«ԻՆՁ՝ ՃԱՆԱՉՈՒՄԻ ՀՐՃՎԱՆՔ, ՆՐԱՆՑ՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ…»

«ԻՆՁ՝ ՃԱՆԱՉՈՒՄԻ ՀՐՃՎԱՆՔ, ՆՐԱՆՑ՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ…»

2012

Մեր զրուցակիցն է Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ  Դավիթ Պետրոսյանը

Պարոն Պետրոսյան, ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադիր դասախոսներից եք: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ֆակուլտետում անցած 20 տարիների ընթացքում:

-Փոփոխություններն ակնհայտ են: Միայն վերջին տասը տարիներին էապես փոխվել են լրագրության բովանդակային ուղղվածությունը, մատուցման շրջանակները՝ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես համացանցի բուռն զարգացման հետ: Մենք աշխատել ենք մեր արձագանքն այդ փոփոխություններին պահել համարժեք մակարդակի վրա: Եվ նրանք, ովքեր ֆակուլտետն ավարտել են 2000-ականների սկզբին, անմիջապես կզգան որակական տարբերությունները, եթե ծանոթանան մեր նոր ուսումնական ծանրաբեռնվածությանն ու դասավանդվող առարկաների ցանկին:

-Իսկ ի՞նչն է մնացել անփոփոխ:

-Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի վերաբերմունքն իր գործին, մասնագիտական ու բարոյական  բարձր  արժեքներով առաջնորդվելու սկզբունքը:

-Ի՞նչ հնարավորություններ էր տալիս ֆակուլտետն ուսանողներին 20 տարի առաջ և ի՞նչ է տալիս այժմ:

-Պայմանները 20 տարի առաջ համեստ էին: Այժմ ուրիշ է: Նոր դասընթացների մասին նշեցի, ավելացնեմ նաև տեխնիկական այն թարմացումները, նոր հարմարությունները, որոնք պատշաճ պայմաններ են ապահովում  ուսանողների համար՝ խորանալու իրենց մասնագիտության մեջ:

-Ո՞ր գծերն են բնորոշ տարբեր սերունդների ժուռֆակցիներին:

-Կուզենայի ընդգծել հատկապես նրանց ստեղծագործական ունակությունները, աշխարհի, կյանքի հանդեպ ուրույն մոտեցոմը, լրագրողին բնորոշ  հետաքրքրասիրությունը: Նման ուսանողների հետ շփումները հարստացնում են նաև մեր՝ դասախոսներիս ստեղծագործական ու աշխատանքային առօրյան:

-Ի՞նչն եք կարևորում դասախոս-ուսանող փոխհարաբերություններում:

-Մեր ֆակուլտետն այս առումով շատ լավ ավանդույթներ ունի, որոնց մեջ առաջնային են ոչ միայն դասախոսի, այլև դեկանի, ամբիոնների վարիչների հետ ուսանողների անմիջական շփումները: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս արագորեն լուծելու ուսանողին հուզող շատ հարցեր, խուսափելու անհարկի վարչարարությունից: Ի դեպ, այս մասին հաճելի զարմանքով հաճախ  խոսում են այլ ֆակուլտետներից   մեզ մոտ մագիստրատուրա  ընդունվածները:

 Շատ եմ կարևորում դասախոս-ուսանող հարաբերություններում գիտելիքի մատուցման և դասավանդման ճիշտ ձևը, բովանդակային երկխոսությունները (մերօրյա բառապաշարով՝ ինտերակտիվ հաղորդակցությունը), երկուստեք լսելու կարողությունը: Եվ այս ամենը՝  փոխադարձ հարգանքի պայմաններում: Մի կարևոր հավելում ևս. մեր սերնդին դասավանդած լավագույն դասախոսներից մեկը՝ Ռաֆայել Իշխանյանը,  մեզ խորհուրդ էր տալիս. «Որքան էլ տխուր կամ անտրամադիր լինեք, երբ մտնում եք ֆակուլտետ, անպայման ժպիտով բարևեք»: Հրաշալի պատգամ, որն այժմ էլ ուղեկցում է ինձ:

