Հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի մի քանի ուսանողներ հյուրընկալվել էին Հանրային ռադիոյում։ Հանդիպումը կազմակերպել էր Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվականի մեկնաբան Լիլիթ Աղբալյանը, ով նաև դասավանդում է ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Հանդիպումը միտված էր ապագա լրագրողներին ավելի մոտիկից ծանոթացնելու լրատվական թողարկման պատրաստման ընթացքին։
Ուսանողներին սկզբում ողջունեց Անի Զեյթունցյանը, ով արևմտահայերենով լրատվական թողարկումներ է պատրաստում սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Նա ներկայացրեց իր աշխատանքի ողջ ընթացքը, իսկ ուսանողները Անիին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստանալով բոլոր հարցերի պատասխանները շտապեցին ծանոթանալ լրատվական մասի անձնակազմին։
Ուսանողները ծանոթացան «Ռադիոլուրի» ողջ անձնակազմի հետ, նրանցից ստացան բազում խորհուրդներ և խոստացան դրանք միշտ կիրառել լրագրողական աշխատանքներում։ Ապագա լրագրողներին մասնագիտական խորհուրդներ տվեց նաև «Ռադիոլուր» լրատվականի տնօրեն Արմեն Վարդանյանը։ Նա իր խոսքում ասաց, որ լրագրողը պետք է նման լինի սմարթֆոնի. միաժամանակ կարողանա և՛ նկարահանել և ձայնագրել և՛ գրել։
Հնարավորություն տրվեց նաև ներկա գտնվելու լուրերի ուղիղ թողարկմանը․ այնուհետև ապագա լրագրողները հրաժեշտ տվեցին Հանրային ռադիոյի աշխատակիցներին՝ ասելով, որ կհեռանան միայն հետ գալու նպատակով։ Վերջում Լիլիթ Աղբալյանն ուսանողներին խոստացավ, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ և չեն սահմանափակվի միայն Հանրային ռադիո կատարած այցով։
Դիանա Պետրոսյան
2-րդ կուրս