Թղթե բիզնես

Թղթե բիզնես

611

Թուղթը լցնում ենք հարիչի մեջ, ավելացնում ջուր և միացնում հարիչը. թղթի վերամշակման առաջին փուլն ավարտված է։ Միայն թե զգույշ, թե չէ հարիչը կփչանա։ Մի քիչ էլ իմպրովիզացիա և վերջ։ Թվում է՝ պարզ գործողություններ, բայց միայն պատկերացմամբ, իրականությունն այլ է, շատ աշխատանք է պետք և, իհարկե, սեր։ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Արծվիկն ընկերուհու՝ Մարիայի հետ մտածել են բիզնես գաղափար։ Բիզնեսն ունի «Ռիսայքլ դիս» անվանումը։ Գաղափարն արդեն իրագործվում է, կան դրական արձագանքներ, մնում է հարիչը վերականգնել. դեռ շատ ծրագրեր կան։

Արծվիկի հետ զրուցել ենք սեփական բիզնես գաղափարի, ծրագրի ընթացքի, հետագա զարգացումների և ապագա անելիքների մասին։

-Արծվի՛կ,  մասնակցել եք «Էկոհաբ» ծրագրին. ի՞նչ ծրագիր էր դա և ի՞նչ տվեց  ձեզ։

-«Էկոհաբ»-ում դասընթացներ են լինում ոչ ֆորմալ ձևով, տարբեր թեմաներով։ Այստեղ էլ ես ու Մարիան ծանոթացանք։ Դասընթացի ընթացքում պետք է ծրագրային գաղափար ներկայացնեինք։ Երբ խոսում էինք Մարիայի հետ, ինքը առաջարկեց, որ կարելի է թղթի վերամշակման ծրագիր կազմել։ «Էկոհաբ»-ը օգնեց մեզ անել այդ ծրագիրը։ Դասընթացներից հետո գրեցինք ծրագրային հայտ ու ստացանք դրամաշնորհ։ Քանի որ ծրագիրը պետք է ունենար համայնքային զարգացման նպատակ, այնպես էինք կազմակերպել, որ այն պետք է դասընթացների միջոցով իրականացնեինք։ Թեման՝ էկոլոգիան ու խտրականություն։ Դասընթացներ արեցինք Վարդենիկում, հետո՝ Մալիշկայում։

-Ի՞նչպես համայնքային զարգացման ծրագիրը դարձավ բիզնես ։

-Առաջին ֆինանսավորումը «Էկոհաբ»-ից նրա համար էր, որ մենք դասընթացներ անենք մեր համայնքում, գործնական ու տեսական գիտելիքներ տանք երեխաներին։ Նպատակը դա է եղել։ Բիզնես նպատակ չենք ունեցել, բայց հիմա կհամարենք բիզնես, որովհետև դասընթացներից հետո մեզ այն այնքան էր դուր եկել, որ շարունակեցինք թուղթ վերամշակել ու ստացանք պատվերներ։

-Ի՞նչպես եք սովորել վերամշակել թուղթ։

-Ես չգիտեի՝ ինչպես են այն անում, միայն գիտեի, որ պետք է թուղթը հարիչով անցկացնեմ։ Առաջին անգամ լցրել էի շատ քանակությամբ թուղթ ու քիչ քանակությամբ ջուր, ու իմ հարիչը վառվեց։ Որոշ ժամանակ Մարիան էր անում, հետո գտա փոքր հին հարիչ ու շարունակեցինք մեր գործը։

-Թղթի հիմնական պաշարը ո՞րտեղից եք ստանում։

-Իմ ու Մաշայի մոտ այնքան թուղթ կա, որ թղթի բազան դեռ չի վերջացել։ Եթե թղթի պակաս է լինում, գրում ենք ամեն անգամ ու շատ շատերն են պատրաստ իրենց թղթերը տալ մեզ։ Մարդկանց մոտ ինչն է շատ, ավելորդ թուղթը։ Հետաքրքիրն այն է, որ կարող ես շատ քիչ քանակից շատ մեծ թղթեր ստանալ։ Ուղղակի դժվար է աշխատանքը, շատ ժամանակատար է ու ինչ-որ հատուկ տարածք է պետք այն անելու համար։

-Կա՞ տարածք, թե՞ ամեն մեկդ առանձին եք աշխատում։

-Մենք աշխատանքի բաժանում ենք անում։ Ճիշտ է, Մաշան է սովորեցրել թղթի վերամշակում անել, բայց ինձ մոտ ավելի լավ է ստացվում։ Ես պատրաստում եմ թղթերը, իսկ ինքը տալիս է վիզուալիզացիան։ Պատրաստում ենք սքետչ բուքեր, էջանիշներ, նամականիշներ ու դնում ենք վաճառքի։ Հենց սովորական թղթեր ենք վաճառում, որովհետև շատ մարդկանց դուր է գալիս նախ թղթերի էսթետիկան, հետո էլ էկո են ու շատ սիրուն են։

-Հետաքրքիր է՝ ի՞նչից եք ստանում գույները։

-Տարբեր։ Կան գույներ, որոնք ստանում ենք թեյի խոտից։ Թեյի խոտը եռացնում, լցնում ենք, գույն ենք ավելացնում, հետաքրքիր կապտավուն երանգ է ստացվում։ Բայց հիմնականում ակրիլ ներկ ենք օգտագործում կամ գուաշներ։ Հիմա մտածում ենք նման ներկեր շատ չօգտագործել, որ ամեն ինչ էկոլոգիապես մաքուր լինի։ Օրինակ՝ նախկինում սքետչ բուքերի համար օգտագործում էինք հատուկ օղեր, իսկ հիմա կարում ենք, որ էկո լինի։

-Ասացիք՝ ինչ եք պատրաստում. տեսականին չե՞ք ցանկանում ավելացնել,  ո՞ր իրն է ավելի պահանջված։

-Վերջերս 20 սքեթչ բուքի պատվեր ենք ստացել, էջանիշների պատվերներ ևս։ Մարդիկ ավելի շատ սքեթչ բուքեր են ցանկանում, հետաքրքրում է հենց թուղթը, էջանիշները։ Մտածում ենք տեսականին մեծացնելու համար թղթերի վրա տպել ու շրջանակների մեջ դնել, կամ իրենց մեջ ծաղիկներ, ծաղիկների թերթիկներ  դնել։ Մտքեր շատ կան, ուղղակի ժամանակ չի լինում, երկուսս էլ սովորում ենք ու աշխատում, իսկ սա դարձել է հոբբի, սիրով ենք անում։

-Ի՞նչ փուլում եք այժմ ու ի՞նչի եք ձգտում։

-Ձգտում ենք մեր հարիչը գնել, դեռ չենք գնել։ Ուզում ենք մեր էջն ակտիվացնել, որ գնորդներն էլ շատանան ու տեսականին էլ շատացնենք։ Ուզում ենք մի քանի մարդկանց հետ համագործակցել։ Այդպիսի մի առաջարկ ենք ստացել, համարյա առաջարկ Շրջակա միջավայրի նախարարությունից։ Առաջարկել են մեզ աջակցություն տրամադրել, բայց չգիտենք՝ ինչ աջակցության մասին է խոսքը։ Սպասում ենք նամակին։

Քնարիկ Վարդանյան

3-րդ կուրս

Կիսվել