ՀԱՐՑԱԶՐՈՒՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉ ԼԻԶԱ ՉԱԹՐՋՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉ ԼԻԶԱ ՉԱԹՐՋՅԱՆԻ ՀԵՏ

2066

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Լիզա Չաթրջյանը «Journalist.am»-ին տված հարցազրույցում ներկայացնում է դպրոցի գործունեությունը, կանանց մարմնամարզության զարգացման խոչընդոտները, ինչպես նաև դպրոցի խնդիրները։

-Տիկին Չաթրջյան, ի՞նչն է պակասում մեր մարմնամարզուհիներին միջազգային մրցաշարերում մրցունակ լինելու համար:

– Մենք ունենք միայն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոց: Կանանց մարմնամարզությունը կենտրոնացած է այս մարզադպրոցում: Կցանկանայինք, որ շատ լինեին սպորտային մարմնամարզության կանանց մասնագիտացված խմբեր, որպեսզի մրցակցություն էլ լիներ: Աղջիկներ ունենք նաեւ Գյումրիում: Այնտեղ մարզագույքն այդքան էլ լավ վիճակում չէ, բայց աղջիկները հրաշալի աշխատում են:

Ինչպե՞ս եք կազմակերպում մարզադպրոցի ընդունելությունը կա արդյո՞ք տարիքային սահմանափակում:

– Ընդունվելիս ստուգում ենք ՝ որքան ճկուն է երեխան, ստուգում ենք նաև արագաուժային որակները, և երբ երեխան գոնե ինչ-որ տոկոսային հարաբերակցությամբ համապատասխանում է սպորտաձևի չափանիշներին, ապա կարող է ընդունվել դպրոց: Ընդունվում են հիմնականում 5-6 տարեկանից, դա կախված է արդեն ճկունությունից, իսկ արդեն 15 տարեկանում մեզ մոտ երեխան համարվում է մեծահասակ և մրցում է արդեն մեծահասակների հետ: Դպրոցում պարապում է մոտ 150 աղջիկ երեխա, որոնց մարզում են 6 մարզիչներ: Շատ հաճելի է, որ մեր աղջիկները չեն զլանում հաղթահարել դժվարությունները, քանի որ սպորտաձևը բավականին գեղեցիկ է, ինչպես նաև՝ շատ պահանջներ ներկայացնող:

– Ի՞նչ բնույթի աշխատանքներ են տարվում երեխայի հետ:

– Աշխատանքի բնույթն ինտենսիվ է. առաջին երկու տարում երեխաները սովորում են այն հիմնական տարրերը, որոնք անհրաժեշտ են մեծ սպորտ մուտք գործելու համար: Բացում ենք նրանց լարանները, աշխատում ենք նրանց ճկունության վրա: Այդ երկու տարվա ընթացքում կողմնորոշվում ենք՝ արդյոք երեխան կարող է շարունակել այս սպորտաձևով, քանի որ հաճախ պատահում է, երբ գլխավոր  ունակություններից որևէ մեկը պակասում է շարունակելու համար: Ունենք տարբեր քաղաքներից ժամանած երեխաներ, մեծահասկներ, ովքեր երկու օր առաջ մասնակցեցին Շահինյանի դպրոցում կայացած մրցումներին: Ունենք շատ պատանիներ, որոնց հետ մեծ հույսեր ենք կապում, և, ամենայն հավանականությամբ, նրանք կարող են միջազգային ասպարեզում հանդես գալ և իրենց ուրույն խոսքն ասել:

– Ի՞նչ խնդիրներ ունի մարզադպրոցը:

– Խնդիրներ շատ ունենք, որոնց լուծումը այդքան էլ հեշտ չէ: Օրինակ՝ բոլոր մարզադպրոցներում կա աշխատանքային դահլիճ, մրցման դահլիճ: Աշխատանքային դահլիճում լինում են աշխատանքային գործիքներ (որոնք այժմ տեսնում եք), լինում է մեծ փոս, որտեղ լցված են շատ սպունգներ, և երբ մարզիչը նոր տարր է սովորեցնում, ապահով է լինում, գիտի՝ որ ընկնի՝ չի վնասվի: Մենք ունենք այս մի դահլիճը, որը և՛ աշխատանքային է, և՛ մրցման: Մեր մարզադպրոցի մարզագույքը, պայմաններն այդքան էլ լավը չեն: Մեր մարզագույքը Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի գույքի համեմատ գուցե ավելի լավ վիճակում է, բայց իրականում այս մարզագույքը լիարժեք չի համապատասխանում միջազգային պահանջներին: Մենք հնարավորություն ունենք մարզվել այն ամենով, ինչ ունենք: Չեմ դժգոհում, ուղղակի այս ամենն արդեն ինչ-որ տեղ թույլ չի տալիս առաջ գնալ, ունենք գործիքներ, որոնք թարմացման կարիք ունեն, զուգափայտերը պետք է փոխարինվեն: Գիտեմ իհարկե, որ դժվար է, և բավականին արժեքավոր են գործիքները, սակայն հույս ունեմ, որ պետության վիճակը գնալով կբարելավվի, և նոր գույք ձեռք բերելու հնարավորություն կունենանք: Երբ բարելավվեն պայմանները, մարզիչներ ևս կավելացնեմ․ ցանկանում եմ երկու տղամարդ մարզիչ վերցնել՝ երեխաներին  դասավանդելու համար:

– Գարնանը Հայաստանում էր Հուրի Գեբեշյանը,  ով մեկ ամիս մարզչական աշխատանքով զբաղվեց մարզադպրոցում ինչպիսի՞ն էր երեխաների արձագանքը, երբ նրանց հետ պետք է աշխատեր Հայաստանի պատմության մեջ օլիմպիական խաղերին մասնակցած միակ կին մարմնամարզուհին:

Հուրին մեր դեռեւս միակ օլիմպիականն է և շատ հաճելի է, որ նա աշխատեց նաև մեր հավաքականների հետ: Համագործակցության առաջարկը Հուրիին էր: Նա ԱՄՆ-ում, բացի իր մասնագիտությունից՝ բժշկությունից,  աշխատում է նաև որպես մարզիչ: Եվ իր ցանկությունն ու առաջարկն էր տարվա ընթացքում մեկ ամիս էլ աշխատել Հայաստանի երեխաների հետ: Նրա նպատակը Հայաստանում կանանց մարմնամարզությունը զարգացնելն էր, և իր փորձը մեր երեխաներին փոխանցելը: Շատ գովելի էր նրա քայլը․  հաճելի էր նրա հետ աշխատելը: Հուրին իսկական օրինակ է մեր երեխաների, հատկապես աղջիկների համար՝ որպես նպատակասլաց և բարձր կամային որակներով մարմնամարզուհի: Իր հերթին նա ոչինչ չէր խնայում երեխաներին իր փորձը փոխանցելու, սովորեցնելու համար: Աշխատում էր բոլորի հետ, անհատական մոտեցում ցուցաբերում յուրաքանչյուրին: Աղջիկները սիրեցին Հուրիին, նա նույնպես սիրով հաճախում էր մարզումներին: Սա նաև լավ փորձ էր մեր մարզչական խմբի համար:

Մերի Ալոյան

2-րդ կուրս

Կիսվել