«ԿԱՏԱՐԱԾԴ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՂԱՆԱԿԸ...

«ԿԱՏԱՐԱԾԴ ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՂԱՆԱԿԸ ԴՐԱՆՔ ԿՐԿՆԵԼՆ Է». ԲԵԿՈՆ

1032

«Ամեն մարդ իրեն գոհունակ ու լիարժեք է զգում, երբ պարզապես օգնում է դիմացինին։ Դրա կարիքը կա մեզանում», -ասում է « Ֆլորա» Բժշկական հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Արմեն Միրզոյանը։

«Ֆլորա» Բժշկական հասարակական կազմակերպությունը Հայաստանում այն քիչ հաստատություններից է, որը զբաղվում է հենց բժշկական օգնությամբ՝ դեղորայք, բժշկական սարքավորումներ և այլն։ Կազմակերպությունը գործում է արդեն 1 տարի, չնայած այս կարճ ժամանակահատվածին, Ամերիկաբնակ Ֆլորա Մաիլիանի, ում անունով էլ կոչվում է բարեգործական կազմակերպությունը և Արմեն Միրզոյանի համատեղ ջանքերով օգնություն է տրամադրվել մի շարք բուժհաստատությունների՝ դեղորայքով ու բժշկական սարքավորումներով, իսկ ծերանոցներին՝ հագուստներով։

«Մենք չենք սահմանափակվում միայն Երևան քաղաքով, բազմիցս դեղորայք ենք տրամադրել նաև համայնքային բուժ հաստատություններին։ Պետք է նշեմ, որ կազմակերպությունը հիմնադրման սկզբում բախվում էր ֆինանսական խնդիրների, բայց Ֆլորա Մաիլիանը մեծ ներդրում ունեցավ այս գործում, ինչի համար ես նրան շնորհակալ եմ։ Եվ հիմա կարելի է ասել, որ մենք ունենք ամուր կազմակերպություն, որը իր ուժերի ներածին չափով մարդասիրական գործ է կատարում», -ասում է Արմեն Միրզոյանը։

Նոյեմբերի 29-ն կազմակերպությունը տոնում է հիմնադրման 1տարին։

«Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը, համալրելով  այս մարդասիրական գործը նոր մարդկանցով։ Համոզված ենք, որ արդեն մյուս տարի մենք կկրկնապատկենք մեր կողմից օգնություն ստացած հաստատությունների թիվը», -ասում է Արմեն Միրզոյանը։

Դեռ հնագույն շրջանից ծննունդ առած այս երևույթը տարբեր ժամանակներում դրսևորվել է տարբեր եղանակներով և կոչվել մեկենասություն, գթասրտություն, հովանավորություն, աջակցություն և, ի վերջո, բարեգործություն։ Ինչպես էլ այն կոչվի միևնույն է այս ամենի նպատակը մարդասիրությունն է։


Սյուզաննա Ավագյան

4-րդ կուրս

Կիսվել