն, գո՜նե մի պուճուր», որին իր գործընկերը պատասխանեց՝ ինքնահրկիզվիր։ Սեսիայի վերջում հնչեցին բազմաթիվ հարցեր. մասնակիցներից մեկին հետաքրքիր էր, թե ինչ պետք է անել, երբ լրագրողը ագրեսիվ գալիս է և վիրավորական հարցեր տալիս․ Սամվել Մարտիրոսյանը կեսկատակ պատասխանեց՝ թքեք աչքին։ Իրերի ինտերնետ թեմայի մասին ելույթ ունեցան իրենց խոսքերով «две старых ворчун» Ալեքս Սեմենյական և Յուրի Կարգապոլովը։ Նրանց ելույթը համեմված էր մասնագիտական անեկդոտներով, անձնական պատմություններով և միմյանց նուրբ «կծելու» արվեստով։ Համաժողովի եզրափակիչ սեսիայի բանախոսը անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն էր։Նա խոսեց սոցիալական կայքերի ապահովությունից, անձնական տվյալների օգտագործումից, «GetContact» հավելվածից և դրա իրական նպատակներից։ Գևորգ Հայրապետյանը պարզաբանեց, որ Facebook-ի, առաջին հայացքից, հետաքրքիր տեստերը իրականում անձնական տվյալները հասանելի դարձնելու միջոց են: Հետաքրքիր էր նաև «GetContact» հավելվածի բացահայտումները:Ներբեռնելով այդ հավելվածը՝ հասանելի ենք դարձնում մեր հեռախոսում առկա անձնական տվյալները ամբողջությամբ և ոչ միայն: Գևորգ Հայրապետյանը դիմեց այն մասնակցին, ով ուներ հավելվածը. «Տղաների կոնտակտներն ինձ էդքան էլ հետաքրքիր չեն, ինձ հետաքրքիր են աղջիկների կոնտակտները. Ձեր հեռախոսի միջի բոլոր աղջիկների համարները ինձ կասե՞ք՝անուններն ու համարները»- հարցրեց նա: Մասնակցի բացասական պատասխանից հետո շարունակեց. ««GetContact»-ից վա՞տն եմ,առնվազն հայկական եմ`թուրքական ծրագիր չեմ, առնվազն իրական եմ, առնվազն ինձ տեսնում եք, ու ես հայտնում եմ, որ ոչ մեկին չեմ ծախի էդ տվյալները: Կասե՞ք, չէ՞. բա ինչի՞ եք տվել «GetContact»-ին ու իրավունք տվել, որ ինձ էդ տվյալները վաճառի»: Գեւորգ Հայրապետյանը պարզաբանեց՝ եթե մեր ընկերը բողոքի`անձնական տվյալների յուրացման համար, մեղավոր ենք ճանաչվելու մենք, ոչ թե հավելվածը: 8 ժամ հետաքրքիր զրույցներից հետո համաժողովը ավարտվեց։ Մասնակիցները ոգևորված էին, կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին և շտապեցին հրավիրել գալիք տարի կայանալիք Երիտասարդների ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովին։ Համաժողովի ընթացքում հնչեցին բազվաթիվ մտքեր, որոնցից մեկն այն էր, որ այն, ինչ հայտնվում է համացանցում, մնում է այնտեղ հավետ. զգուշացե՛ք ձեր հրապարակումներից, հիշե՛ք՝ դուք եք որոշում անձնական տվյալները դարձնել հանրաճանաչ, թե՛ պահել գաղտնի․ եղե՛ք իրազեկված և պաշտպանված:

Վարդուհի Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել