Նոյեմբերի 13-ը ողջ աշխարհում նշվում է, որպես Բարության համաշխարհային օր: Այն տոնում են բոլորը՝ անկախ կրոնական, ազգային պատկանելությունից:
Շարժումը ստեղծվել է Ճապոնիայում 1997թ.-ին` միավորելով կամավորներին տարբեր երկրներից, ովքեր ոգեշնչում են մարդկանց բարի արարքներ գործելու:
1998 թ.-ի այս օրը Տոկիոյում անցկացվել է Հանուն բարության միջազգային շարժման առաջին կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Կանադան:
Գաղափարի հեղինակները միջազգային բարեգործական կազմակերպություններն են։ Կազմակերպիչները համարում են, որ եթե մարդն իր բարության դիմաց ակնկալիք ունի, ապա այդ արարքը չի կարող համարվել բարություն:
Սակայն, Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում այս տոնը այնքան էլ տարածված չէ, բայց գերմանացի գիտնականները պնդում են, որ բարին գործելու մեջ է թաքնված երջանկությունը:
Միջազգային հիմնադիրները կոչ են անում միանալ այս ոչ պաշտոնական տոնին, քանի որ այն նվազեցնում է աշխարհում եղած չարությունը:
Տոնի նպատակն է հորդորել մարդկանց ավելի հաճախ բարի գործեր անել, բարի լինել ոչ միայն տվյալ օրը, այլ՝ մշտապես: Տոնի նպատակներից է նաև համախմբել մարդկանց՝ անկախ առկա լեզվական և մշակութային տարբերություններից:
Տոնի գոյության ընթացքում արդեն իսկ ձևավորվել են մի շարք ավանդույթներ, այսպես, բացի բարի գործեր անելուց և ժպիտներ պարգևելուց, Բարության համաշխարհային օրն ընդունված է նաև նվիրել ծաղիկներ ծանոթ և անծանոթ մարդկանց: Ի դեպ, այս օրվա համար ֆրանսիացի նկարիչ Օրելն ստեղծել է հատուկ խորհրդանիշ՝ բաց սիրտ:
Սվետլանա Դավթյան
2-րդ կուրս