Սկզբում՝ երգչուհի, հետո՝ բժշկուհի, այնուհետև՝ ուսուցչուհի և…։ Վաղարշապատի համար 5 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մերի Ուռուսյանի մասնագիտական կողմնորոշումը, իր խոսքով, փոքր-ինչ բարդ ուղի է անցել. անընդհատ մտափոխվում էր. «8-րդ դասարանում որոշել էի, որ հիմնական դպրոցը ավարտելուն պես գործերս տալու եմ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, բայց 9-րդ դասարանում պատմություն առարկայի հանդեպ սերս շատ մեծացավ»։ Դպրոցն ավարտելուց մի քանի ամիս առաջ Մերին որոշեց՝ պետք է իրավաբան դառնա. «Բնավորությամբ ուժեղ մարդ եմ: Եթե մի բան ցանկանում եմ, միշտ հասնում եմ։ Ինձ այդ ոլորտում շատ էի պատկերացնում, տարվել էի այդ մասնագիտությամբ»։
Աշակերտուհին մասնակցել է դատական նիստերի, փորձել իր փաստարկներն առաջ բերել։ Մասնակցել է ամերիկյան ծրագրի, որտեղ դատ է ընթացել: Իր բերած փաստարկներով շահել է այն։ «Ընդունվեցի ավագ դպրոցի պատմաիրավաբանական ենթահոսք։ Ամեն ինչ շատ լավ էր։ Սկսել էի պարապել պատմություն առարկան։ Ինձ մոտ բավականին լավ էր ստացվում, մինչև որ ծնողներս ասացին, որ դա ինձ հարմար մասնագիտություն չէ։ Սկսեցին իրենց երազած մասնագիտություններն առաջարկել։ Որոշեցի լսել նրանց»,-պատմեց Մերին։
Մայրը միշտ երազել է, որ աղջիկը կա՛մ ուսուցիչ դառնա, կա՛մ մասնագիտական կրթություն ստանա տուրիզմի ոլորտում։ Այդ պատճառով Մերին որոշեց ընդունվել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) տուրիզմի բաժին։ Ամռանը հնարավորություն ունեցավ աշխատելու այդ ոլորտում, սակայն իրեն չհետաքրքրեց. հոգնում էր զբոսավարի աշխատանքից։
Այժմ ապագա դիմորդը որոշել է՝ կընդունվի մարքեթինգի/բիզնես մարքեթինգի բաժին. «Ես բնավորությամբ շա՜տ ճարպիկ եմ, ունեմ մե՜ծ շրջապատ։ Եթե հարազատներիս կամ ընկերներիս որևէ բան էր անհրաժեշտ, զանգում էին ինձ, ես 5 րոպե հետո կարողանում էի գտնել։ Բիզնես բացելիս խնդրում էին, որ տեղեկացնեմ բոլորին, PR անեմ, որովհետեւ ծանոթությունս մեծ էր։ Մտածում էի՝ ինչ կարող ենք անել բիզնեսի՝ ավելի մեծ տարածում ստանալու համար։ Հասկացա, որ ՍՄՄ-ի (Սոցիալական մեդիա մարքեթինգ) դասերին մասնակցելով՝ գիտելիքներս ավելի կամրապնդեմ և կկարողանամ ավելի հետաքրքիր գաղափարներ մտածել։ 1-2 անգամ մասնակցեցի և հասկացա, որ դա է հետաքրքրում»։
Ծնողները մեծ դժվարությամբ, սակայն ընդունեցին աղջկա որոշումը։ Այժմ Մերին պարապում է մաթեմատիկա, ստեղծում բիզնես գաղափարներ. «1-ին գաղափարս երևի սեպտեմբերին կիրագործեմ։ Ապագայում գովազդային գործակալություն հիմնելու նպատակ ունեմ»,-ամփոփեց աշակերտուհին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավար Հայկուհի Գևորգյանի խոսքով՝ ներկայում մասնագիտական կողմնորոշման հիմնական նպատակն է անհատին օժտել կարիերայի զարգացման ընդհանուր կարողություններով, որը ներառում է նրա շարունակական զարգացումը որպես ուսանող, աշխատող և քաղաքացի։
