Հայրենիքի անմահ զավակը

Հայրենիքի անմահ զավակը

1128

Ահարոն Վարդանի Արսենյան։ Ծնվել է 1994 թ․ դեկտեմբերի 22-ին  Ջերմուկ քաղաքում։ Դեռ մանկուց աչքի է ընկել իր խելացիությամբ և ճարպկությամբ։ 2012 թ. ավարտել է Ջերմուկի Մ․ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցը և ընդունվել՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ): 2013-2015 թթ. ծառայել է հայոց բանակում, այնուհետև վերադարձել ու շարունակել է ուսումը և 2018 թ. բուհն ավարտել գերազանցության դիպլոմով: Ահարոնը Ֆինասական ֆակուլտետի պայ­ծառ ուսանողներից մեկն էր, որին՝  որպես ուսումնատենչ, բացառիկ խելացի և օրի­նակելի ուսանողի, առանձնահատուկ սիրով ու հարգանքով էին վերաբերվում դասախոսները և ընկերները:

Ջերմուկցի Ահարոնը ոչ միայն ՀՊՏՀ առաջավոր ուսանողներից էր, այլև ակտիվ բնապահպան, հստակ ու կայուն քաղաքացիական դիրքորոշմամբ աչքի ընկնող երիտասարդ: Նրանք, ովքեր քիչ թե շատ հետաքրքրվել են Ամուլսարի փրկությանն ուղղված ջերմուկցիների պայքարով, անպայման գիտեն Ահարոնին, քանի որ նա այդ պայքարի առաջամարտիկներից էր, որին նվիրվել էր ողջ էությամբ: Համոզված էր, որ իրենց գործն արդար է, և հավատում էր դրա հաջողությանը:   

Ահարոնի անձնուրաց սերը հայրենիքի նկատմամբ առավել ցայտուն դրսևորվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ․ նա կամավոր մեկնել է Արցախ, եղել ամենաթեժ կետերից մեկում։ Սակայն հայրենիքին նրա նվիրվածությունն այդքանով չի ավարտվել։ Նա հայրենիքի հանդեպ պարտքի մեծ զգացումով մասնակցել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին, մարտնչել անձնվիրաբար: Հարազատների խոսքով՝ Ահարոնի հետ կապը ընդհատվել է հոկտեմբերի 17-ին, և շուրջ երեքուկես ամիս նրա մասին ոչ մի տեղեկություն չեն ունեցել։ Ակա­նատեսների վկայությամբ, կռվի թեժ պահին տեղեկանալով, որ զինակից ընկերներից մեկը վիրավոր գտնվում է ձորակում, անտեսելով այդ պահին չընդհատվող հրթի­ռակոծությունը, գնացել է ընկերոջն օգնության, բայց, ավա՜ղ,  ընկել է քաջի մահով: Դադարել է բաբախել հայրենիքի նվիրյալի անհուն սիրտը, որը լի էր հայրենասիրությամբ, բարությամբ ու երազանք­ներով: Հայրենիքի անմահ զավակին հայրենի տուն բերեցին քաջաբար զոհվելուց երեքուկես ամիս անց։

Ահարոնին ճանաչողները, անգամ անձամբ չճանաչողները, ովքեր թեկուզ միայն լսել են նրա մասին, խոր ակնածանքով են արտահայտում իրենց հարգանքի տուրքն ու երախտագիտությունը նրա հիշատակի հանդեպ:

Ի հիշատակ անմահ հերոս Ահարոն Արսենյանի՝ 2021 թ․ հոկտեմբերին Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցում բացվել է նրա անվամբ ռազմագիտության դասարան։

Մարիամ Զաքարյան

3-րդ կուրս

Կիսվել