ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՈՆԱ ՎԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍՈՆԱ ՎԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

1152

Հոկտեմբերի 21-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքում տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը։ ժողովածուն ամփոփում է հեղինակի վերջին տարիների գրած բանաստեղծությունները։ Հանդիպումը կազմակերպել էր համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը։ Ներկաները ԵՊՀ ուսանողներն էին, որոնք ծանոթ էին բանաստեղծուհու գրականությանը։

Հեղինակը հենց սկզբում նշեց, որ կարևոր էր այստեղ շնորհանդես ունենալը․ նրա խոսքով՝ այս օրրանը ոչ միայն կրթական, այլև հոգեբանական, կենսական և կենսագրական մեծ նշանակություն ունի։ Սոնա Վանի հայրը, ում նվիրված է նրա նոր գիրքը, ֆիզիկոս է եղել և մինչև իր կյանքի վերջին օրերը դասավանդել է համալսարանում։

Գրական-գեղարվեստական մթնոլորտը ստիպեց ներկաներին հանպատրաստից ասմունքել ամբիոնի մոտից, ինչպես նաև ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները հեղինակից։
Հարց հնչեց՝ արդյո՞ք հեշտ է օտար միջավայրում պահել լեզուն և ստեղծագործել հայերենով։ Սոնա Վանը մի պահ լռեց, ժպտաց, թվում էր՝ վերհիշելով անցյալը սկսեց բարձրաձայն  մտածել․ «Ե՞ս եմ պահել լեզուն, թե՞ լեզուն է պահում ինձ։ Ամեն դեպքում լեզուն է կենդանի պահել ինձ, և ես, մեզանից ամեն մեկը պարտավոր է պահել իր ինքնությունը՝ լեզուն»։

Սոնա Վանի նոր գիրքն այն ամենի մասին է, ինչն ընթերցողին կստիպի մտածել. խաղաղասեր կին, պատերազմ, ընտանիք, մարդ… ամեն բան հավաքվել են այս գրքի մեջ։ Հանդիպման ընթացքում նաև ցուցադրվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքֆիեմ անապատի համար» ստեղծագործությունը՝ բանաստեղծուհու «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա,  որը նվիրվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Այն  թարգմանվել է 25 լեզուներով և արժանացել պոեզիայի միջազգային հեղինակավոր մրցանակների։

Լիլիթ Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել