«ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ Է ՍՏՈՒԳՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ». ՍԵՎԱԿ ՄԱՄՅԱՆ

«ՄԵՐ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ Է ՍՏՈՒԳՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ». ՍԵՎԱԿ ՄԱՄՅԱՆ

1388

Ե՞րբ է ստեղծվել Ինֆոքոմ լրատվական ագրեգատորը։

– Ինֆոքոմ լրատվական ագրեգատորը ստեղծվել է 2018թ. ապրիլի 20-ին` հեղափոխության շրջանում։ Իրականում նպատակ չի եղել ինչ-որ լրատվական հարթակ ստեղծելու կամ լրատվական գործունեությամբ զբաղվելու։ Սակայն իրավիճակը ստիպում էր ստեղծել մի հարթակ, որտեղից  հանրությունը կկարողանար  ստանալ ֆիլտրված, ապատեղեկատվությունից և  մանիպուլյատիվ բովանդակությունից զերծ տեղեկատվություն։ Դրանից ելնելով՝ մի քանի կամավորներով հիմնադրեցինք Ինֆոքոմը։ Այն սկզբնական շրջանում գործել է որպես տելեգրամյան ալիք (մի շաբաթ), որից հետո բացվել է նաև Ֆեյսբուքյան էջը։ Դրանից հետո, շուրջ վեց ամիս այն գործել է սոցիալական մեդիահարթակներում և մեսսինջերներում։

Կարո՞ղ ենք ասել, որ լրատվական ագրեգատորի ստեղծման պատճառ հանդիսացավ հեղափոխությունը։

– Այո´, կարող ենք, սակայն ոչ այնքան պատճառ, որքան մոտիվացիա։

Ինչպես ասացիք,  դուք համահիմնադիրներից եք։ Նման լրատվական հարթակ ստեղծելու գաղափարը և՞ս ձերն է եղել։

– Իրականում նման հարթակ ունենալու միտքը եղել է վաղուց։ Մտածում էինք մի այնպիսի հարթակում ձևավորել ապատեղեկատվությունից և մանիպուլյացիայից զերծ տեղեկատվություն ստանալու նմանատիպ գործիք, որտեղ նախկին իշխանությունների կողմից վերահսկվող մեդիան, գործիչները, բլոգերները հնարավորություն չունենային հեգեմոն դիրք գրավել։ 

Տելեգրամն այդպիսին էր, այնտեղ ոչ ոք չկար։ Հայաստանից հավանաբար 300-400 հոգի էին օգտվում Տելեգրամից։ Եվ այդ պատճառով ընտրվեց Տելեգրամը։ Հեղափոխությունն էլ, ինչպես նշեցի, մոտիվացիա հանդիսացավ այն ստեղծելու համար։ 

Իսկ ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո։

– Հեղափոխությունից հետո մենք հասկացանք, որ մեր գործունեությունը պետք է շարունակել։ Սպասելի էր, որ թե´ մանիպուլյացիա, թե´ պրոպագանդա, թե´ ապատեղեկատվություն ունենալու էինք երկու տեղից՝ ներկա իշխանությունների, կամ նրանց հարող մեդիայի կողմից, մյուսը՝ ինչպես կյանքը ցույց, տվեց գերակշիռ մասը, նախորդների վերահսկողության տակ գտնվող մեդիաների կողմից։

Պարզ էր, որ մեդիայում ունենալու էինք որոշակի խնդիրներ, դրա համար որոշեցինք, որ պիտի շարունակենք և ստեղծենք ինֆորմացիայի մի աղբյուր, որտեղից մարդիկ կկարողանան հստակեցնել իրենց ստացած տեղեկությունը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ագրեգատորը և ի՞նչ ձևաչափով է ձեր հարթակը աշխատում։

