Հոկտեմբերի 14-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Մարէամ Սարգիսիանի՝ «Շրջանակից դուրս» խորագիրը կրող կոլաժների ցուցահանդեսը: Քսանամյա Մարէամն արդեն երկրորդ տարին է, ինչ ցուցահանդեսով հանդես է գալիս ՆԱՄ-ում: Դասական երաժշտությունը ողջ երեկոյի ընթաքում ուղեկցեց ներկաներին: Ցուցահանդեսին ներկա էին Մարէամի ամենահարազատ մարդիկ՝ մայրիկը, տատիկը, մորաքրոջ աղջիկը, ընկերուհին, ուսուցչուհին, իսկ մյուսները մի փոքր ուշ միացան:
Մարէամը մասնագիտությամբ նկարիչ է, հագուստի մոդելավորող, ինչպես նաև ապագա ռեժիսոր, և ինչպես ինքն է նշում, ռեժիսուրան այն ոլորտն է, որը արվեստի բոլոր ճյուղերը ներառում է իր մեջ, և երկար մասնագիտական ընտրության տատանումներից հետո (լրագրող, հնագետ, որը կապված էր պատմության հանդեպ մեծ հետաքրքրության և սիրո հետ) վերջապես գտավ այդ բոլորի համադրությունը՝ մեկ վայրում: Մարէամն անչափ հետաքրքրասեր է, հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով՝ դոկումենտալ ֆիլմեր, լուսանկարչություն, արվեստի գրեթե յուրաքանչյուր ճյուղ, նաև էքստրեմալ սպորտ՝ լեռնագնացություն, ժայռամագլցում:
Ցուցահանդեսի խորագիրը՝ «Շրջանակից դուրս»-ը, կապված է Մարէամի աշխատելաոճի և յուրահատուկ մոտեցման հետ: Նկարները ստեղծել է՝ վերցնելով տարբեր իրեր՝ ամսագրերից պատառներ, դետալներ, մասնիկներ և հին ու, ինչպես Մարէամը նշեց, որոշ մարդկանց համար նաև անպետք իրեր. «Ամենահետաքրքիրն այն է, որ մարդկանց մոտ շատ հաճախ, շատ առարկաներ , իրեր անպետք են թվում, ես փորձում եմ դրանց երկրորդ կյանք և նոր շունչ տալ ու արվեստի միջոցով նկարներումս եմ ներկայացնում դրանք»:
Մարէամը խոսեց կոլաժների հանդեպ իր ոգեշնչման աղբյուրից և սիրելի նկարիչներից. «Մի անգամ Փարաջանովի թանգարանում էի և էդտեղից ոգեշնչվեցի, անգամ ինձ շատերը ասում են, որ Փարաջանովյան ոճով եմ ստեղծագործում: Որպես արտահայտչամիջոց կոլաժների լեզուն ավելի լավ է ինձ մոտ ստացվում: Նկարում եմ նաև յուղաներկերով, ակրիլ ներկով: Սիրելի նկարիչներից են Արշիլ Գորկին, Մինաս Ավետիսյանը, Սալվադոր Դալին և, իհարկե, Սերգեյ Փարաջանովը»:
Արվեստագետ Տաթևիկ Համբարձումյանը խոսեց իրենց ցուցասրահի լավագույն ավանդույթից․ թեև հյուրերի քանակը սակավաթիվ կարող է լինել, սակայն միջավայրը հաճելի է՝ սրտացավ և գնահատող մարդկանցով շրջապատված: Տաթևիկը խոսեց կոլաժ տեսակից և Մարէամ Սարգիսիանին նվիրեց սիմվոլիկ նուռ՝ «Նարեկացի» արվեստի միության կողմից։ «Կոլաժ, կոլե նշանակում է փակցնել, առաջին կիրառողներից Պիկասոն էր: Թերթերից պատառոտել ինչ-որ գրվածքներ և քաղաքական գաղափարներ բարձրացնել և ասելիքն առավել արտահայտիչ ու ցայտուն դարձնել: Այս ենթատեսակը շատ սիրելի դարձավ, որովհետև խոսուն է. Փարաջանովը ևս սիրում էր այդ մեթոդով աշխատել: Իսկ Մարէամն իր տարիքին հասանելի աշխարհընկալումը կոլաժի մեթոդով է արտահայտել՝ աշխատելով դասական ոճով»:
Ներկաներից Էլինա Աֆրիկյանը, ով Մարէամի հետ սովորել է միևնույն ուսումնարանում, նշեց, որ արվեստի նկատմամբ ունեն նույն հայացքներն ու ընկալումները, իսկ ընկերուհուն մաղթեց բազում հետևորդներ և ցուցահանդեսներ: Մարէամի մորաքրոջ աղջիկը՝ Լիդիան, ցանկացավ նորանոր ձեռքբերումներ և ցուցահանդեսներ, նշելով, որ Մարէամն անչափ տաղանդաշատ է: Մարգարիտան, ով Մարէամի անգլերենի ուսուցչուհին է եղել, մաղթեց նորանոր հաջողություններ և նշեց, որ Մարէամն իր սիրելի աշակերտուհիներից է եղել՝ յուրահատուկ, տարբերվող:
Մեկժամյա ցուցահանդեսը՝ դասական երաժշտության և ներկաների ջերմության շնորհիվ ընթացավ էսթետիզմի պարուրանքով, նկարներն այդ պարուրանքի գլխավոր արտահայտչամիջոցն էին:
Մերի Ալոյան
2-րդ կուրս