ԳԻՏԵԼԻՔԸ ԱՅԼ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ

ԳԻՏԵԼԻՔԸ ԱՅԼ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ

981

Մինչ մեր ուսանողները պատրաստվում են միջանկյալ քննություններին, մենք պարզել ենք, թե ինչպես են ստուգում գիտելիքը արտասահմանյան բուհերում։

Հայաստանի համալսարաններում գիտելիքի ստուգման ձևերը քննություններն են՝ միջանկյալ և ամփոփիչ, գրավոր և բանավոր։ Բայց մի շարք ուսանողների կարծիքով դրանք կորցրել են իրենց արդյունավետությունը․ ոմանք արտագրում են, դասախոսները քիչ են տալիս, բայց շատ են պահանջում, անհրաժեշտ գրականություն չկա և այլն։

Հարկ է նշել, որ արտասահմանում արտագրության դեմ պայքարում են քննության համար հատկացված ժամաքանակը կրճատելով կամ խստությամբ  և ուշադիր հսկելով:

«Մեր համալսարանում տարբեր են գիտելիքի ստուգման ձևերը՝ պրեզենտացիաներից մինչև էսսեներ, պարբերաբար քննարկումներ ու բանավեճեր, վերջում հանձնում ենք գրավոր կամ բանավոր քննություն»,- ներկայացնում է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի ուսանող Համլետ Սիմոնյանը:

Կալինինգրադի Իմիանուիլ Կանտի անվան համալսարանի ուսանողները և դասախոսները նախօրոք գրանցվում են համալսարանի կայքում։ Ուսանող Արման Ալավերդյանը պատմում է, որ դասախոսները այդ կայքում տեղադրում են թեստեր, որոնք պետք է լուծել հստակ ժամանակահատածում։

«Բացի այդ, ամեն ամիս անցկացվում է հատուկ ստուգում. ուսանողներները նստում են կլոր սեղանի շուրջ, և դասախոսը հարց է տալիս յուրաքանչյուրին»,- ասում է Արմանը։

Եթե արտասահմանում տեխնիկան օգտագործում են քննություն հանձնելու համար, մեր ուսանողները օգտվում են ժամանակակից խելացի սարքերից գրավորը արտագրելու համար։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը բացատրում է, թե տեխնիկան ինչպես կարող է օգնել այս հարցում․«Մենք, երբեմն, ձեռագրի հետ կապված խնդիրներ ենք ունենում, համակարգչային քննությունների դեպքում ստուգումն ավելի հեշտ է դառնում», -ասում է նա ու հավելում, որ տեխնիկան կարող է հանգեցնել արտագրության նոր մեթոդների,  եթե օգտագործենք դրա ուսուցողական բաղադրիչները  շատ ավելի լավ։

Սերոբ Խաչատրյանը դեմ է թեստերից հրաժարվելուն, բայց նրա խոսքով՝ դրանք բավարար չեն․ պետք է ստուգել նաև գիտելիքի կիրառումը, ուսանողի մտածողության հմտությունները։

Միլենա Մովսեսյան
3-րդ կուրս

Կիսվել