ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆԻՑ ԿՏՐՎԵՑԻ ԲԱԿ ԻՋՆԵԼՈՒՑ. ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԴԱՐՁԱՆ ԱՅԴ ԳՈՒՅՆԵՐԸ¦.ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆԻՑ ԿՏՐՎԵՑԻ ԲԱԿ ԻՋՆԵԼՈՒՑ. ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԴԱՐՁԱՆ ԱՅԴ ԳՈՒՅՆԵՐԸ¦.ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ

1955

Նրա արվեստն ունի լայն ընդգրկում՝ դիմանկարներից, ինքնանկարներից, նատյուրմորտներից ու գրաֆիկական բնույթի կոմպոզիցիաներից սկսած մինչև նոր ժանրերի աշխատանքներ: Ինչպես նա է ասում,արվեստն օգնում է դիմակայել սթրեսին,այսինքն՝ չի թողնում, որ այն ներս գա։

Ձեր մորաքույրը՝  Նեկտար Սահակյանը, նույնպես նկարչուհի է, և ինչպես ինձ հայտնի է, Ձեր ոգեշնչման աղբյուրը հենց նա է եղել։ Ե՞րբ եք առաջին անգամ Ձեր ձեռքը վերցրել վրձինը և մուտք գործել նկարչական արվեստ։

-Բոլոր երեխաները հետաքրքրություններ  ունեն գույների նկատմամբ։ Փոքր երեխա էի, հիշում եմ, մորաքույրս տանը նկարում էր․ առավոտյան աչքերս բացելուն պես զգում էի յուղաներկի հոտը։ Դրված էր մոլբերտը։Երեք կին էր պատկերված։Վերցրի վրձինը և մի քանի վրձնահարված արեցի։ Հետո մայրս և հայրս նկատեցին և ինձ համար գուաշ գնեցին։ Հինգ տարեկանից կտրվեցի արտաքին աշխարհից, երեխաների հետ բակ իջնելուց.ինձ համար կարևոր դարձան այդ գույները։ Իսկապես, մորաքրոջս արվեստը առաջին բանն էր, որից սկսվեց իմ ճանապարհը, որովհետև այն ինձ ոգևորում էր, ոգեշնչում և հետաքրքրում էր։

Ինը տարեկանում անհատական ցուցահանդես եք ունեցել Մարտունու պատկերասրահումի՞նչ ոճի նկարներ էիք ստեղծել։

-Այդ տարիներին շատ մրցույթներ կային՝ նվիրված Սևանի հիմնախնդիրներին։ Այդ ժամանակ Սևանը ցամաքում էր։ Կազմակերպվում էին միջազգային բնապահպանական, առողջապահական մրցույթներ։ Հայաստանը ֆինանսավորվում էր։ Այդ մրցույթներին շատ աշխատանքներ էի ուղարկել, իսկ մի մասը մնացել էր։ Իսկ իմ առաջին մրցանակը Հնդկաստանի Շանկարի անվան միջազգային մրցույթից էր։ Հնդկաստանին նվիրված նկարներ էին։ Տոնակատարություններին, բնապահպանությանը, առողջապահությանը նվիրված այնքան շատ աշխատանքներ էին արվել, որ նկարները հավաքեցինք, և մեծ ցուցահանդես եղավ Մարտունիում։

Մարիա՛մ, Ձեր որոշ գործեր էքսպրեսիոնիզմին հարող աշխատանքներ են՝ բավական արտահայտիչ և հուզական հետաքրքիր է՝ ինչո՞վ է դա պայմանավորված։

-Իմ խառնվածքով։

Հայ կամ համաշխարհային արվեստագետներից ո՞վ է Ձեզ ամենաշատը ոգեշնչել,  և  արվեստի  ո՞ր շրջանն է Ձեզ առավել հոգեհարազատ։

