ԱՌԱՋԱՏԱՐ ԴՊՐՈՑԸ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

ԱՌԱՋԱՏԱՐ ԴՊՐՈՑԸ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

1872

Ամեն տարվա պես, այս տարվա հոկտեմբերի վերջին հինգշաբթի օրն էլ դպրոցներում անց կացվեց «ԱՅԲ» կրթական հիմնադրամի նախաձեռնած «Մեղու. հայոց լեզուն բոլորի համար» մրցույթը։

2014 թվականից սկսած Վազգեն Առաջինի անվան դպրոցն աչքի է ընկնում իր գրանցած հաղթանակներով թե՛ «Մեղու», թե՛ «Կենգուրու» մրցույթներում։ Դպրոցում բավականին շատ են մրցույթին մասնակցող աշակերտները։

Հայոց լեզու և գրականություն առարկաների ուսուցչուհի Աննա Գիլավյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գրեթե բոլորն էլ ուզում են մասնակցել մրցույթին: Լինում են դեպքեր, երբ աշակերտները լավ իրազեկված չեն լինում և նեղանում են մեզնից, թե ինչու շուտ չէինք ասել, որ իրենք էլ մասնակցեն»։ Ըստ ուսուցչուհու՝ դպրոցի հաջողության գրավականը խելացի և բարձր ինտելեկտով երեխաներն են, ապա ուսուցիչները։

Դպրոցի տնօրեն Գոհար Մելիք-Ստեփանյանը նախքան մրցույթի սկսվելն անցավ դասասենյակներով և հաջողություն մաղթեց աշակերտներին, հորդորեց լինել անվախ։ Իսկ մեզ հետ զրույցում ասաց. «Մրցույթը հետագա քննությունների համար փորձ ձեռք բերելու լավ հարթակ է: Մրցույթի առանձնահատկությունն այն է, որ երեխաները, հաջողություններ գրանցելով, ոգևորվում են ու սիրում իրենց մայրենի լեզուն։ Որպես կանոն, մրցույթից հետո՝ դասամիջոցին, նկատում եմ բուռն քննարկում երեխաների միջև: Ահա այստեղ զարգանում է կոլեկտիվում աշխատելու և իրենց տեսակետն ու կարծիքն արտահայտելու հմտությունը»։

Մրցույթին մասնակցում էին հիմնականում հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ և իններորդ դասարանցիները։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին փաստեց, որ իր աշակերտները չեն ուզում բավարարվել մասնակցությամբ, և հաջողություն գրանցելուց հետո ամբողջ դպրոցը  հպարտանում է նրանցով։

Հասմիկ Չոբանյան
2-րդ կուրս

Կիսվել