«Չար պինգվինը», «պոստերի կոֆեն» ու Մատաղիսի գրկախառնությունը. ռազմական լրագրողի հուշերը

«Չար պինգվինը», «պոստերի կոֆեն» ու Մատաղիսի գրկախառնությունը. ռազմական լրագրողի հուշերը

2152

«Մամաս մեկ-մեկ ասում ա՝ պինգվինի մուլտֆիլմի կարգախոսով եմ առաջնորդվում՝ նախ անում եմ ինչ որ ուզում եմ, հետո` հարցնում թույլտվություն»,- ասում է իր նշած մուլտֆիլմի հերոսի պես փոքրամարմին, բայց շատ ուժեղ Իննա Թումանյանը, ում աշխատանքային թիմի կողմից հրապարակվող «Գտեք ձեր զինվորին» կամ «Ժպիտներ Առաջնագծից» խորագրով լուսանկարներն ու տեսանյութերը արդեն ավելի քան մեկ ամիս համարվում են պատերազմի ամենալուսավոր կողմը։

Իննան ասում է, որ ի սկզբանե հատուկ նպատակ չի ունեցել ռազմական լրագրության ուղղությամբ շարունակելու, պարզապես ուզել է լավ լրագրող դառնալ ու այդ ճանապարհը դեռ համալսարան ընդունվելուց առաջ է սկսել։ «Ընթացքում մշակութային, դատաիրավական, քաղաքական ոլորտներում եմ ուժերս փորձել, բայց շուտ հոգնում էի, զգում էի, որ իմը չեն: Դեռ դպրոցից շատ էի սիրում կրակել, զենք քանդել-հավաքել, միշտ պարտաճանաչ սովորում էի ՆԶՊ-ի դասերը: Հետո իմ կյանքում շատ պատահական հայտնվեց Banak.info-ն (Հանուն հայ զինվորի ՀԿ), ու ամիսներ շարունակ իրենց գործունեությանը հետևելուց հետո շատ ավելի պատահական դարձա թիմի անդամ: Տարիներ են անցել, բայց մի պահ նույնիսկ չեմ հոգնել ու չեմ փոշմանել որոշմանս համար, չնայած որ ուղղակի սկսեցի այլևս ռազմականից բացի ուրիշ ոչ մի թեմայով գրեթե չգրել»,- պատմում է Իննան։

Իննան ասում է, որ ընտանիքի անդամները ժամանակին շատ ծանր էին տանում իր որոշումը, մանավանդ, որ տարվա մեջ 4-5 անգամ Արցախի առաջնագիծ էր գնում, մի քանի օր տարբեր զորամասերում ՀԿ-ի «Ազգ-բանակ» ծրագիր էին իրականացնում: Իր ամեն գնալուց առաջ պատերազմը տուն էր գալիս, իսկ սահմանին խաղաղություն էր, բայց քիչ-քիչ տանեցիները սկսեցին ընդունել, ավելի ռեալ նայել, նույնիսկ Տավուշի հուլիսյան մարտերի ժամանակ Իննային հայրն անձամբ է ճանապարհել:

«Մի բան, որ հստակ գիտեի, գալիս տուն ասում էի, բայց մինիմում 1 ամիս առաջ, որ փորձեմ ի վերջո համոզել։ Շատ դեպքերում մամաս չուզելով, բայց օգնում էր պապային համոզել, բացատրում էի՝ ինչ եմ ուզում, ինչի համար եմ ուզում, ինչի կարա բերի դա ապագայում, հետո բոլորս ընդհանուր հայտարարի էինք գալիս: Պատվոգրերով ու շնորհակալագրերով էլ, որ տուն էի վերադառնում, սկզբում չէին նայում, հետո լսում էի, որ ուրախացել են»,- ասում է Իննան։

Դժվարությունների մասին խոսել Իննան չի սիրում։ «Դրանք թվելու փոխարեն կասեմ, որ ամեն անգամ հակառակորդի կողմից դիտարկվող ճանապարհներով անցնելուց հետո, երբ բարեբախտաբար, ոչ մի գնդակ մեքենային չէր դիպչում, հասկանում էի, որ կյաքում եղած բոլոր դժվարությունները չնչին բաներ են, նրա դեմ, որ հնարավոր ա ճանապարհը էդպես էլ անավարտ մնար»,- ասում է նա։

Իննան պատմում է, որ ռազմական լրագրողի կարգավիճակում առաջին անգամ Արցախ գնացել է 3 տարի առաջ ՝ օգոստոսին, «Եղնիկներ»։ Ասում է՝ միշտ վատ բաներ էր լսել, գիտեր՝ «դժոխք» է գնում, հետո սկսել է անսահման շատ սիրել ամեն անկյունը:
«Մեջս վախ չկար, խաղաղ էի, դիրքերն ինձնից ավելի խաղաղ էին, պտտվում էի, նկարում տղերքին ու լիքը հարցեր տալիս, որ տեղանքը բացահայտեմ, ոչ մի բան բաց չթողնեմ: Հենց մի աննշան վախ էի զգում, տեսախցիկս միացնում էի, մտքումս կրկնում, որ լեռները թույլերին չեն ընդունում, ու կապ չունի ՝ զինվոր ես, թե լրագրող»,- նշում է Իննան։

Իննան անմասն չի մնացել նաև Տավուշի հուլիսյան մարտերից։
«Տավուշում ձիգ էի, լսում էի հրահանգները ու կատարում, որ չսխալվեմ, գնում էի մեզ ուղեկցող գյուղացիների հետևից, որ նախ չդիտարկվեմ, հետո չմոլորվեմ: Էնտեղ ուժ էի զգում, պատերազմը մի քանի մետրի վրա էր, բայց ներսի հանգստությունը ուժ էր տալիս, բայց հիմա մեջս ուժ չեմ գտել Արցախը կիսաքանդ, կիսավեր տեսնելու: Արմատներով սյունեցի եմ, բայց Արցախի հետ կապս ուրիշ ա, Արցախի ամեն միլիմետրը ուրիշ սիրով եմ սիրում, հիմա ես չեմ Արցախում, սիրտս ա էնտեղ…»,- ասում է նա։

Զորամասեր, դիրքեր կատարած այցելություններից խոսելիս Իննան կատակում է՝ ասելով, որ մարդիկ իրենց սիրում են, փորձն է ցույց տվել, օրինակ՝ Մարտակերտի զորամասում հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի կոչումը մեկ-երկու անգամ խառնել Է, բայց հրամանատարը ծիծաղելով ուղղել է, հետո շատ խորհուրդներ տվել հետագայի համար, կյանքի համար: «Կան հրամանատարներ, սպաներ, որոնց տեսնելուց մենք էլ ենք ուրախանում, դիրքերում անկախ քեզնից հարազատանում ես, թեկուզ 5-10 րոպե մնաս: Մարտակերտի զորամասի հոգեբանին արդեն 4-5 անգամ տեսել եմ, հետո այնպես ստացվեց, որ դարձավ երազանքիս կատարման ականատեսը, ինձ ուղեկցեց դեպի իմ երազանք, դրա համար անհնար ա տեսնել նման մարդկանց ու չուրախանալ»,-ասում է Իննան։

Իննայի երազանքներից մեկն էլ հենց Արցախյան դիրքերից մեկում է իրականացել։
«2014թ.-ից երազում էի Արմեն Հովհաննիսյանի պահած ու զոհված դիրքում լինել, անընդհատ մերժում էին՝ վտանգավոր ա, չի կարելի, անհնար ա, բայց 2018թ.-ի օգոստոսի 27-ին ստացա էդ թույլտվությունը՝ երազանքիս հասնելու համար: 1 ժամից ավելի դիրքում եմ մնացել (ի դեպ՝ իմ ամենահարազատ մարդկանցից մեկն էդ ժամանակ հենց Արմենի դիրքն էր պահում): Մտերիմ ընկերուհուս ու հարազատիս հետ նստել էինք խրամատում ու կյանքից էինք խոսում, մինչև որ տղերքը՝ «պոստերի կոֆե» խմելու կանչեցին»,- հիշում է Իննան։ Հետո հասկացել է, որ ժամանակի զգացողությունը կորցրել է, բայց չէր կարելի դիրքում ավելի երկար մնալ: Համերգային ծրագիր պիտի վարեր, զորքը զորամասում շարված էր, իսկ ինքը դեռ դիրքերում էր։

Իննան զրույցի ընթացքում նաև դիրքերից զվարճալի պատմություններ է մտաբերում։ «Զինվորներից մեկը պատմում է, որ երբ առաջին անգամ մարտական հերթափոխի է լինում, պատահմամբ տեսնում է դիրքերում քաղաքացիական հագուստով մարդկանց`աղջիկների, նա իրեն վատ է զգում, գլխապտույտ է առաջանում, և մտածում է, թե իր աչքին ենք երևում: Միայն մի որոշ ժամանակ անց գիտակցում է, որ դիրքերում իրոք աղջիկներ կան ու զինվորներ չեն: Մի անգամ Ռոբերտ Աբաջյանի ու մյուս հերոս տղաների դիրքում ընկերուհուս կորցրի, արտաքինը նկարագրելով՝ տղաներին հարցրի՝ ո՞ր կողմ գնաց, ձեռքով կողմ տանող ճանապարհը ցույց տվին, երբ սկսեցի քայլել, հետևիցս գոռացին՝ «բայց ախր տենց Ադրբեջան ես գնում է», ես վախեցած հետ պտտվեցի, որովհետև տեսադաշտում ընկերուհիս չկար, իսկ իրենք բարձր ծիծաղում էին՝ ասելով, որ հակառակ կողմում փնտրեմ»,- պատմում է նա։

Իննան ասում է, որ չնայած այս պատմություններին, իրականում դիրքերում տղերքը ձիգ են, մինչև «հոգիները չես հանում», չեն էլ ժպտում, որ ինքը նկարի, մինչև սովորում են, որ իրենք այնտեղ են, գնալու ժամանակն է գալիս, նրանք գիտեն, որ կարևորը իրանց դիրքը պահելն է, հա՜, մեկ էլ՝ առանց հյուրասիրել չճանապարհելը: Իննան Արցախ գնալիս միշտ Ղազանչեցոցից հիշատակ խաչով վզնոցն է գցում, խաչին՝ Ի տառը, բայց Արցախից ու Տավուշից էլի մասնիկներ ունի։

«Մի փափուշտ ունեմ, ընկերներիցս մեկը Մարտակերտում թելով կախեց վզիս, վրան խաչի մի գիծն էր քաշված, ասեց պահի, հենց հետ եկա, կտաս խաչդ կամբողջացնեմ: Ինքը եկավ, տվեցի, որ խոստումը կատարի, հիմա սպասում եմ վերադարձնի (զանգեցի հիշեցրի, որ մի տարի է՝ մոտն է)»,- ծիծաղելով ասում է Իննան։
Նա Տավուշից էլ բեկորի մի կտոր է բերել, բայց նայելուց նեղվում է, իսկ եթե ինչ-որ մեկի կյանքն է խլե՞լ…

Իննան հիմա աշխատում է 24/7 ռեժիմով, պատերազմի առաջին օրվանից է այդպես, աշխատում է արագ լսարանին մատուցել այն բոլոր ժպիտները, լուրերը, որոնք առաջին ձեռքից է ստանում։ «Նյութ գրելիս թուլության պահեր ունենում եմ որպես Իննա, բայց որպես ռազմական լրագրող՝ միանգամից ձգվում եմ, սովորել եմ զգացմունքներս կառավարել, ուղղակի անսահման թանկ մարդիկ ունեմ սահմանին, միշտ չի, որ ստացվում ա»,- ասում է Իննան։

Իննան հունիսին նպատակ ուներ Գանձասարում մկրտվել, բայց համավարակը իր ծրագրերը խառնեց, դա պատերազմից հետո անպայման պիտի իրականություն դարձնի, բայց հիմա առաջինը Մատաղիս է շտապում. անսահման հարազատ մեկին ամուր գրկախառնություն է «պարտք մնացել»:

Լուսանկարները վերցված են Իննա Թումանյանի անձնական արխիվից:
Հեղինակ՝ Դիանա Պետրոսյան

Կիսվել