Ովքե՞ր են աղանդավորները, ի՞նչ աղանդներ կան Հայաստանում, որո՞նք են ամենատարածվածները և ինչպե՞ս կարող են ազդել քրիստոնյաների վրա: Այս հարցերի վերաբերյալ զրուցել ենք Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայր Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:
-Ո՞վ է իրական քրիստոնյան:
-Իսկական քրիստոնյան պետք է ամենակարևորը ունենա սեր ամեն ինչի նկատմամբ` իր շուրջը գտնվող մարդկանց նկատմամբ, բնականաբար, առաջին հերթին Աստծո, հայրենիքի, աշխարհի, շրջապատող իրականության, առանց սիրո ոչինչ հնարավոր չէ:
–Այժմ գոյություն ունեն տարբեր աղանդավորական կազմակերպություններ, որոնց անդամակցում են բազմաթիվ մարդիկ: Կա մի կարծրատիպ, որ նրանք դժգոհ են Առաքելական եկեղեցուց ու այդ պատճառով էլ ընտրում են այլ ուղի:
-Միշտ չէ, որ այս տեսակետը կամ այս ձևակերպումը օբյեկտիվ է և արդարացված: Շատ հաճախ մարդիկ հարում են այս կամ այն աղանդի և դժգոհում են, թե գնացինք եկեղեցի, մենք դժգոհ մնացինք հոգևորականից կամ եկեղեցիական որևէ արարողակարգից և այդ պատճառով դիմեցինք ուրիշ կրոնական կազմակերպության: Այս ձևակերպումը ինքնարդարացման անհաջող տարբերակ է: Եկեղեցու պահանջներն ավելի խիստ են թվում, և այդ մարդկանց համար դա կարծես թե ընդունելի չէ: Նրանք գնում, հարում են կրոնական այլ կազմակերպության, որտեղ փրկություն գտնելը ավելի հեշտ է:
–Ո՞րն է աղանդի և ուղղադավան եկեղեցու տարբերությունը:
-Ուղղադավան եկեղեցին ոչ մի նմանություն չունի աղանդին: Հետևաբար՝ խոսել տարբերությունների մասին, իմ կարծիքով, անիմաստ է:
–Ինչո՞վ են վտանգավոր աղանդները:
-Աղանդների վտանգավոր լինելը փաստում են այն հանգամանքով, որ աղանդներում մարդկանց դարձնում են հոգևոր կողմից զուրկ, և մարդիկ ի վիճակի չեն ինքնուրույն լուծումներ գտնելու, մարդկանց հստակ ուղղորդում են այնպես, ինչպես հարմար է աղանդների պարագլուխներին:
–Այսօր աղանդավորները իրենց հավաքավայրը կոչում են եկեղեցի։ Ինչու՞ եկեղեցին դրան դեմ դուրս չի գալիս:
-Աղանդավորներն իրենց հավաքավայրը կարող են կոչել եկեղեցի, պաշտամունքի վայր, պահ և այլն: Խղճի արարություն է մեր երկրում, և մարդիկ ազատ են կոչելու այնպես, ինչպես ուզում են: Այստեղ եկեղեցին չի կարող դրան դեմ գնալ, կամ որևէ կերպ արգելել, քանի որ օրենքով ամրագրված չէ, որ այդպես պետք է կոչվի միայն հայ Առաքելական եկեղեցին:
–Եվ վերջին հարցը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում Առաքելական եկեղեցին աղանդների դեմ:
-Եկեղեցին աղանդների դեմ պայքարելու հստակ և մեկ ճանապարհ ունի՝ հնարավորինս շատ մատչելի և շատ ավելի լայն զանգվածներին հասանելի քարոզել ճշմարտությունը, այսինքն՝ մենք չենք պայքարում դեմ, մենք պայքարում ենք հանուն, հանուն նրա, որ մարդկանց հասնի ավետարանական բարի լուրը, որպեսզի մարդիկ ճանաչեն ճշմարիտ ճանապարհը:
Սիրուշ Վարդանյան
3-րդ կուրս