Նոյեմբերի 19-ին «Նարեկացի» արվեստի միությունն իր դռներն էր բացել նարեկասերների առաջ։ Միջոցառումը քիմիկոս, ֆիզիկոս Հովհաննես Դավթյանի վերլուծության մասին էր։ Վերջինս գիտականորեն բացատրել ու ապացուցել էր Նարեկացու խոսքի ճշմարտացիությունը, իսկ միջոցառումն էլ վարում էր նրա թոռնուհին՝ Անահիտ Դավթյանը։ Ներկա էին ոչ միայն հայ, այլև օտարերկրացի հյուրեր։

Միջոցառումից առաջ իր քանոնի հնչյուններով նարեկասերներին ներս հրավիրեց

«Նովա» ժողովրդական նվագարանների ասամբլի քանոնահարուհի Եվգինե Մելիքյանը։ Միջոցառումը սկսվելուն պես անջատվեցին բոլոր լույսերը․ մեծ էկրանին հայտնվեց Նարեկացու աղոթքներից մեկը, որը ներկաները լսեցին հոտնկայս։ Կանգնել էին անգամ նրանք, ովքեր դժվարությամբ էին ոտքի վրա կանգնում։ Մի տատիկ էլ, ով ձեռքում պինդ պահել էր փոքրիկ  «Նարեկ»-ը, աղոթքի ընթացքում անընդհատ սրբում էր արցունքները։ Աղոթքը ոտքի էր հանել նաև օտարերկրացիներին, ովքեր ոչ միայն ուշադիր հետևեցին միջոցառման ողջ ընթացքին, այլև գրառումներ արեցին իրենց նոթատետրերում։ Աղոթքից հետո ներկաները վայելեցին Գրիգոր Նարեկացու «Հավուն հավուն»-ը

քանոնահարուհի Եվգինե Մելիքյանի կատարմամբ։ Հաջորդիվ խոսքը տրվեց Հովհաննես Դավթյանի թոռնուհի Անահիտ Դավթյանին.

«Պապս իր կնոջ մահից հետո սարսափելի ապրումների մեջ էր։ Նա անդադար մտածում էր՝ կա արդյո՞ք հոգու անմահություն։ Երազում նա ստանում է հավասարումներ։ Պրոֆեսոր Դավթյանը աշխատել է հիմնարար դաշտի տեսության, հարաբերականության ընդհանուր տեսության վրա և դուրս բերել այնպիսի հավասարումներ, որոնց նկատմամբ Էյնշտեյնի հավասարումները մասնակի բնույթ ունեն և մաս են կազմում ընդհանուր տեսության։ Այդ հավասարումները տպագրվել են Գերմանիայի այն ամսագրում, որի խմբագիրն առաջ Էյնշտեյնն էր։ Հավասարումներից հետևում է այն իմաստը, որ տիեզերքում հնարավոր է գերբնականություն»։

Այս խոսքերին հետևեց մի մեծածավալ տեսանյութ Նարեկացու բանական խոսքի վերլուծության մասին՝ ըստ Հովհաննես Դավթյանի։ Տեսանյութից հետո Անահիտ Հակոբյանն էլ կատարեց Նարեկացու «Հավուն հավուն» -ը։

«Շատ հաճախ մենք երգում ենք երգեր, որոնց բառերը չենք հասկանում։ Այսպես, հավունը խորհրդանշում է Քրիստոսին։ Հավուն-հավուն արթնացավ, այսինքն՝ Քրիստոսը արթնացավ և, դիտելով հեթանոսներին՝  ձայնեց տատրակին։ Տատրակն այստեղ խորհրդանշում է իր սիրելի ժողովուրդը։ Երգն այսքանն է», – բացատրեց նա։

Երգից հետո «Նարեկացի» արվեստի միության անունից Անահիտ Դավթյանին հանձնվեց մի փոքրիկ հուշանվեր, իսկ վերջում,  միջոցառումը կրկին ավարտվեց Նարեկացու աղոթքով։ Միջոցառման ավարտից հետո ներկաները ծանոթացան նկարչուհիներ Անահիտ Անանյանի և Հռիփսիմե Գրիգորյանի նարեկյան մոտիվներով նկարներին և քանդակագործ Միխաիլ Ակրիտովի աստվածաշնչյան մոտիվներով քանդակներին։ Քանդակագործն անձամբ ներկա էր և ներկաների համար մեկնաբանում էր իր քանդակները։ Դրանք պատրաստված էին տարբեր նյութերից՝ ձիթենու արմատից, կաղնուց և այլ նյութերից։

Անի Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել