Դարակազմիկ ծերուկը

Դարակազմիկ ծերուկը

105

Սկսվեց հերթական շաբաթը: Վաղ առավոտ է: Դեպի քեզ տանող ճանապարհներն անսպառ են խցանումներով: Ալեք Մանուկյան փողոցի կաթվածահար վիճակն ապացուցում է` բոլորը շտապում են Մայր բուհ:

Մեկ հարյուրամյակ և ավել է` ամեն օր բացում ես դռներդ, ըդունում ես ուշացող, քնաթաթախ կամ ձեռքներին ծանր գրքեր բռնած երիտասարդների, որոնք մտնում են փայտե ու ծանր դռներիցդ ներս:

Դու Երևանի կենտրոնում ես… Այնպես ես կանգնել, ասես ամբողջ փողոցը քեզնով արած լինես. բոլորը գիտեն, որ այս ճանապարհը քեզ է պատկանում: Դու այն կենտրոնն ես, որ աջ ու ձախ կողմերից համախմբում ես սերունդներիդ: Դու մի ամբողջ կյանք գլորած պապիկ ես, արդեն ծերությունդ ես վայելում:

Այգուդ նստարաններից մեկին նստած՝ մտորում եմ. «Ինչքա՜ն գեղեցիկ են բակիդ ծառերը, վրայի դեղին, անցած գիշերվա անձրևից մնացած կիսաթաց տերևները»:

Քամի է սկսվել: Ծառերիդ նոյեմբերյան տերևներն ընկել են վարսերիս ու խառնել դրանք: Անհանգստանում եմ. ցանկանում էի ինձ մշտականի նման կոկիկ ու հարդարված տեսնեիր. սիրում ես ուսանողներիդ գեղեցիկ ընդունել ու մտքումդ յուրաքանչյուրին գովաբանել:

Ուսանողների մի խումբ է դժգոհելով խոսում.

-Ե՞րբ եմ վերջապես ավարտելու, էլ չեմ դիմանում:

Չէ, մի´ սրտնեղիր, ծերու՜կ: Նրանք պարզապես չեն զգացել քո ջերմ պատերի ներսում տիրող մթնոլորտը, քո սեպտեմբերյան խառնաշփոթը ամառային արձակուրդներից հետո, երբ դեպի քեզ եռանդով վազում են ընկերների մի խումբ ու անչափ կարոտած գրկում միմյանց: Նրանք կգնան, կարոտով ու երանելիությամբ կհիշեն քո հարկի տակ անցկացրած օրերը, բայց անհոգ պահերն արդեն անցել են… 

Դասամիջոց է: Այգուդ նստարանները լի են ուսանողներով, իսկ ես տեղ չեմ գտնում նստելու: Գնում եմ գրադարան: Հին գրքերի կիսաչոր թերթերի յուրահատուկ բույրը մուտքից միշտ զգացվում է: Գրադարանդ եռուզեռի մեջ է. գրկաբաց ես ընդունում ուսանողներիդ այնտեղ:

Իջնում եմ գլխավոր մասնաշենքի ներսի սպիտակ, մի փոքր սահող աստիճաններով ու տեսնում հիմնադիր դասախոսներիցդ մեկին. Աշխարհաբեկ Լոռիս-Մելիք Քալանթարյանն է: Հավաքել ես ուսյալներիդ շուրջբոլորդ: Նրանք չկան, բայց նրանց բաց չես թողնում: Իրենց հուշարձաններով նրանք լցնում են ներսդ, տաքացնում մաշված պատերդ:

Իսկ երբ ամառ է… տխրադալուկ աչքերովդ նայում ես դիմացիդ փողոցին` անհագ սպասումով, որ ուր որ է կգան մանուկներդ, նորից կսկսես բացել ճռռացող դռներդ ու կողջունես հաջորդ սերունդների վառվռուն ու քնաթաթախ դեմքերը:

Նկարները` ysu.am

Անի Սայադյանի

2-րդ կուրս

Կիսվել