Անընդմեջ զարգացող տեխնիկան ամենից շատ գրավում է երեխաների և պատանիների ուշադրությունը: Նրանցից շատերը սոցկայքերում ունեն իրենց անձնական էջերը և շատ հանգիստ օգտվում են համացանցից: Փորձեցինք հենց երեխաներից պարզել, թե նրանք հիմնականում ինչով են զբաղվում համացանցում և ինչ է տալիս իրենց համացանցը, և մեծամասնության կարծիքով դա պարզապես օրը լցնելու միջոց է. «Դե դասից որ գալիս եմ, ուզում եմ իջնեմ դուրս խաղամ, բայց ընկերներս չեն գալիս, ես էլ մենակով դե չեմ իջնի: Դրա համար հեռախոսով եմ զբաղվում, ընկերներիս, դասարանցիների հետ գրվում»,- ասաց 15 ամյա Արթուրը: Իսկ 17 ամյա Ռոբերտի խոսքով` համացանցից չօգտվելով օրդ միապաղաղ ես անցկացնում. «Դե տեսեք, եթե ամեն օր դասի, դասից տուն լինի ու ոչ մի ինտերնետ, ի՞նչ ենք անելու՝ չեմ պատկերացնում: Ինտերնետով գոնե շփվում ենք, նոր ընկերներ ձեռք բերում ու ամեն օրդ նույն կերպ չի դասավորվում, որովհետև համացանցից մի հետաքրքիր բան ես դիտում կամ կարդում ու հետաքրքրացնում օրդ, վստահ եմ բոլորդ էլ կհամաձայնեք» , ասաց Ռոբերտը:
Իսկ առհասարակ ո՞ր տարիքից է ճիշտ անձնական էջ ունենալը, և, արդյո՞ք վտանգ է ներկայացնում երեխաների մուտքը համացանց, պարզաբանում է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը. «Երեխաները կարող են մտնել համացանց այն տարիքից, երբ իրենց ձեռքը կընկնի իրենց ծնողների հեռախոսը կամ համակարգիչը, և հետևել պրոցեսին ` բավականին բարդ է : Կարևորը, որ ծնողները ճիշտ կարգավորումներ տան հեռախոսին կամ համակարգչին, կատարեն համապատասխան արգելափակումներ` վտանգները նվազեցնելու համար: Վտանգներից են օրինակ, երբ երեխան չհասկանալով սեղմում է գովազդի կամ կայքի վրա և համակարգիչը վիրուսով է վարակվում, կամ եթե իրենց ծնողները լուրջ մարդիկ են, երեխաները կարող են ինչ-որ սխալ բան գրել և խաղալ ծնողների գործարար համբավի հետ» : Հոգեբան Տիգրանուհի Աճեմյանի խոսքով ` վաղ տարիքից համացանցով և հեռախոսով տարվելը կարող է առաջացնել հոգեբանական մի շարք խնդիրներ. «ժամանակակից աշխարհում ապրող երեխաները դժվարությամբ կարող են պատկերացնել, թե ինչպես էին անցյալում մարդիկ գոյատևում առանց համացանցի, սոցիալական ցանցերի, համակարգիչների, պլանշետների կամ սմարտֆոնների: Տեխնիկայով և համացանցով տարվելը երեխաների մոտ վաղ տարիքից առաջ է բերում մի շարք խնդիրներ `աղճատվում է աշխարհընկալումը, ի հայտ են գալիս դժվարություններ շփման և հաղորդակցման ոլորտում, ինչպես նաև տուժում է խոսքի և համատեղ ուշադրության զարգացումը: Ես, որպես հոգեբան, ծնողներին խորհուրդ կտայի առաջնահերթությունը տան իրական շփմանը: Անհրաժեշտ է զարգացնել երեխայի սոցիալական հմտությունները, ինչպես նաև ռեալության զգացումը և իրական կյանքում առկա կարգուկանոնի ընկալումը, որպեսզի նա յուրացնի այդ կանոններն ու պահպանի դրանք» :
Օֆելյա Պողոսյան
3-րդ կուրս