Նոյեմբերի 20-ին «Նարեկացի» արվեստի միության դահլիճում տեղի ունեցավ «Պոեզիայի մեջլիս» խորագրով միջոցառումը, որը նվիրված էր մեծանուն աշուղ Սայաթ-Նովային։ Բեմում էին դերասան Սամվել Բաղինյանն ու ճարտարագետ Բորիս Չթչյանը։ Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Դանիել Երաժիշտը, ով նաև միջոցառման նախաձեռնողներից մեկն էր։ Նա պատմեց մեջլիսի հայտնի պատմությունը, երբ պարսիկ աշուղը պարտվում է Սայաթ-Նովային։ Այնուհետև ընդգծեց, որ իսկապես, Սայաթ-Նովա ասմունքելը հեշտ բան չէ։ Սամվել Բաղինյանն ու Բորիս Չթչյանը սկսեցին միջոցառումը։ Մեկը մյուսին հաջորդելով՝ հնչեցնում էին Սայաթ-Նովա։ Իսկ Բորիս Չթչյանը կատակով դիմեց հանդիսատեսին. «Դե, Սայաթ-Նովան անվերջ է, դիմացե՜ք»։
Վերջինս ասմունքում էր նաև Սայաթ-Նովայի վրացերեն և Վ. Բրյուսովի թարգմանած ռուսերեն տաղերը։ Ամենահայտնի բանաստեղծությունների ժամանակ հանդիսատեսն էլ էր միանում ասմունքին, ու միջոցառումը երբեմն ինտերակտիվ բնույթ էր ստանում։ Սայաթ-Նովայից հետո անցում կատարվեց Չարենցի «Տաղարանին», որը նվիրված է մեծանուն աշուղին ապա՝ Ջիվանուն, ով ևս շատ բանաստեղծություններ է ձոնել Սայաթ-Նովային։ «Սպիտակ մազեր» բանաստեղծությունն ասմունքելուց առաջ Սամվել Բաղինյանն անկեղծացավ ու կատակով ասաց. «Ես գիտեի, թե սպիտակ մազերով տղամարդիկ են կանանց դուր գալիս դրա համար երիտասարդ ժամանակ միշտ երազել եմ սպիտակել»։ Միջոցառումն իր գեղեցիկ կատարմամբ ավարտեց հայտնի դաշնակահար Վազգեն Մանուկյանը, որին հաջորդեցին ներկաների բուռն ծափահարությունները։
«Անչափ տպավորված եմ․ հայ պոեզիան այսօր քիչ է պրոպագանդվում, ու քիչ կան այսպիսի միջոցառումներ, ինչը ցավալի է։ Ես մեծ բավականություն ստացա այսօրվանից»,-ասաց հանդիսատես Շողիկ Մարտիրոսյանը։ Միջոցառման ավարտից հետո Սամվել Բաղինյանը մեզ հետ զրույցում ասաց. «Միջոցառումը համարում եմ ստացված։ Մենք շատ անհանգիստ էինք։ «Նարեկացի» արվեստի միության հետ համագործակցում եմ արդեն մեկ տարի։ Այս անգամ ինձ համար բացահայտում էր Բորիս Չթչյանը, ում հետ հենց այստեղ եմ ծանոթացել, և մեծ սիրով ընդունեցի առաջարկը՝ կապված միջոցառման հետ։ Մեր համագործակցությունը դեռ շարունակական կլինի, և միասին դեռ շատ անգամներ հանդես կգանք»։ Բաղինյանը նաև հավելեց, որ ինքը «հիվանդ» է հայ դասական պոեզիայով։ Իսկ թե ինչու հենց Սայաթ-Նովա՝ պատասխանեց, որ Սայաթ-Նովայի հանդեպ առանձնահատուկ սեր ունի։
Հիշեցնենք, որ «Նարեկացի» արվեստի միությունը ստեղծվել է 15 տարի առաջ ամերիկահայ բարերար Նարեկ Հովհաննիսյանի ու իր ընտանիքի ջանքերով։ Հիմնադրի կնոջ՝ Անահիտ Հակոբյանի խոսքով՝ միությունը ստեղծում է անշահախնդիր հարթակ արվեստագետների ու նորաթուխ ստեղծագործողների համար, ովքեր ասելիք ունեն արվեստում։ Հանդիսատեսը անվճար գալիս, հանդիպում է արվեստագետին ու նրա ստեղծագործություններին։
Լուսինե Հակոբյան
2-րդ կուրս