Մասնագիտական կողմնորոշումը սկսվում է դեռևս նախադպրոցական տարիքից, երբ երեխայի մոտ արտահայտվում են սեփական եսը, նրա տեսակը, երբ արտաքին գործոնները ազդեցություն չունեն անձի վրա, և անձը իր յուրաքանչյուր տարիքային փուլում հնարավորություն ունի վերանայելու իր որոշումները և ինքնուրույն որոշում կայացնելու։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար տարիքային առանձնահատկություններից ելնելով՝ սահմանվում են տարբեր նպատակներ և խնդիրներ. «Օրինակ՝ եթե տարրական դասարանում երեխայի մոտ կարևոր խնդիր է բացահայտել սեփական եսը, անձնային տեսակը, հասականալ ուժեղ ու թույլ կողմերը, ապա ավագ դպրոցում հիմնական նպատակն է զարգացնել այն հմտությունները, որոնք հնարավորություն կտան դպրոցականներին ինքնորոշվելու մասնագիտական ընտրության, իսկ հետագայում՝ զբաղվածության հարցում։ Իսկ միջին տարիքի անձանց համար՝ մասնագիտությանը համակցված այլ մասնագիտությունների ընտրություն կամ որակավորման բարձրացում. այն հնարավորություն կտա մյուս թեկնածուների կամ գործընկերների համեմատ պահել մրցունակությունը աշխատաշուկայում»,-բացատրեց Գևորգյանը։
Ավանդական մասնագիտական կողմնորոշման տեսությամբ՝ մեկ մասնագիտություն ողջ կյանքի ընթացքում սկզբունքն էր կիրառվում. անձը ընտրում էր 1 մասնագիտություն և պետք է կարիերայի իր ամբողջ ճանապարհը կառուցեր տվյալ մասնագիտությամբ։ Ներկայում, երբ աշխատաշուկան շատ արագ է փոփոխվում, անձը պետք է կարողանա արագ հարմարվել դրան։ Առաջ են գալիս նոր մասնագիտություններ, զբաղմունքներն ինտեգրվում են. հետևաբար անձը, ընտրելով 1 մասնագիտություն, չի կարող աշխատաշուկայում մրցունակ լինել. «Խորհրդային ժամանակներում ընդունված էր հաջողած համարել 1 մասնագիտություն ընտրած և ողջ կյանքի ընթացքում նույն աշխատավայրում կարիերան ստեղծած և զարգացրած մարդկանց։ Այնինչ՝ ներկայում, միջին վիճակագրական տվյալներով, հաջողած մարդիկ իրենց կյանքի ընթացքում առնվազն 7 անգամ աշխատատեղ են փոխում»։
Մասնագիտական կողմնորոշման գծող վերապատրաստված սոցիալական մանկավարժ Աննա Ասկարյանը նշեց, որ ավագ դպրոցում մասնագիտական կողմնորոշման աշխատանքները իրականացվում են 10-րդ դասարանից. «Երբ աշակերտը մուտք է գործում դպրոց, նրա նախասիրությունները և կարողությունները դիտարկելով՝ նրան ուղորդում ենք, թե որ ենթահոսքում կարող է սովորել։ Սկսում ենք աշխատել աշակերտի հետ ինքն իրեն ճանաչելու ուղղությամբ»։
Նրա խոսքով՝ աշակերտների մի մասը ապագա մասնագիտությունը ընտրած է ընդունվում ավագ դպրոց, սակայն 10-րդ դասարանի վերջում հասկանում, որ իրենց ուզածը չէ։ «Նրանց հետ տարվող աշխատանքներում երեխաներին ենք ներկայացնում մասնագիտությունների բնութագրիչները, տալիս ենք դրանց ընդհանուր նկարագիրը, գործառույթները, աշխատանքային միջավայրը, մասնագիտության դրական և բացասական կողմերը, առաջընթացի հնարավորությունները։ 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացվում են հայեցողական ժամեր։ Ըստ ենթահոսքերի՝ աշակերտներն ունենում են ուսումնաճանաչողական այցեր, հանդիպում ոլորտի նեղ մասնագետների հետ, ունենում ինֆորմացիոն հարցազրույցներ»։
