Երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեծ մեդալներով թայլանդական Պատայայից Հայաստան վերադարձավ տղամարդկանց ծանրամարտի հավաքականը:
Աշխարհի առաջնության թիմային հաշվարկում
Հայաստանը հանգրվանեց երրորդ հորիզոնականում`զիջելով միայն Չինաստանին և Հյուսիսային
Կորեային:
Քաշային կարգերում ուժեղագույնս իրենց դրսևորեցին Հակոբ Մկրտչյանն ու Սիմոն Մարտիրոսյանը: Գերծանր քաշային պայքարում
էլ արծաթ ու բրոնզ նվաճեցին Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:
Հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանն իր սաների մասին խոսելով ասում է․ «Ալեքսանյանն ու Մարտիրոսյանը կամային շատ բարձր հատկանիշներ ունեն, նրանք տեսնում են իրենց հաղթանակը, նախքան մրցասպարեզ դուրս գալը»:
Փաշիկ Ալավերդյանը անդրադարձավ նաև կանանց հավաքականին, որը վերջին տարիներին լուրջ հաջողություններ չի գրանցում: Ըստ Ալավերդյանի`աղջիկներին խանգարեց դոպինգային սկանդալը՝ խթանիչներ օգտագործելը:
Հավաքականին այլևս չի օգնի Հռիփսիմե Խուրշուդյանը, որն ի դեպ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ զրկվեց բազմաթիվ նվաճումներից՝ վերադարձնելով նաև օլիմպիական բրոնզը: Ըստ միջազգային ֆեդերացիայի՝ խթանիչներ են օգտագործել նաև Մելինե Դալուզյանն ու Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում առաջին տեղը զբաղեցրած Սոնա Պողոսյանը: Դոպինգային սկանդալից չխուսափեց նաև տղամարդկանց հավաքականը։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան արգելված խթանիչների օգտագործման փաստեր էր հայտնաբերել Տիգրան Սիմոնյանի ու Նորայր Վարդանյանի դոպինգ թեստերում:
Այս սկանդալի արդյունքում հաջորդ տարվա օլիմպիական խաղերին Հայաստանը կկարողանա մասնակցել 4 ծանրորդով` երկու տղամարդ և երկու կին:
Էրիկ Աթյան
4-րդ կուրս