«ԸՄ ՄԱՄ ԺԱՄ ՉԸՐ ԷՐԹԵ»

«ԸՄ ՄԱՄ ԺԱՄ ՉԸՐ ԷՐԹԵ»

1528

Արագածոտնի մարզի Թալինի շրջանի մի փոքրիկ անկյունում է գտնվում սասունցի ու մշեցի գաղթականների հիմնած Իրինդ գյուղը։ Այս տարի իրինդցիները նշեցին գյուղի հիմնադրման 100-ամյակը։ Թեև գյուղի հիմնադիրներից ոչ ոք այլևս ողջ չէ, բայց նրանց սերունդները միշտ կարոտով ու ակնածանքով են խոսում իրենց բնօրրան Սասունի մասին։ Այդ սերնդի թերևս ամենակարկառուն ներկայացուցիչներից են 89-ամյա Վարդգես Քոթանյանը և 87-ամյա թագուհի Մարտիրոսյանը։

Տիկին Թագուհին կամ, ինչպես նրան գյուղում են ասում, տատի Թագուշը ցավով է հիշում մանկության տարիները։ Ասում է, որ ամեն անգամ, երբ իր մայրիկին խնդրում էր եկեղեցի գնալ, մայրը բարկանում էր ու սաստող տոնով ասում՝ Գըդրը քու ծեն» (կտրի՛ր ձայնդ), և ինքն այդպես էլ եկեղեցի չէր գնում։ Թագուհի տատիկն ասում է, որ այդպես էլ մինչև վերջ չիմացավ, թե մայրն ինչու չէր գնում եկեղեցի, միայն ենթադրում է, որ պատճառն այն է, որ նրա ողջ գերդաստանին թուրքերը կոտորել էին, և նա այլևս Աստծուն չէր հավատում…

Իսկ Վարդգես պապիկը պատմում է իր հորեղբոր՝ Ապո Սմբատի մասին: Ասում է՝ նա ապրել է 103 տարի։ Ասում է նաև, որ երբ խոսում էին Ապո Սմբատի կրտսեր աղջկա՝ Ախութի մասին, Ապո Սմբատը լալիս էր և խնդրում չտալ այդ անունը։ Պատճառն այն էր, որ գաղթի ճանապարհին Ախութը ջուր է ուզել, Ապո Սմբատը նրան դրել է Մասրենու թփի տակ և հեռացել՝ ասելով, որ գնում է ջուր բերելու, և այդպես էլ չի վերադարձել Ախութի հետևից։ Մինչև կյանքի վերջին օրը Ապո Սմբատը չի ներել ինքն իրեն…

Բազմաթիվ են նմանատիպ պատմությունները Սասնո աշխարհի պատառիկների մասին: Այսօր այս ամբողջի միջով անցած սասունցի-իրինդցիները միայն հպարտությամբ են խոսում իրենց հայրենիքի, անցած ճանապարհի և գալիք հաղթանակների մասին: Խոստանում են, որ ամեն գնով կվերադառնան Սասուն՝ հին քաջերի, ֆիդայիների, հերոսների ամենահերոսական հայրենիքը։

Դիանա Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել