ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՐԵԿԱՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԲԱՐԵԿԱՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

2538

Տաթև Դավթյանը պատմում է, որ երբ իր աղջիկը 3 տարեկան էր, կատվի մազի պատճառով  վարակվել էր։

«Երեխան ձեռք էր տվել կատվին, ուզում էր խաղալ նրա հետ։ Հետո ընկել ու վնասել էր ոտքը։ Այդ բաց վերքով նա խաղացել էր կատվի հետ։ Արդյունքում կատվի մազն ընկել էր բաց վերքի մեջ։ Վերքը թարախակալել էր ու բշտեր էին առաջացել ամբողջ ոտքի վրա։ Տարանք հիվանդանոց, բժիշկներն էլ ասացին, որ կատվի մազի հետևանքով էր եղել։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտվեց»,–պատմեց Տաթևիկ Դավթյանը։

Ի դեպ, կատուն որևէ բժշկական ստուգում չէր անցել։ Ըստ Տաթևիկ Դավթյանի՝ պատճառը շատ պարզ է՝ գյուղում ոչ ոք իր կատվին անասնաբույժի մոտ չի տանում։

Հանուն արդարության պետք է ասել, որ կան նաև շատ կենդանասերներ, ովքեր իրենց տնային կենդանիների խնամքին հետևում են պարտաճանաչ կերպով։ Օրինակ՝ Կարինե Սաֆարյանն ասում է, որ իր կատվին պարբերաբար տանում է ստուգումների։ Երբե´ք, ոչ մի քայլ առանց բժշկի իմացության չի անում։ Կենդանուն նաև դեղեր է տալիս՝ վարակներից ու անցանկալի բարդություններից խուսափելու նպատակով։

Անտուն կենդանիների խնամքով զբաղվող «Դինգո» թիմից մեզ հայտնեցին, որ իրենց անտուն կենդանիները մինչև տերերին հասնելը անցնում են անխտիր բոլոր անհրաժեշտ փուլերը, ճիճվաթափ ու լվաթափ են արվում, պատվաստվում են և ստերջացվում։ «Ցավոք, անգամ քաղաքներում կենդանիների խնամքի հարցում կա ինֆորմացված լինելու պակաս, չգիտեն, օրինակ, որ շան մոտ դաշտան է սկսվում։ Գյուղերում վիճակն ավելի վատ է։ Գրեթե չկան անասնաբույժներ, եղածներն էլ մասնագետ չեն։ Մենք միշտ կապի մեջ ենք մեր բոլոր կենդանիների տերերի հետ․ տերերին վարակելու դեպքեր չենք ունեցել, սակայն դեպք է եղել, երբ կենդանու տերը նրան ժամանակին ճիճվաթափ չի արել (ճիճվաթափ պետք է անել 4 ամիսը մեկ անգամ), ու արդյունքում կենդանին սատկել է»,–նշեցին Դինգո թիմից։


Անասնաբույժ Նարե Հակոբյանն էլ ասաց, որ ամեն ինչ կախված է կենդանու ճիշտ խնամքից ու տիրոջ հետևողականությունից. «Կենդանի գնելուց կամ որդեգրելուց հետո առաջին բանը, որ պետք է անել, դա անասնաբույժին այցելելն է՝ կենդանու առողջական վիճակի մասին լիարժեք տեղեկացված լինելու ու իմանալու համար, թե ինչ դեպքում կարող է կենդանին վնաս հասցնել»,–նշեց անասնաբույժը։

Նրա խոսքով՝ բժշկի խորհուրդներին հետևելու դեպքում կարելի է խուսափել բոլոր խնդիրներից։ «Կան մարդիկ, ովքեր ունեն ալերգիկ դրսևորումներ կամ վախեր։ Դրանում կենդանին մեղավոր չէ, իսկ եթե խոսքը վերաբերում է կենդանու ագրեսիվ պահվածքին, դա արդեն կենդանու դաստիարակության մասին է խոսում, որով պետք է զբաղվի հենց տերը` որոշակի ժամանակ տրամադրելով»,– իր եզրափակիչ խոսքում նշեց անասնաբույժը։

Հոգեբան Անուշ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հոգեբանական տեսանկյունից կենդանիները միայն դրական ազդեցություն են ունենում մարդկանց վրա, իսկ բոլոր կանոնները պահելու, բոլոր պատվաստումները ժամանակին կատարելու դեպքում, ռիսկերը բավականին աննշան կդառնան: «Վարակումը բացառել հնարավոր չէ, բայց կրկնում եմ՝ բոլոր կանոններին հետևելու դեպքում ռիսկերը նվազագույնի կհասցվեն: Ես ունեմ շուն (հասկի) և 1 տարեկան երեխա»,-ասաց հոգեբանը։

Անուշ Կարապետյանը խորհուրդ տվեց տնային կենդանիներին չսիրող մարդկանց ձեռք բերել տնային կենդանի․ դա կօգնի ավելի հանդուրժող, բարի և ապրումակցող դառնալ։

Անի Մարտիրոսյան

2-րդ կուրս

Կիսվել