Դիետայի ընթացքում ամենակարևորը համբերությունն է և կամքի ուժը

Դիետայի ընթացքում ամենակարևորը համբերությունն է և կամքի ուժը

770

«Երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ դիետա պահել, քանի որ շատ եմ սիրում ուտել։ Բայց եկավ մի շրջան, որ անգամ կոշիկիս քուղերը չէի կարողանում կապել։ Ինձ հավաքեցի և որոշեցի՝ պետք է նիհարել։ Երեք ամսում նիհարեցի 17 կիլոգրամ»,-նշում է Նարե Ալավերդյանը։

Նարեն դիետա պահել է երեք ամիս։ Սկզբում իր համար շատ հեշտ էր, քանի որ արագ էր նիհարում, բայց հետո քաշը գցել չէր հաջողվում։ Չնայած իր  հենաշարժման խնդրի՝  նա հատուկ սննդակարգով է սնվում և  զբաղվում է սպորտով։

«Դիետա պահելիս ամենակարևորը համբերությունն է և կամքի ուժը։ Իրականում դիետայից հետո  նոր կյանք  է սկսվում. ամեն բան փոխվում է կյանքումդ։ Օրինակ ՝ նոր գնած հագուստներս շատ մեծ էին. ստիպված եմ եղել դեն նետել։ Քաշ գցելը շատ առավելություններ ունի. նախկինում մաշկս շատ յուղոտ էր, դուրս էր տալիս, այժմ կարգավորվել է»,-եզրափակեց  Նարեն։

Սննդաբան Լուսինե Սահակյանը նշում է, որ դիետան և սննդակարգը  տարբեր հասկացություններ են. «Դիետա նշանակում է ինչ-որ X սննդի բացառում. օրինակ՝ շատերը նիհարելու ժամանակ բացառում են կարտոֆիլը, մակարոնը, հացը, որոնք բարդ ածխաջրեր են, և շատ կարևոր են բարդ ածխաջրերը նիհարելու ընթացքում: Պետք է սնունդը լինի բալանսավորված և բազմազան. սպիտակ հացը պետք է փոխարինել թթխմորով, մակարոնը ընտրել ամբողջահատիկ ալյուրից պատրաստված։ Դիետա պահելը վնասում է մարդուն, քանի որ բացառելով շատ մթերքներ՝ օրգանիզմը զրկվում է միկրո և մակրո էլեմենտներից, որից էլ վնասվում է մեր առողջությունը»,-հավելում է սննդաբանը։

Լուսինե Սահակյանը խորհուրդ է տալիս  առողջ սննդակարգը դարձնել ապրելակերպ։ Ըստ նրա ՝ չկան նիհարեցնող և գիրացնող մթերքներ, գոյություն ունի քանակ, որը պետք է չգերազանցել։

Գոհար Ղազարյանն առողջ սննդակարգի միջոցով 88 կիլոգրամից նիհարել է գրեթե 35  կիլոգրամով. «Իմ նիհարելու մոտիվացիան դարձավ Հայաստան վերադառնալը, երբ հայրս ասաց, որ  վերադառնում ենք հայրենիք։ Հայրիկիս ասած մեկ նախադասությունը ստիպեց ինձ նորից վերածնվել։ Դիետոլոգ Պիեր Դյուկանի սննդակարգի շնորհիվ մինչ Հայաստան գալը ես նիհարեցի 17 կգ։ Հետագայում արդեն սկսեցի սովորել սննդակարգին և նիհարեցի ևս 18կգ»,-նշում է Գոհարը։

Նրա խոսքով՝ առաջին փոփոխությունը նկատեցին Լարսի տեսուչները. «Լարսի սահմանի անձնագրային անցակետում ստուգում էին անձնագրերը, հարցեր էին տալիս հարազատներիս և բաց թողնում։ Երբ եկավ իմ հերթը, աշխատակիցները նայեցին անձնագրին, ու միանգամից սկսվեց խառնաշփոթ։ Մի քանի աշխատակիցներ եկան և ասացին, որ  նկարում պատկերված աղջիկը  ես չեմ։ Ես իրենց ժամեր  շարունակ բացատրում էի, որ  նկարում ես եմ, պարզապես նիհարել եմ։ Տարբեր ժամանակների լուսանկարներ ցույց տալուց հետո ինձ վերջապես թույլատրեցին սահմանը անցնել»,-եզրափակեց Գոհարը։

Անուշ Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել