Հոկտեմբերի 21-ից Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում ցուցդրված են նկարչուհի Նազիկ Ասլանյանի վերջին երեք տարիների կտավները։

«Ծաղիկը», «Բնապատկերներ», «Իրականություն», «Արև», «Ծառերը» շարքերի ավելի քան 50 կտավներ ներկայացված են «Իրականութան բացահայտումներ» խորագրով ցուցահանդեսում։

Մեզ հետ զրույցում նկարչուհին պատմեց, որ 20 տարուց ավելի է՝ ստեղծագործում է, և հիմնական ներշնչանքը բնությունն է։ Այնուհետև շարունակեց. «Ձգտում եմ իմ արվեստով հաղորդել այնպիսի զգացումներ, որ մարդիկ մի պահ կտրվեն արտաքին աշխարհից և զգան իրենց թաքնված խորը իրականությունը։ Ընդհանրապես բոլոր շարքերն էլ առանձին գեղանկարչական խնդիրներ ու լուծումներ ունեն և յուրաքանչյուրն առանձին՝ խոսք ու ասելիք ունի: Ամեն դիտող յուրովի է ընկալում պատկերը և հուսամ՝ դիտողն էլ է ստեղծագործում մտքում»։

Անդրադառնալով արևի ներշնչանքին՝ Նազիկ Ասլանյանն ասաց. «Արևն ինձ համար լույսի, հավերժության, կյանքի խորհրդանիշ է՝ բնությունից վերցված խորհրդանիշ»։
Ցուցահանդեսին հատուկ ուշադրության էին արժանանում հատկապես հեղուկ ապակու շնորհիվ փայլ ստացած և եռաշերտ ապակե կտավները: Իր աշխատանքների մասին նկարչուհին պատմեց. «Եռաշերտ ապակու վրա ստացել եմ նկար, որը կամայական լույս ու ստվերով ամբողջացնում է նկարը։ Այս անգամ ներկայացրել եմ նաև ժամանակակից թվային տեխնիկա՝ այն զուգորդելով դասական կտավի ու յուղաներկի հետ»։

Ցուցահանդեսի այցելու Մարիամ Բարսեղյանին հիացրել է գունային գամման և լուսանկար-յուղաներկ համադրությունը: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Արվեստում առաջին անգամ եմ տեսնում նման տեխնիկա։ Ինձ դուր եկավ QR կոդով հնարքը, որը թույլ էր տալիս բոլոր կտավները տեսնել համացանցում»։

Նկարչուհին անկեղծացավ,որ ցուցահանդեսի հետ կապված հարցերում իրեն օգնել է նկարիչ Անատոլի Ավետյանը:

Նշենք՝ Նազիկ Ասլանյանը բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանում։ Հայաստանյան ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը։

Արփի Ալավերդյան
2-րդ կուրս