– Ագրեգատորը մի հարթակ է, որը վերահրապարակում է այլ լրատվամիջոցների կողմից արդեն իսկ ստեղծված կոնտենտը։ Սովորաբար, դա կատարվում է ավտոմատացված եղանակով՝ որոշակի ալգորիթմերի կիրառմամբ կամ չափավոր մարդկային ներգործությամբ։ Մեր դեպքում մի փոքր այլ է։ Մենք ամեն պահի մոտ 25 լրատվականներ ենք ենթարկում մոնիթորինգի, ստացված իմֆորմացիան ստուգում ենք, և միայն, դրանից հետո վերահրապարակում։ Միայն որոշակի ալգորիթմերով ստուգելը անհնար կլիներ, հետևաբար infocom-ի հետևում մարդիկ են։ Մենք նաև ոչ մեծ ծավալի սեփական բովանդակությունն ենք ստեղծում․ լրահոսի մոտ 10%-ը։

Մի տարի է, ինչ գործում է հարթակը։ Ունեցե՞լ եք հաջողություններ և ինչո՞վ էին պայմանավորված դրանք։

– Հաջողություններ եղել են ստեղծման սկզբնական շրջանում։ Մոտ  երկու շաբաթվա ընթացքում Տելեգրամում ամենօրյա հետևորդների քանակը անցավ 10000-ը։ Դրանից հետո մենք նաև ընդլայնվեցինք մյուս հարթակներում՝ թե´ սոցիալական, թե´ վեբ տարբերակով։ Վստահությունը մեր հարթակի նկատմամբ ավելի շատ է, քան Հայաստանում գործող շատ լրատվամիջոցների դեպքում, որոնք գործում են տարիներ շարունակ։

Ինչու՞ լրատվական ագրեգատորները մեծ տարածում չունեն Հայաստանում։

– Կարծում եմ հանրությունն այդպիսի դիրքորոշում չունի, քանի որ լրատվական ագրեգատորները այդքան էլ շատ չեն։ Հանրությունը շատ դեպքերում չի տարբերում, թե որտեղից է օգտվում։ Միգուցե բացասական վերաբերմունք կա որոշ լրատվական հարթակների նկատմամբ, որոնք բացվում են ագրեգատորի ֆորմատով, սակայն վերցնում են տեղեկատվությունը և ոչ մի հղում չեն տալիս, կամ չունեն ո´չ հասցե, ո´չ էլ որևէ տեղեկություն իրենց էջում։ Այդ նույն ֆորմատով գործում են «թիթեռի կյանքով» ապրող շատ կայքեր: Ըստ իս´ դա ընդհանուր դաշտի տպավորությունն է, որին հանրությունը դրական չի վերաբերում։ 

Ինչպիսի՞ կարծիքներ են եղել ձեր հարթակի հետ վերաբերյալ։

– Ընդգծված բացասական վերաբերմունք դեռ չենք ստացել, քանի որ պահպանել ենք բոլոր չափանիշները։ Դրական վերաբերմունք ստանում ենք գրեթե ամեն օր։  Հայաստանի որոշ առաջատար լրատվամիջոցներ հաճախ օգտվում են Ինֆոքոմից՝ որպես մոնիթորինգային գործիք իրենց համար։

Ի՞նչ եք կարծում ապագայում ագրեգատորների աճ կգրանցվի՞ ՀՀում, թե՞ ոչ։

-Ըստ իս´ ՀՀ-ում ագրեգատորների տարածման դաշտը փոքր է։ Դա կախված է բնակչության թվի հետ։ Շատ բնակչություն ունեցող երկրների համար այն արդյունավետ գործիք է, իսկ մեզ համար՝ ոչ այնքան։ Այն, ինչը մարդիկ պետք է կարդան ագրեգատորում, կարող են  կարդալ մեկ այլ կայքում։

Մեր դեպքում ագրեգատորը որևէ բանով պետք է ավել լինի, որպեսզի հարթակի իմաստը ընկալելի լինի։ Օրինակ՝ մենք վերցնում ենք նյութը, ստուգում, միայն դրանից հետո վերահրապարակում։ Այսինքն՝ մենք  մեր առջև դրել ենք ստուգման առաքելություն։ Հստակ չեմ կարող ասել՝ այլ հարթակներ ի հայտ գալուց կունենա՞ն  նման առաքելություն, թե՞ ոչ։ Եթե չունենան, հավանաբար, անիմաստ կլինի իրենց գոյությունը։

Նաիրա Կարապետյան
5-րդ կուրս

Կիսվել