Ինչո՞ւ են մարդիկ ծխախոտ օգտագործում, ի՞նչ հետեւանքներ ունի այն եւ ինչպե՞ս ազատվել...

Ինչո՞ւ են մարդիկ ծխախոտ օգտագործում, ի՞նչ հետեւանքներ ունի այն եւ ինչպե՞ս ազատվել կախվածությունից

2934

Արամ Ս-ն, ով քառասուն տարվա ակտիվ ծխող է, ունի ծխախոտից խիստ կախվածություն։ Օրական օգտագործում է 2-3 տուփ ծխախոտ, նրա մոտ հայտնաբերվել է թոքային և շնչառական անբավարարություն, ունի թոքերի ախտահարում։ «Վաղուց էի ուզում դիմել բժշկի օգնությանը, որովհետև շնչառական խանգարումներս օրեցօր ավելի ու ավելի էին բարդանում ու ճնշում ինձ։ Բժիշկը ասաց, որ ճիշտ է՝ արդեն շատ ուշ է թոքերս բուժելու համար, բայց փոխարենը առաջարկեց մի քանի միջոց շնչառությունս ինչ-որ չափով կարգավորելու համար»,- պատմում է Արամ Ս-ն։

Ի՞նչ հետեւանքներ ունի ծխախոտից կախվածությունը եւ ինչպես ազատվել դրանից

Թոքաբան Իրինա Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծխախոտը պարունակում է մի շարք վնասակար նյութեր՝ խեժ, նիկոտին, ուռուցքածին նյութեր։ «Շատերը մտածելով, որ մեղմ ծխախոտը ավելի քիչ խեժ է պարունակում, ուրեմն՝ քիչ վնասակար է և կարելի է այն օգտագործել։ Սակայն նշված նյութերից նիկոտինն է, որ մարդու մոտ առաջացնում է կախվածություն, և դրա հաշվին է ծխելու պրոցեսը հաճելի թվում մարդուն»,- ավելացրեց մասնագետը։ Նա նշեց, որ ծխախոտի օգտագործման հետևանքով կարող են առաջանալ թոքի խրոնիկական հիվանդություններ, թոքի, գլխուղեղի քաղցկեղ և այլ օրգանների ուռուցքներ։ «Շատ անհանգստացնող է կանանց ծխելու փաստը, հատկապես՝ հղիների շրջանում, քանի որ նիկոտինը բացասական ազդեցություն է ունենում պտղի գլխուղեղի զարգացման վրա»,- հավելեց թոքաբանը։ «Տարբերություն կա էլեկտրոնային ծխախոտի և սովորական ծխախոտի միջև, թեև երկուսն էլ կախվածություն առաջացնելու հատկություն ունեն։ Ճիշտ է՝ էլեկտրոնային ծխախոտի մեջ խեժի քանակությունը քիչ է, բայց փոխարենը նրանում կան հավելյալ նյութեր, օրինակ՝ համային կոնցենտրատներ, որոնք քիմիական ձևով ստացած նյութեր են և ունեն իրենց բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա»,- ասաց թոքաբանը։ Իրինա Խաչատրյանի խոսքով՝ նիկոտինից կախվածությունը վերացնելու համար կան մի շարք միջոցներ, ինչպիսիք են՝ ենթամաշկային բլիստերները, հատուկ տիպի մաստակները, սակայն առավել արդյունավետ են բլիստերները, քանի որ այն օրգանիզմին տալով դոզավորված նիկոտին, աստիճանաբար դրա չափաբաժինը նվազեցնում է և օրգանիզմը հետզհետե սովորում է նիկոտինի քիչ քանակությանը և կամաց-կամաց վերանում է նիկոտինից կախվածությունը։

Ինչո՞ւ են մարդիկ ծխախոտ օգտագործում

«Ծխախոտ օգտագործողների մոտ 70-80 %-ը առաջին գլանակը օգտագործում է դեռահասության շրջանում՝ 13-15 տարեկանում»,- մեզ հետ զրույցում նշում է հոգեբան Մելինե Հովհաննիսյանը՝ դեռահասների ծխախոտի օգտագործման պատճառ համարելով տարիքային առանձնահատկությունները, էմոցիոնալությունը, ինքնահաստատումը, հետաքրքրասիրությունը, շրջապատը։ Ցանկացած կախվածություն, նրա խոսքով, ունի իր պատճառները, ինչպիսիք են՝ էմոցիաները, չհագեցվածությունը։ Հոգեբանը նշեց, որ ցանկացած կախվածությունից հնարավոր է ազատվել, եթե միայն կա ցանկություն․ բացառություն են կազմում այն մարդիկ, ովքեր երկար տարիներ ունեցել են որևէ կախվածություն, այս դեպքում նրանց ամբողջ օրգանիզմը քայքայված է լինում, խանգարվում են օրգանիզմի բոլոր ֆիզիոլոգիական պրոցեսները և անձը հոգեպես ի վիճակի չի լինում առանց դրանց ապրելու։ Նա նշեց, որ դեռահասության շրջանում ծխախոտի օգտագործման կանխարգելմանը պետք է նպաստի ընտանեկան դաստիարակությունը, կրթությունը, դպրոցը։

Մեզ մոտ՝ Հայաստանում մի շարք միջոցներ են իրականացվում ծխախոտի դեմ պայքարելու համար․ կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, սեմինարներ, դպրոցում դասընթացներ առողջ ապրելակերպի շրջանակներում։ Մասնագետների կարծիքով՝ ծխախոտի դեմ պայքարելու լավագույն միջոցը լուսավորչական աշխատանքներն են, որոնք կնպաստեն նրան, որ մարդիկ կգիտակցեն, որ ծխելով իրենք ոչ միայն վնասում են իրենց, այլև իրենց շրջապատող մարդկանց։ Հավելենք նաեւ, որ Հայաստանում կան մի շարք ընդունված օրենքներ և տուգանքներ ծխախոտի վերաբերյալ։ Ի դեպ, Հայաստանում 2008 թվականից հոկտեմբերի 12-ը նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր։ 2019 թվականի վիճակագրական տվյալների համաձայն՝ մեր բնակչության միայն 26 տոկոսն է ծխող։ Ըստ այդմ՝ Հայաստանում ծխում է տղամարդկանց 52, կանանց՝ 2-3 %-ը։

Մերի Մաթեւոսյան

2-րդ կուրս

Կիսվել