Ըստ Ասկարյանի՝ աշակերտների կարողությունները բացահայտելու համար կիրառվում են տարբեր մեթոդներ։ Մասնագիտական ճիշտ կողմնորոշումը իրականացվում է հետևյալ բանաձևով. ուզում եմ, կարող եմ, պետք է։ Այսպես սոցմանկավարժները բացահայտում են ապագա դիմորդների նախասիրությունները և կարողությունները, դիտարկում աշխատաշուկայի պահանջարկը։ Այս երեք կետերի միավորորման արդյունքը ստացվում է մասնագիտական ճիշտ կողմնորոշումը։
Ընդհանուր առմամբ աշակերտների հետ տարվող աշխատանքային ծրագիրն ունի հետևյալ տեսքը․
- Ինչո՞ւ ընտրել մասնագիտություն
- Ճիշտ նպատակադրում
- Մասնագիտությունների աշխարհ
- Ֆիլմերի դիտում և ինֆորմացիոն հարցազրույցներ
- Ուսումնաճանաչողական այցեր
- Նախընտրելի մասնագիտության նկարագրում
- ՀՀ կրթական համակարգի ներկայացում
- Անձի ինքնացահայտում և ճանաչում
- Ժամանակի ճիշտտ կառարավում
- Մասնագետների առաջարկ և պահանջարկ
- Որոշումների կայացում
- Կարիերայի պլանավորում
- Որոշումների ճիշտ կայացում
Իսկ ինչո՞վ են առաջնորդվում աշակերտները մասնագիտական կողմնորոշման ժամանակ։
11-րդ դասարանի աշակերտուհի Շենի Սլոյանը մասնագիտական ընտրությունն արել է 7-րդ դասարանում։ Նպատակադրվել է ընդունվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, դառնալ լավ, արդար և հզոր իրավաբան. «Բախվելով բազմիցս ինձ հանդիպող անարդարություններին՝ անձնական նկատառումներով որոշեցի ընտրել այս մասնագիտությունը։ Ունեմ սկզբունքներ,որոնց երբեք չեմ դավաճանում»։
Ապագա ծրագրավորող Մարիա Մարտիրոսյանն իր մասնագիտական ընտրությունը կատարել է՝ ըստ իր կարողությունների և նախասիրությունների. «Փոքրուց ինֆորմատիկա և մաթեմատիկա առարկաներին լավ եմ տիրապետել։ 5-6-րդ դասարաններից հստակ որոշել էի՝ ինչ մասնագետ եմ դառնալու։ Ընտրել եմ այն մասնագիտությունը, որը սիրով և շատ լավ կկատարեմ»։
«Սա շատ անհրաժեշտ աշխատանք է 21-րդ դարում»,- Սարգիս Թումանյանը հստակ չի կողմնորոշվել, սակայն մտածում է գրաֆիկական դիզայներ դառնալու մասին։12 տարեկանից զբաղվում է, սովորում, փորձում ինչ կարող է։ «Մասնագիտությունը բազմաթիվ դրական կողմեր ունի. աշխատանքը թեթև է, լավ է վարձատրվում, և որ ամենակարևորն է, ինձ դուր է գալիս։ Ես սիրում եմ պատվերով ստեղծել տարբեր նմուշներ, ինչպես նաև իմ աշխատանքը հեշտացնող ծրագրեր»,- պատմեց 11-րդ դասարանի աշակերտը։
Ամփոփելով նշենք, որ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի ղեկավարի՝ մասնագիտական կողմնորոշման համակարգային ներդրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Սեպտեմբերից բոլոր դպրոցներում համընդհանուր կներդրվեն մասնագիտական կողմնորոշման ակումբներ։
Հասմիկ Անդրեասյան
3-րդ կուրս