Անասնաբույժը, կարծրատիպային պատկերացումների համաձայն, պետք է լինի միջին տարիքի հաղթանդամ տղամարդ։ Սակայն այսօրվա իմ զրուցակիցը փոքրամարմին և երիտասարդ աղջիկ է՝ Նարե Հակոբյանը, ով իր ամենօրյա աշխատանքով փրկում է կենդանիների կյանքեր։ Նարե, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիր ընտրել այս բարդ մասնագիտությունն ու դառնալ անասնաբույժ:
-Մասնագիտությունն ընտրել եմ սրտիս ձայնին լսելով. մանկուց եմ կենդանիների հանդեպ մեծ սեր ունեցել: Այն, իսկապես, բարդ է, մանավանդ, երբ զբաղվում ես նաև գյուղատնտեսական կենդանիներով: Շուն-կատուների մասով մեծ դժվարություն է ներկայացնում առաջին հերթին տարիքով կենդանատերերի մոտ վստահություն ձեռք բերելը, մտածում են՝ երիտասարդ աղջիկ մասնագետ է,ինչ պիտի հասկանա (ծիծաղում է):Նշեցիր, որ զբաղվում ես նաև գյուղատնտեսական կենդանիներով, քո պրակտիկայում եղե՞լ են ինչ-որ զվարճալի դեպքեր:
-Զվարճալի դեպքեր շատ են լինում. մի անգամ ֆերմերը կանչում է ֆերմա՝ կենդանիներին նայելու, հեռախոսով խոսելիս չի պատկերացնում՝ ինչ արտաքինով աղջկա հետ է զրուցում, երբ իջնում եմ մեքենայից, ասում են՝ «բա բժիշկն ո՞ւր ա», իսկ հետազոտություններից ու արդեն մասնագիտական
մոտեցումս տեսնելուց հետո անկեղծանում են. «Մենք էլ մտածեցինք՝ էս կյաժ, պուճուր-մուճուր աղջիկը ի՞նչ պիտի հասկանա»։
– Քո գործում ավելի կարևոր է ակադեմիական գիտելի՞քը, թե՞ փորձը:
– Ինձ թվում է՝ մեկն առանց մյուսի ոչ մի ասպարեզում չի կարող լիարժեք լինել:
Միանշանակ, կենդանուն մոտենալու համար արդեն իսկ փորձ է պետք, իսկ առանց ակադեմիական գիտելիքների հնարավոր չէ ախտորոշում կամ բուժում նշանակել:
– Աշխատանքիդ մեջ ամենից շատ ի՞նչն ես սիրում և ի՞նչը չես սիրում:
– Չեմ սիրում երբ բացահայտում եմ, որ տերեըը կռվեցնում են կենդանուն, չեմ սիրում, երբ ծանր հիվանդություն է ախտորոշվում, բայց կենդանատերը չի ուզում ոչ ժամանակ, ոչ միջոցներ տրամադրել բուժման համար. շատ ցավալի է, որ դեռ կան նման մարդիկ․․․ Նախկինում ես կենդանիների հետ ցավ էի ապրում ու տառապում,ամեն անգամ էֆթանազիա անելուց հետո օրերով ուշքի չէի գալիս…։ Բայց հիմա արդեն ընտելացել եմ. էլի ծանր եմ տանում, բայց առաջվա նման չեմ ողբում: Իսկ դրականը՝ անկեղծ եմ ասում՝ բառերով չեմ կարող նկարագրել այն, ինչ զգում եմ, ամեն կենդանու հետ շփումից. դա արդեն իսկ մեծ, շատ մեծ հաճույք է ինձ համար:
– Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս այն մարդկանց, որոնք ուզում են
դառնալ անասնաբույժ, բայց դեռ վերջնականորեն չեն կողմնորոշվել:-Խորհուրդ կտամ նախքան վերջնական որոշում կայացնելը մի քանի անգամ այցելել կլինիկաներ: Ունեինք կուրսընկերուհի, որ ասում էր. «Ես այնքան շատ եմ սիրում կենդանիներին, որ կտրվածք չեմ կարող անել նրանց վրա»: Շա՜տ ծանր դեպքեր ենք ունենում, չպետք է մեջիդ կենդանասերը հաղթի բժշկին:
Լիլիթ Գրիգորյան
2-րդ կուրս