«ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ 2019» 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՖՈՐՈՒՄ

«ՊԱՆԱՐՄԵՆԻԱՆ ԷՔՍՊՈ 2019» 10-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՖՈՐՈՒՄ

1294

«Նախկինում մենք մեր կազմակերպությունները տանում էինք արտասահման, որ ներկայանան և մասնակցեն ցուցահանդեսների,  իսկ այժմ անում ենք հակառակը՝ բերում ենք գնորդներին՝ ծանոթանալու կազմակերպություններին ու նոր կապեր հաստատելու նրանց հետ»,- այս մասին հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած «ՊանԱրմենիան էքսպո 2019» 10-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումի բացման ժամանակ հայտարարեց «Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը։ Ցուցահանդեսի նպատակն է խթանել հայկական և արտասահմանյան կազմակերպությունների միջև գործարար կապերը։ Մասնակցում էին 120 կազմակերպություններ ոչ միայն Հայաստանից, այլև Արցախից, Ռուսաստանից, Իրանից, Հունաստանից և Գերմանիայից։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Բելառուսի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ղազախստանի և այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։ Բարձրորակ կաթնամթերքից մինչև հայկական նախշերով բարձեր էին ներկայացվում հայ և օտարերկրյա սպառողների դատին։

Տաղավարներից մեկում, օրինակ, «Կիլիկիա» կոնյակ արտադրողներն էին։ Հյուրասիրում էին բոլոր ցանկացողներին և պատմում իրենց կոնյակի մասին։ Այդ ընկերության արտահանման վարչության պետ Ռոզա Գրիգորյանն ասաց, որ կոնյակի արտադրությամբ զբաղվում են վաղուց։ Ունեն բազմաթիվ գործընկերներ։ Հայկական կոնյակն արտահանում են Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Չինաստան ու անգամ Դոնեցկ ու Ղրիմ, որտեղ ապրանք արտահանելը շատ բարդ է։ Կոնյակներն ունեն 3-25 տարվա հնեցում։ Նա պատմեց նաև դարչինով կոնյակի արտադրման մասին, որը նորություն է շուկայում։

Մեկ ուրիշ տաղավար էլ զբաղեցրել էր «Զաքարյան» բրենդը, որը զբաղվում է ջինսերի արտադրմամբ։ «Զաքարյան» բրենդը ստեղծվել է 2012 թվականին․ աշխատում են իտալական ու գերմանական սարքավորումներով։ «Աշխատում են իտալացի մասնագետներ։ Արտադրում ենք ջինսեր տարբեր սեռի և տարիքի մարդկանց համար»,- ասաց բրենդի կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանը։

Արտադրողները չէին մոռացել նաև կանանց խնամքի միջոցների մասին։ Քսուքներ, շիճուկներ, սքրաբ-դիմակներ, դիմահարդարումը մաքրող միջոցներ, բնական օճառներ և այլն։ Հատկանշական է այն, որ խնամքի պարագաները ստեղծվել են՝ հաշվի առնելով հայ ժողովրդի էթնիկ առանձնահատկությունները և այն մաշկային խնդիրները, որոնք առավել բնորոշ են մեր ժողովրդին։

Տաղավարներից մեկում ներկայացված էին հայկական նախշերով բարձերը։ Բարձերից մեկն, օրինակ, Շուշիի հայկական նախշերով էր, նպատակը մեկն էր՝ թույլ չտալ մեր վաղեմի հարևաններին խլել մեր ազգայինը։ Իսկ ցուցադրության ողջ ընթացքը «քաղցրացնում» էր Գավառի փախլավան։

Անի Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել