Նոյեմբերի 11-ին Կույրերի միության մշակույթի տանը անսովոր եռուզեռ էր։ Տնօրեն Յուրիկ Ավետիսյանը քննարկում էր հրավիրել մշակույթի տան խնդիրները բարձրաձայնելու և կույրերի հետ կապված հարցերը պարզաբանելու համար։ Ըստ տեսողական խնդիրներ ունեցողների՝ շենքը դատապարտված է միայնության՝ չնայած այն բանին, որ հագեցած է տեսողական խնդիրներ ունեցողների զբաղմունքն ու մշակութային զարգացումն ապահովող գույքով։ Տնօրենն ասում է, որ շենքը կա, բոլոր հարմարությունները կան, պարզապես կույրերն այնտեղ հասնելու խնդիր ունեն. «Գնալ գալու համար նրանք 400 դրամ չունեն։ Պետք է վերականգնել չտեսնող մարդկանց տեղաշարժման իրավունքը։ Մինչև 2000թ.-ը կույրերն անվճար օգտվել են ավտոբուսից, իսկ այսօր այդ հնարավորությունը չկա»,- իր ելույթում ասաց տնօրեն Յ. Ավետիսյանը։ Նախորդ օրը կայացած ասուլիսի ժամանակ հրավիրվել էին լրատվամիջոցներ և տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ։ Սակայն քննարկմանը ոչ մի լրատվամիջոց չէր եկել, իսկ նախարարություններից ներկայացել էր միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը՝ նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։ Փոխնախարարը ելույթը սկսեց՝ ասելով, որ շատ է շտապում։ Նա նշեց միայն, որ նախարարության սեղանին ոչ մի անգամ նման հարց չի դրվել, բայց իրենց դռները բաց են ծրագրեր ունեցողների առաջ։ Հավելեց նաև, որ հայտարարել են դրամաշնորհային մրցույթներ։ Ելույթից հետո, երբ խոսափողը տրամադրվում էր մյուս բանախոսներին, փոխնախարարն ասաց, որ պիտի գնա, մինչդեռ դահլիճի աջ կողմում արտահայտվել ցանկացողներ կային։ Նրանց մեջ էր նաև երկար տարիներ կույրերի միության անդամ Ռազմիկ Դանիելյանը։ Վերջինս Գեմաֆին Գասպարյանի ելույթի ընթացքում մի քանի անգամ ցանկացավ բարձրաձայնել իր հարցը, բայց նրան հնարավորություն չտրվեց։ Միայն Գասպարյանի հեռանալուց հետո Ռ. Դանիելյանն ասաց. «Ցավոք սրտի, նախարարի տեղակալը գնաց, նա պետք է լսեր միավորման գոնե մի քանի անդամի, բայց ուզում եմ բարձրաձայնել երկու հարց. առաջինը արդեն արծարծված տեղաշարժման հարցն է, երկրորդը՝ կույրերի սոցիալական վիճակը։ Առաջարկում եմ կոմունալ վարձավճարները դարձնել 50%։ Հուսամ, որ մեր խոսքը տեղ կհասնի, ու ստիպված չենք լինի դռներ ծեծելու»։ Կույրերին սատարելու նպատակով եկել էին ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ում միջնորդությամբ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը անվճար տնկիներ է տրամադրել՝ մշակույթի տան այգում տնկելու համար և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի դասախոս Ս. Հովեյանը, ով ուսանող կամավորների էր բերել ծառատունկն իրականացնելու համար։ Սակայն մշակույթի տան տնօրեն Յուրիկ Ավետիսյանը նշեց, որ այգին ոռոգելու խնդիր էլ ունեն։ Քննարկումն ավարտվեց բարի նոտաներով։ Ելույթ ունեցավ Կույրերի միավորման երգչախումբը։ Նրանք հնչեցրին կոմիտասյան «Կռունկ»_ից մինչև «Զարթնի՛ր, լաո՛»-ն։
Հիշեցնենք, որ մշակույթի տունը պատկանում է Հայաստանի կույրերի միությանը, որը ստեղծվել է դեռևս ԽՍՀՄ ժամանակներից տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Կառույցը կոչված է կապ հաստատելու հասարակության, պետության և կույրերի միջև։
Լուսինե Հակոբյան
2-րդ կուրս