ՏԵՍԱԽՑԻԿԻ ԱՌՋԵ՞Վ, ԹԵ՞ ՀԵՏԵՎՈՒՄ

ՏԵՍԱԽՑԻԿԻ ԱՌՋԵ՞Վ, ԹԵ՞ ՀԵՏԵՎՈՒՄ

2351

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարիաննա Պետրոսյանը զբաղվում է լուսանկարչությամբ։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրա էջն ունի 21.000-ից ավելի հետևորդ։ Սկսնակ լուսանկարչուհուց փորձեցինք ճշտել իր գործունեության մանրամասները։

-Ինչպե՞ս մուտք գործեցիք լուսանկարչության աշխարհ։

– Մանկուց միշտ պատուհանից դուրս էի նայում ու հեռախոսով գեղեցիկ տեսարաններ էի նկարում։ Երբեք չեմ մտածել, որ կարող եմ ունենալ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, և լուսանկարելը կդառնա իմ աշխատանքը։ Երբ ընդունվեցի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ ունենալը ինձ համար կլինի այն գործոնը, որը կօգնի հասնել նպատակիս։ Մտածում էի, որ ֆոտոխցիկ կունենամ և վստահ կգնամ հարցազրույցների։ Ընկերս պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, նա իր հին տեսախցիկը նվիրեց ինձ, ու ես հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ ունենալը այդքան էլ լիարժեք գործոն չէ, որ դու իրականացնես քո նպատակը։ Սկսեցի նկարել գեղարվեստական ոճով, հասկացա, որ դա ինձ ավելի է դուր գալիս, ու օր օրի գիտակցեցի, որ իմ մասնագիտական ուղղվածությունը ավելի շատ պետք է լինի լուսանկարչության գծով, քան ժուռնալիստիկայի։

– Վերջին տասնամյակում մեծացել է լուսանկարչական ապարատ ունեցողների թիվը, օրնակ՝  «Ֆեյսբուք»-ում օրեցօր բացվում են նորանոր Photograpy-ների էջեր։ Քո էջը բացելիս արդյո՞ք չկար մտավախություն, որ կհամարվես հերթականը։

– Լուսանկարչության ոլորտում մրցակցությունը շատ-շատ է, բայց եթե անկեղծ ասեմ, մտավախությունս մեծ չէր, որ կարող եմ լինել հերթականը։ Միշտ էլ լուսանկարիչների ու պրոֆեսիոնալ տեսախցիկ ունեցողների թիվը մեծ է եղել։ Առավել ևս վերջին տարիներին, ում ձեռքին հայտնվում է ֆոտոխցիկ, բացում է «Ֆեյսբուք»-ում էջ, նշում, որ լուսանկարիչ է, և պատվերներ ստանում։ Մեկը թանկ գումարով է աշխատում, մյուսը՝ փոքր-ինչ էժան։ Երբ սկսեցի նկարել, հասկացա, որ լուսանկարչությունը իմն է, և անպայման ամեն ինչ անելու եմ, որպեսզի առաջ գնամ, մանավադ, որ կողքիս ունեմ մեկին, ով ինձ օգնում է այդ հարցում։ Մենք միասին դեռ շատ ենք աշխատելու և հասնելու բարձունքների։

– Ո՞րն է քո ոգեշնչման աղբյուրը։

– Ոգեշնչման աղբյուր որպես այդպիսին չկա։ Պարզապես կարող եմ դուրս գալ փողոց և ոգևորվել ցանկացած բանով, ինչը որ կարող է ինձ գեղեցիկ թվալ և նկարել այն։ Ավելի շատ ոգեշնչման աղբյուր են իմ հետևորդները, իմ էջը։ Երբ ամեն անգամ մի գեղեցիկ լուսանկար եմ տեղադրում ու ստանում դրական արձագանքներ, հենց դա էլ ինձ ոգեշնչում է։

– Ո՞վ է առաջին գնահատական տվողը։

– Առաջին գնահատական տվողը իմ լուսակնարիչ ընկերն է, ով միշտ կողքիս է։

– Հավատու՞մ եք Ձեր ընկերների կարծիքներին, երբ նրանք գնահատում են Ձեր լուսանկարները։

– Բնականաբար, տարբերում եմ, թե որ ընկերներս են անկեղծ լինում և ասում՝ այս նկարը լավն է, այս մեկը՝ վատը։ Բայց հիմնականում բոլորի կարծիքներն էլ հաշվի եմ առնում։

– Ի՞նչ դեր ունի ֆոտոշոփը քո կատարած աշխատանքում։

– Ֆոտոշոփով նկարներ մշակելը պրոֆեսիոնալ մոտեցում է, բայց կարծում եմ, որ այն չպետք է չարաշահել։ Որոշ լուսանկարիչների համար ֆոտոշոփը նկարները ավելի գեղեցիկ դարձնելու միջոց է։ Իսկ ինձ համար այն թերությունները շտկելու ու բնության գույները բնականին ավելի մոտ դարձնելու (այնպիսին, ինչպիսի տեսնում է մեր աչքը) եղանակ է։

– Ի՞նչ պատմություն ունի առաջին նկարը։

– Առաջին նկարս ոչ պրոֆեսիոնալ տեսախցիկով արել եմ, երբ դեռ փոքր էի։ Մենք տեղափոխվում էինք մեր բնակարանից, հենց այդ տան պատուհանից իմ հեռախոսով մի նկար արեցի։ Ամբողջ մի ժամ ոգևորվել էի այդ նկարով և բոլորին ցույց էի տալիս, տեսեք՝ ինչ եմ նկարել, բայց հիմա, երբ հիշում եմ այդ նկարը առանձնապես մեծ բան չէր. անձրև էր եկել, և արևը մայր էր մտնում։

– Լուսանկարելիս ինչի՞ մասին ես ամենաշատը մտածում։

– Երբ դեռ էջ չէի բացել, լուսանկարելիս մտածում էի պարզապես գեղեցիկ նկարներ ստանալու մասին, ուղղակի ինքս ինձ բավարարելու համար էի նկարում։ Հիմա, անկեղծ ասած, լուսանկարելիս ամենաշատը մտածում եմ՝ այնպիսի տարբերվող նկար նկարեմ, որ տեղադրեմ էջում և բարձր գնահատական ստանամ։

– Հաճախ ենք քեզ տեսնում տեսախցիկի առջև։ Ո՞րն է քեզ ավելի հարազատ. լինել տեսախցիկի առջև՞, թե՞ հետևում։

– Թվում է, թե շատ եմ նկարվում, բայց այդպես չէ, ինձ միայն ընկերս է նկարում, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, կասեմ, որ հիմնականում իր կողմից պրոֆեսիոնալ ապարատով արված լուսանկարներ ունեմ։ Եվ, բնականաբար, նախընտրում եմ ավելի շատ նկարել, քան նկարվել։

– Ապագա լրագրո՞ղ, թե՞…

– Բնականաբար, ապագա լուսանկարիչ և ոչ թե ֆոտոլրագրող։ Բայց եթե լրագրող, ապա ֆոտոլրագրող, քանի որ ֆոտոխցիկը ինձանից հեռու չեմ պատկերացնում։

– Եթե հնարավորություն ունենայիր ճանապարհորդել, ո՞ր վայրը կընտրեիր և ի՞նչ կլուսանկարեիր։

– Միշտ երազել եմ չանապարհորդել Ռիոյում։ Բայց լուսանկարելու համար կոնկրետ մեկ վայրով չեմ կարող սահմանափակվել։ Իսկ եթե պիտի սահմանափակվեմ, ապա միայն Հայաստանով, հիմնականում Լեռնային Ղարաբաղ կուզենայի այցելել, քանի որ Հայաստանի բնությունը անկրկնելի է։

 

 

Լիանա Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել