ԵՊԲՀ ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ 20-ԱՄՅԱԿԸ` ՏՈՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ

ԵՊԲՀ ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳԻԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ 20-ԱՄՅԱԿԸ` ՏՈՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ

1398

Բժշկության  ոլորտում կայացած մի շարք մասնագետներ, աշխարհահռչակ բժիշկներ և արտերկրից ժամանած դասախոսներ Երևանում շնորհավորեցին Բժշկական համալսարանի Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի 20-ամյակը։ Արտերկրից ժամանած մասնագետները մասնակցեցին «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովն ընդգրկում էր հետևյալ ոլորտները՝ սեքսոլոգիա, անդրոլոգիա, ընտանեկան բժշկություն, հոգեբուժություն, հոգեթերապիա, բժշկական հոգեբանություն, էնդոկրինոլոգիա, նյարդաբանություն, հանրային առողջություն, գինեկոլոգիա, վեներոլոգիա, ուրոլոգիա, ռեպրոդուկտոլոգիա: Գիտաժողովի բացմանը ելույթ ունեցավ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Միջոցառումը բաղկացած էր երեք մասից: Առաջին մասում քննարկվեց «Մարդը բժշկության մեջ հոգեսեռական կառուցվածքի տեսակետից» թեման, երկրորդ մասում` «Սեռական առողջությունը` հարակից մասնագիտությունների դիտակետում», երրորդ մասում՝ «Սեռական առողջության արդի խնդիրները»։

Գիտաժողովի կազմակերպիչներից  ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանի համար, որը 13 տարի է, ինչ աշխատում է ամբիոնում, անսպասելի էր գիտաժողովի նկատմամբ ուսանողների և շրջանավարտների ցուցաբերած հետաքրքրությունը։ «Անկեղծ ասած՝ չէի սպասում այսպիսի մեծ արձագանքի: Թե՛ ուսանողներ, թե՛ շրջանավարտներ են ներկա ամբիոնի 20-ամյակին նվիրված   գիտաժողովին, որը հենց նրանց տոնն է։ Այսօր ուսանողների 98 տոկոսը, եթե ոչ հարյուրը, առարկա ընտրելու հնարավորության դեպքում  ընտրում է մեր առարկան: Դա խոսում է այն մասին, որ ուսանողը՝ ապագա բժիշկը, հետաքրքրված է սեռական առողջության հիմունքներով, ուզում է լինել սեռապես գրագետ»,- մեզ հետ զրույցում ասաց Շահրամանյանը։ Դասախոսը հավելեց, որ իր ուսանողները հիմա հրաշալի բժիշկներ են:

​ «Յուրաքանչյուր ամբիոնի համար մեծ պատիվ է իր քսանամյակին ընդունել նման մեծանուն հյուրերի, մասնագետների: Երբ մասնագետը գալիս և ելույթ է ունենում, ինչից հետո մեզանում փոխվում են որոշ սկզբունքներ որոշ հարցերի վերաբերյալ, դա նշանակում է, որ մասնագետն իսկապես կայացած է»,- նշեց Շահրամանյանը։ Ըստ նրա՝ նման գիտաժողովները նպաստում են հասարակության զարգացմանը:

Դասախոսն ասաց, որ ուզում է՝ ապագա բժիշկները լինեն գրագետ: Ամբիոնում անցկացված գիտաժողովը համարեց կայացած։

Հոկտեմբերի 19-ին նույն գիտաժողովը կշարունակվի Հանքավանում:  Գիտագործնական արտագնա սեմինարի ընթացքում կքննարկվեն կիսատ թողնված թեմաներն ու կլինիկական դեպքերը:

Հասմիկ Չոբանյան 
2-րդ կուրս

Կիսվել