-Պարոն Պետրոսյան, Դուք արագ մտապահում եք Ձեր ուսանողներից շատերի անունները. ինչպե՞ս է ստացվում, ի՞նչ է տալիս դա Ձեզ և նրանց:

-Ի դեպ, ֆակուլտետում ես բացառություն չեմ.  Նաղաշ Մարտիրոսյանը հիշում է նաև շատ ուսանողների հայրանունները (ժպտում է)…

Ինչպե՞ս է ստացվում: Ես ունեմ մի սկզբունք. ուսանողն ինձ համար նախ և առաջ անուն է, ավելի  կոնկրետ՝ ստեղծագործող անհատ: Լսարան մտնելուց հետո նրանցից յուրաքանչյուրի մեջ ինքնատիպ մի գիծ եմ գտնում դեմքի, շարժումների, դիմագծերի, նստած տեղի, ձայնի, ժպիտի մեջ… Դրանք այնուհետև մարմնավորվում են որպես անուն-ազգանուն և մտապահվում:

   Երբ ուսանողին դիմում ես անունով, նախ՝ արժևորվում է ինքն իր աչքին (հաճելի է, երբ  ճանաչում են քեզ): Իսկ դասախոսի համար նա արդեն կոնկրետ անհատ է, որ հետո պիտի դառնա ձևավորված անհատականություն: Ընդհանրացնեմ. ուսանողին անունով դիմելը ինձ տալիս է ճանաչումի հրճվանք, նրանց՝ ճանապարհ դեպի Անհատականություն…

-Ոսկե գրիչ, արծաթե գրիչ, գրքեր, բլոկնոտներ…Ինչպե՞ս է ծնունդ առել  ուսանողներին մրցանակներ հանձնելու նախաձեռնությունը:

-Ընդհանրապես ես կարևորում եմ ուսանողին ոգևորելու գաղափարը, որ  վաղուց է ծնվել իմ մեջ: Այն ամեն անգամ յուրովի է դրսևորվում  և տալիս միայն դրական արդյունքներ: Ուրախության պահեր եմ ապրում իրենց հետ և հրճվում, քանի որ գիտեմ. նրանց  հոգու մի անկյունում այդ հուշը երկար ժամանակ չի խամրելու:

 …Մրցույթի պայմանները նախապես ներկայացնելիս երբեմն ուսանողուհիներիս կատակով խորհուրդ էի տալիս ամուսնանալու դեպքում մրցանակը դարձնել «օժիտի անբաժանելի մաս»: Մի անգամ (տարիներ առաջ էր) Աբովյան քաղաքում հանդիպեցի   Օլգա Եսայանին: Նոր էր ամուսնացել: Կատակով հարցրի. «Մրցանակներդ բերե՞լ ես (երկու մրցանակ ուներ)»:  Ասաց. «Մեկը թողել եմ մերոնց տանը, իսկ մյուսը  բերել եմ…»:

   Մրցանակն ինքնին ուսանողի համար լուսավոր  կետ է, իր աշխատանքի խորհրդանշական արժևորումը: Չմոռանանք, որ ստեղծագործող անհատների համար այն ոգևորության հզոր աղբյուրներից մեկն է աշխարհում: Հակառակ դեպքում չէին լինի Նոբելյան, Պուլիտցերյան, Գոնկուր եղբայրների և բազմաթիվ այլ հռչակավոր մրցանակներ ու մրցանակաբաշխություններ: Ինձ համար ուսանողներիս մրցանակները նույնքան արժեքավոր են ու կարևոր…

-Երեք բան, որ զուգակցում եք Ձեր աշխատավայրի հետ:

-Ստեղծագործական աշխատանք, գիտություն, կրթություն:

-Եթե  չլինեիք այստեղ, ապա կլինեիք…

-Իմ ներքին ձայնը  հուշում է՝ դարձյալ  այստեղ…
Լիլիթ Մկրտչյան
3-րդ կուրս

Կիսվել