-Ես շատ սիրում եմ Վերածննդի ժամանակաշրջանի արվեստը։Իմ նկարները նյութական արտահայտմամբ ընդհանրապես կապ չունեմ այդ ժամանակաշրջանի արվեստի հետ, բայց գաղափարական առումով շատ նման են։ Վերածննդի մտածողությունը մարդակենտրոն էր․ այդ ժամանակաշրջանում անհատի մարդկային ապրումները դարձան արվեստի հիմքը։ Իսկ իմ նկարներում ամենակարևոր դերը խաղում են մարդու ապրումները, նրա ձգտումները, ներքին մաքառումները։
Ես նաև սիրում եմ քարանձավային արվեստը․ խելագարվում եմ Ալտամիրայի պատերին բիզոնների պատկերների համար։ դրանք ինձ համար շատ հետաքրքիր և արտահայտիչ են։

Դժվար չէ՞ արդյոք նկարել ինքդ քեզ։

Շատ դժվար է նկարել ուրիշին։ Երբ նկարում ես ուրիշին, փորձում ես բացահայտել դիմացինի անհատականությունը, բնավորությունը, նախասիրությունները, բայց՝ բնավորության, աշխարհընկալման մեջ հարյուրավոր ասպեկտներ կան, որ դու չես կարող այնպես բացահայտել, ինչպես՝ քեզ։ Իսկ երբ ինքդ քեզ ես բացահայտում, անընդհատ քեզ ճանաչելու տեղ ունես։ Տարիներ են անցնում, և հասկանում ես, որ նորովի ես ճանաչում ինչ-որ մարդու, ում մասին գուցե գաղափար չունեիր։ Ես նախորդ տարի նկարեցի հարյուրից ավելի ինքնադիմանկարներ։  Շարքը սկսելիս մտածեցի՝  հիսունը բավական կլինի, բայց ասելիքը չէր ավարտվում․ անընդհատ նոր բան էի գտնում իմ մեջ։ Ներհայեցողական արվեստ է ստացվում, բայց շատ հետաքրքիր։

Ըստ հոգեբանների՝ նկարելն օգնում է դուրս հանել քո մեջ եղած վատ լիցքերը։ Ձեր դեպքում ինպե՞ս է, նկարելն օգնո՞ւմ է դուրս գալ սթրեսից։

-Նկարելն օգնում է դիմակայել սթրեսին, այսինքն՝ չի թողնում, որ սթրեսը ներս գա։

Ունեք գրաֆիկական հորինվածքներ. մեկ հարթության վրա տարբեր պատկերներ են՝ կենդանիներ, մարդկային դեմքեր, միջատներ, տեքստեր կա՞ արդյոք իմաստային կապ այս պատկերների միջև։

– 2013 թվականին մի մեծ շարք նկարեցի՝ 800 նկարից բաղկացած։ Որոշ աշխատանքներ՝ 115-ին մոտ, ցուցադրվեցին Ժամանակակից արվեստի թանգարանում։ Այնուհետև «Ներքին Բնություն» խորագիրը կրող անհատական ցուցահանդես ունեցա ՀՀ մշակույթի նախարարության «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում։ Կան աշխարհին պարզ նայող մարդիկ, և կան շատ խորը զգացող, բարդ պրիզմայով մարդիկ։ Ինձ համար այդ կապը երևի միայն ինձանով կբացատրվի, որովհետև շատ դժվար շրջան էր ինձ համար՝ ինքս ինձ գտնելու և ինքս ինձ հասկանալու։

Ըստ Ձեզ,  ի՞նչ խնդիրներ ունի այսօրվա արվեստագետը

-Այսօրվա արվեստագետը  թե´ Հայաստանում, թե´ արտերկրում, երբ նոր է սկսում իր ճանապարհը, կանգնած է խնդրի առաջ՝ ինքն իրեն գտնելու, ապացուցելու ինքն իրեն և նաև շրջապատող մարդկանց, որ ինքն ունի բավականաչափ տաղանդ, արժանիքներ՝ իր տեղը գրավելու, իր ասելիքն ասելու, քանի որ արվեստը խոսելու, արտահայտելու իր ձևաչափն ունի։ Իսկ Հայաստանում, արվեստագետը նաև մեծ հարթակ դուրս գալու խնդիր ունի. մենք փոքր երկիր ենք և մեծ քայլեր անելու համար կարիք ունենք դուրս գալու այնպիսի երկրներ, որոնք այսօր թելադրում են արվեստում շատ բաներ՝ թե՛ գնային, թե՛ ցուցադրման մակարդակի առումով։

Վիկտորյա Հովեյան

2-րդ կուրս

Կիսվել