«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ՕԳՈՒՏ, ԹԵ՞ ՎՆԱՍ»

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ. ՕԳՈՒՏ, ԹԵ՞ ՎՆԱՍ»

4946

 Տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են շատ արագ։ 21-րդ դարը տեխնոլոգիական կախվածության դար է: Եթե ասեք մարդկանց, որ բջջային հեռախոսների կարիք այլևս չկա, նրանք անմիջապես կծիծաղեն: Կամ, եթե ասեք, որ նրանք այլևս չեն կարող օգտվել էլեկտրոնային փոստից, ձեզ պարզապես չեն հավատա: Նորմալ է, երբ որոշակի տեղեկատվական տեխնոլոգիաներ դադարում են գոյություն ունենալ, իսկ  դրանց գալիս են փոխարինելու նորերը։ Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բոլոր առավելությունները, չենք կարող չխոսել դրանց բացասական կողմերի մասին։

Առանձնացրել եմ դրանցից մի քանիսը։

1.Ժամանակ

Ինչպես ասում են՝ որտեղ կա առավելություն, այնտեղ կգտնես նաև թերություն։ Եթե սա դիտարկենք որպես առավելություն, ապա հասկանալի է դառնում, որ տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ մենք շատ ժամանակ ենք խնայում անհրաժեշտ ինֆորմացիայի որոնման, մարդկանց հետ շփման համար․ սակայն ու՞ր է գնում այդ «խնայած» ժամանակը. ճիշտ է ոմանք այն խելամտորեն են օգտագործում, սակայն մեզանից շատերը «ժամանակը սպանելու» համար այն վատնում են բջջային հեռախոսներում կամ համացանցում։

 2. Տեղեկատվության մատչելիություն.

Կարծում եմ` սա  ևս ունի իր մի շարք բացասական կողմերը. ի վերջո, որքան հասանելի է ինֆորմացիան, այնքան քիչ ջանք ու «խելք» է անհրաժեշտ այն գտնելու համար։ Օրինակ՝ խնդիրը լուծելու համար, վերջինիս պատասխանը պարզապես կարող ենք նայել համացանցում և անգամ չփորձել այն ինքնուրույն լուծել։ Կամ համացանցը, որքան էլ որ պարունակում է կարևոր, օգտակար ինֆորմացիա, այն միևնույն ժամանակ ողողված է մի շարք բացասական և վնասակար տեղեկատվությամբ, որոնք կարող են առաջացնել ագրեսիա, լարվածություն՝ ուղղակիորեն վնասելով մարդկանց հոգեկան առողջությունը։

3. Առողջություն

 Թերևս ՏՏ-ի ազդեցության ամենաբացասական կողմերից մեկը. ոմանք կարող են ասել, որ ժամանակակից տեխնոլոգիաները չեն վնասում մարդկանց առողջությանը, բայց դա ամենևին էլ այդպես չէ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները  բացասական ազդեցություն ունեն մեր տեսողության վրա. համակարգչի առջև երկար ժամանակ անցկացնելը լարում  է մեր աչքերը և նպաստում  տեսողության վատթարացմանը։ Կարող ենք ասել,  որ ՏՏ-ները կարող են ազդել մեր ամբողջ օրգանիզմի վրա, քանի որ վերջինս ստանում է մի շարք էլեկտրամագնիսական ճառագայթներ, որոնք կարող են առաջացնել՝ տեսողական խնդիրներ, նյարդային և  սրտանոթային համակարգի խանգարում, իմունային համակարգի խանգարումներ, անգամ՝ հորմոնալ խնդիրներ։

 4. Կախվածություն

Համակարգչային կախվածությունը կարող ենք համարել 21-րդ դարի հիվանդություն, որը մեծամասամբ ազդում է երիտասարդների վրա։ Երեկոյան մենք կարող ենք ժամեր անցկացնել համակարգչի դիմաց՝  սնվելու, կամ պարզապես հանգստանալու փոխարեն, որի պատճառով  էլ առաջանում է անքնություն և խրոնիկական հոգնածություն։ Համակարգչային կախվածությունը երեխաների մոտ կարող է դառնալ նաև խաղամոլության պատճառ։ Ինչպես ալկոհոլից և թմրամոլությունից կախվածությունը, սա ևս իր մեջ ներառում է փողերի վատնում, քանի որ մի շարք ինտերնետային խաղեր վճարովի են, և պահանջում են որոշակի գումար։

Այսպիսով, մեր կյանքում ամեն բան հարաբերական է. մի կողմից՝ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են՝ հեշտացնելով մեր կյանքը, իսկ մյուս կողմից՝ դրանք մի շարք վնասներ են պատճառում մեզ։ Այնպես որ պետք է 1000 անգամ մտածել, նոր որոշել՝ մեզ համար կարևոր են այդ թանկարժեք «գադջեթները», համացանցում անիմաստ վատնած ժամանակը, հասարակությունից մեկուսանալը, թե՞ մեր առողջությունը, իրական  կյանքն ու իրական մարդկային փոխհարաբերությունները։

Աննա Պետրոսյան
3-րդ կուրս

Կիսվել